Երևանը կարող է ճանաչել Սուխումի ու Ցխինվալի անկախությունը, իսկ Թբիլիսին՝ Ստեփանակերտի անկախությունը. փորձագետ

Iarex.ru-ի մեկնաբան, ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ պաշտոնական Երևանը կարող է ճանաչել Սուխումի ու Ցխինվալի անկախությունը, իսկ պաշտոնական Թբիլիսին՝ Ստեփանակերտի անկախությունը.

«Հայաստան այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազա, ուր և ծանոթացել է դրա մարտական պատրաստվածության կազմակերպման, նյութատեխնիկական բազայի վիճակի հետ:

Միևնույն ժամանակ Հայաստանում էր գտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարին կհստակեցվի Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության գործնական ծրագիրը՝ նախատեսված նվազագույնը 5 տարվա համար:

Ինչպես գրում է ադրբեջանցի քաղաքագետ Արասթուն Օրուջլուն, Հարավային Կովկասի տարածաշրջանում նկատվում է Ռուսաստանի ազդեցության աճ: Ընդ որում, խոսքը չի գնում միայն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին: Օրուջլուի խոսքերով՝ Վրաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ են փոխում իրենց արտաքին քաղաքականությունը:

Այդ կածիքին է նաև ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը՝ հայտարարելով, որ Վրաստանի քաղաքական արենայում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ու նրա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ի հայտ գալն ուժեղացրել են երկրում Ռուսաստանի ազդեցությունը:

Stratfor-ի փորձագետները գտնում են, որ Թբիլիսիի արտաքին քաղաքականության կողմնացույցն այլևս ցույց չի տալիս դեպի ՆԱՏՕ և Արևմուտք, և որ 2013 թվականին Վրաստանը ռիսկի է դիմում հայտնվել իր համար անհարմարավետ վիճակում, քանի որ քաղաքական նոր իրողությունը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանի այլ խաղացողների, օրինակ Ադրբեջանի հետ, որոնք մտահոգված են ռուսական ազդեցության աճից:

Ուշագրավ է, որ Stratfor-ը դադարել է հաշվի առնել Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունները, թե երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը կողմնորշված է դեպի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ինտեգրում: Կարծես թե, նույնպես պատահական չէ, որ Stratfor-ն անտեսել է Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ մի շարք խոշոր նախագծերին, ինչպես նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին Թբիլիսիի հայտարարությունը:

Այս ամենին պետք է գումարել Բիձինա Իվանիշվիլիի ու Դմիտրի Մեդվեդևի «դավոսյան ձեռքսեղմումը», Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի մոսկովյան այցն ու Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելը և մասնավորապես Իլյա 2-րդի կողմից Պուտինին Իվանիշվիլիի ողջույնների փոխանցումը:

Իվանիշվիլին Դավոսում հայտարարել է, որ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարական պլան: Ինչո՞մ է կայանում այն: Վրաստանը նախկինի նման իր տարածքներ է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան: Այժմ ինտրիգը կայանում է նրանում, թե արդյոք Վրաստանը կճանաչի՞ Կովկասի ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները:

Բիձինա Իվանիշվիլին տվյալ թեմայի շուրջ բավական մեղմ դիրքորոշում է ցուցաբերել Երևանում՝ հասկացնել տալով, որ չի անտեսում ազգերի ինքնորոշման սկզբունքը, հասկանում է, որ խնդրի լուծման միակ ուղին Սուխումի ու Ցխինվալի հետ նորմալ հարաբերությունների ստեղծումն է և ոչ թե ուժի միջոցով դրանք հետ վերադարձնելը:

2008 թվականի կովկասյան պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Ադրբեջանը գնալով սկսել է ավելի ակտիվ դրեյֆել դեպի Թուրքիա՝ մշակելով երկու երկրների ինտեգրման դասական մոդել, սակայն Մեծ Մերձավոր Արևելքի համակարգում: Այդ գործընթացում ներառվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստանը, ինչն ուզում են փոխել իշխանության եկած Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժերը:

Հենց նրանք են սկսել առաջ քաշել մի շարք մեխանիզմներ՝ Վրաստանին այդ գոտուց դուրս քաշելու համար: Դրա համար էլ չի կարելի բացառել, որ Երևանն ու Թբիլիսին կարող են առաջարկել իրենց ինտեգրման նախագիծը. համադաշնության կազմավորում՝ Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասնակցությամբ: Դա մի կողմից կուղեկցվի Հայաստանի կողմից Ցխինվալի ու Սուխումի անկախության ճանաչմամբ, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի կողմից Ստեփանակերտի անկախության ճանաչմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս