Ո՞րն է Սեյրան Օհանյանի կյանքի ամենամեծ հաղթանակը և պարտությունը
Փետրվարի 1-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որի գիտաարտադրական կենտրոնում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը նախարարի հետ:
Հանդիպման սկզբում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց Սեյրան Օհանյանի որոշ կենսագրական տվյալներ՝ նշելով, որ պրոֆեսիոնալ զինվորականի, մեծ հայրենասերի և մտավորականի խոսքը, մտորումները և նրա տեսլականն ապագայի նկատմամբ չափազանց կարևոր է երիտասարդների համար՝ մեր իրականության մեջ հեղինակությունների ձևավորման առումով:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է՝ հանդիպել մարդկանց հետ, ովքեր մեր Հայաստանի, մեր ժողովրդի ապագան են և մեր գիտակրթական համակարգի ձևավորողները: Ըստ նախարարի՝ անկասկած, նման մարդիկ աշխատելու են մեր պաշտպանական համակարգի ընդհանուր կատարելագործման ուղղությամբ: «Խելացի պաշտպանության անցնելու գաղափարի ձևավորման մեջ, անկասկած, ես համոզված եմ, որ դուք բոլորդ ձեր մասնակցությունն ունենալու եք»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ դիմելով ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամներին և ՀՊՃՀ միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողներին:
Նախարարը պատասխանեց նաև երիտասարդների որոշ հարցերին: Մասնավորապես, պատասխանելով ՀՀ նախագահի կրթական պարգևի Հաղթողների ակումբի նախագահ Անի Հարությունյանի հարցին, թե ո՞րն է նախարարի կյանքի ամենամեծ հաղթանակը և պարտությունը, Ս. Օհանյանն ասաց. «Իմ կյանքի հաղթանակը երկու մասի կբաժանեմ. այն մասնագիտությունը, որը ես ընտրել եմ, ինչը բավական օգնել է ինձ, որպեսզի ես կարողանամ իմ կարողություններն ամբողջությամբ ներդնել և հասնել նրան, որ և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղն անկախ լինեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մեզնից յուրաքանչյուրի համար անկախությունը, ազատությունը ամենամեծ հաղթանակն է, որին կարողացել ենք հասնել մեր պայքարով ու նաև՝ մարտական գործողություններով: Ինչ վերաբերում է ձախողմանը, ապա Ս. Օհանյանն ասաց. «Այսօր մեր աշխատանքի մեջ յուրաքանչյուրս ունենք թերություններ, բացթողումներ, ինչպես ասում են՝ չի սխալվում այն մարդը, որն ընդհանուր առմամբ չի աշխատում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այսօրվա անհաջողությունների մեջ նա առանձնացնում է ընդամենը մեկ երևույթ, այն է՝ երբ զինված ուժերում կորուստներ ենք ունենում:
Տեղեկացնենք, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության առաջարկությամբ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմամբ՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին ստեղծվել և գործում է Նախագահի կրթական պարգևի Հաղթողների ակումբը: Հաղթողների ակումբի առաքելությունն է՝ Հայաստանի ապագա գիտակրթական և տեխնոլոգիական վերնախավի ստեղծմանն ու Հայաստանի ՏՏ ոլորտի զարզացման համար արդյունավետ հարթակի ապահովմանն աջակցումը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հաղթողների ակումբի նախագահ Անի Հարությունյանը, ակումբն ունի 150-ից ավելի անդամ, սակայն ակտիվ է մոտ 60-ը: «Ակումբի շատ անդամներ ներկայումս շարունակում են իրենց ուսումն արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում և նրանց հետ կապը հիմնականում ինտերնետի միջոցով մենք պահում են, նրանք ևս գտնվելով նույնիսկ արտերկրում՝ փորձում են աջակցել շատ այլ երիտասարդների, ովքեր ցանկանում են ուսում ստանալ նման հեղինակավոր բուհերում»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ Հաղթողների ակումբի գործունեության շրջանակներում կազմակերպվում են պարբերական հանդիպումներ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի մյուս բնագավառների ականավոր գործիչների հետ, ովքեր երիտասարդներին ոգեշնչում են իրենց խոսքով և գործունեությամբ:
Հանդիպման վերջում ՀՀ Պաշտպանության նախարարը պարգևատրեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին «Գարեգին Նժդեհ» մեդալով: Նախարարը «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանին, իսկ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանին: Սեյրան Օհանյանին նվիրեցին Հաղթողների ակումբի պատվավոր անդամի կրծքանշան:
Տեղեկացնենք, որ հանդիպմանը ներկա էին ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, «Վիվա Սել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի Փորձագիտական-վերլուծական վարչության պետ Արկադի Խաչատրյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը, այլք: