Ռուսներն ուզում են փակել Հարավային Կովկասի և Միջին Ասիայի սահմանը

Ռուսաստանի ազգային ժողովրդավարական կուսակցությունը, որ հայտնի է իր ազգայնական գաղափարախոսությամբ, սկսել է առցանց ստորագրահավաք կազմակերպել հօգուտ Ռուսաստանի և Հարավային Կովկասի, Միջին Ասիայի երկրների հետ անցագրային ռեժիմ հաստատելու համար։

Ստորագրահավաքի հեղինակները հղում են անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ 100 հազար ստորագրությունը կարող է Պետդումայի համար որպես օրենսդրական նախաձեռնություն ընդունվել։ Եթե այդ 100 հազար ստորագրությունը հավաքվի, ապա դրանից հետո այս կուսակցությունը և նրա կողմնակիցները համապատասխան օրենսդրական նախաձեռնություն կներկայացնեն Պետդումա։

Հանրությանն ուղղված կոչում ասվում է, որ զանգվածային և անվերահսկելի ներգաղթը վտանգում է եվրոպական քաղաքակրթական արժեքները, այդ թվում, նաև Ռուսաստանում։ Ներգաղթյալների հսկայական համայնքն արդեն վաղուց վերածվել է մակաբույծ օրգանիզմի, որը հյուծում է մեր առանց այն էլ հիվանդ հասարակական օրգանիզմը։ Ներգաղթյալները էժան և դեմպինգային մրցակցության միջոցով գրավում են աշխատանքի և սպասարկման շուկաները, տեխնոլոգիական հետամնացությունը, հսկայական դրամական միջոցների արտահանումը արտասահման, կրոնական ծայրահեղականությունը, կազմակերպված էթնոհանցավորությունը, կենցաղային բռնությունը և սոցիալական լարվածությունը միայն մի մասն են այն խնդիրների, որն առաջացնում է Ռուսաստանի և նախկին խորհրդային հարավի միջև փաստացի սահմանի բացակայությունը։

Ըստ հայտարարության հեղինակների՝ փոխանակ զբաղվելու ներգաղթը կարգավորելով, Ռուսաստանի իշխանություններն օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որի նպատակն է՝ հեշտացված կարգով քաղաքացիություն տալ նախկին Խորհրդային Միության քաղաքացիներին։ ԱԺԿ հայտարարության մեջ ասվում է, որ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են ռուս բնակչությանը փոխարինել էժան աշխատուժ հանդիսացող ներգաղթյալներով, ովքեր հնազանդ կքվեարկեն Պուտինի և «Միասնական Ռուսաստանի» օգտին։

Կարդացեք նաև

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը մշտական հակամարտության մեջ է իր բոլոր հարևանների հետ. ռուսները չինացիներին մեղադրում են Սիբիրի նկատմամբ հավակնություններ ունենալու մեջ, Ճապոնիայի հետ 1945թ. խաղաղության պայմանագիր կնքված չէ, քանի որ Ճապոնիան Ռուսաստանին մեղադրում է հարավային Կուրիլներն օկուպացնելու մեջ, Ուկրաինայի հետ շարունակվում է գազային պատերազմը, և բանը հասել է այնտեղ, որ Ուկրաինան գերադասում է գազ գնել ոչ թե Ռուսաստանից, այլ Գերմանիայից, ռուսները բանակ են պահում Մերձդնեստրում՝ դրանով հակամարտության մեջ գտնվելով Մոլդովայի հետ, Վրաստանի հետ նրանք պատերազմեցին 2008թ., որը Ռուսաստանի Դաշնության առաջին պատերազմն էր Խորհրդային Միության փլուզումից հետո, Արևմուտքում Ռուսաստանը հակամարտության մեջ է Մերձբալթյան հանրապետությունների հետ, իսկ գլոբալ առումով՝ Ռուսաստանը թշնամական հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը քիչ թե շատ տանելի հարաբերություններ ուներ Միջին Ասիայի որոշ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Բայց ռուս ազգայնականները որոշել են թշնամացնել Ռուսաստանը նաև այս երկրների հետ։

Ինչ վերաբերում է ներգաղթին. ապա դրա պատճառը բացառապես այն է, որ ռուսների մեծ մասը ոչ մի կերպ չի կարող հարմարվել այն մտքի հետ, որ իրենք պետք է ավլեն կամ ձյուն մաքրեն։ Մի քանի օր տաջիկ հավաքարարները գործադուլ հայտարարեցին, և Ռուսաստանի մայրաքաղաքը թաղվեց աղբի մեջ։ Ռուսները չեն սիրում նաև շինարարությամբ զբաղվել, քանի որ դա ծանր և բարդ զբաղմունք է, և դրանով պետք է զբաղվեն հայերը կամ ուզբեկները, առևտրով՝ ադրբեջանցիները։ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի միգրանտներն են ստեղծում Ռուսաստանի ՀՆԱ-ի մի զգալի մասը և, փոխանակ շնորհակալության արժանանալու, նրանք դառնում են հետապնդման առարկա, հռչակվում են հանրային օրգանիզմը հյուծող մակաբույծներ։ Նման ընդդիմության ֆոնի վրա՝ Ռուսաստանի ներկայիս իշխանություններն ուղղակի հրեշտակներ են երևում։ Հնարավոր է, որ նրանց նպատակն էլ հենց դա է. ունենալ այնպիսի ընդդիմություն, որի ֆոնին իրենք մարդասիրության և տոլերանտության խորհրդանիշ կարող են դիտվել։

Տեսանյութեր

Լրահոս