Սուրեն Խաչատրյանի պլանները Գորիսի վերաբերյալ
Վաղը Կառավարության նիստում քննարկվելու է «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը» հաստատելու մասին որոշումը: Այս մասին 168.am-ը մի քանի հարց ուղղեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:
– Որպես գորիսեցի` այդ ծրագիրն ի՞նչ կտա Գորիսին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
– Այսուհետ Գորիս քաղաքը պետք է տուրիզմով զարգանա, որովհետև ոչ միայն Գորիս քաղաքն է, այլ այդ ծրագրի մեջ մտնում են Խնձորեսկ և Տեղ գյուղերը: Էս տարածաշրջանի ավելի արագ զարգացումը զբոսաշրջությունն է:
– Մասնավորապես, ի՞նչ միջոցառումներ են արվելու: Նախապես ունե՞ք պատկերացումներ:
– Ոչ թե ունենք, այլ ես եմ ներկայացրել այդ ծրագիրը: Դա մի մեծ փաթեթ է: Եթե հիմա մի մասն ասեմ, մյուս մասը չասեմ, անհասկանալի կդառնա քեզ համար: Այ, որ դու մի օր գաս էստեղ, քաղաքապետին և երկու գյուղապետերին ասեմ՝ ցույց տան, քո աչքով տեսնես, թե ինչի մասին է խոսքը, ապա կտեսնես, որ դա շատ ճիշտ և որոշիչ ծրագիր է այս տարածաշրջանի զարգացման համար:
– Օրինակ, կնշե՞ք` զբոսաշրջիկին ինչո՞վ պետք է գրավի այդ ծրագիրը:
– Նախ` պետք է ապահովենք սերվիսը, երկրորդը` Տաթևն արդեն ունենք: Տաթևից Գորիս շատ կարճ, րոպեների ճանապարհ է: Այդ խնդիրը մոտավորապես 70%-ով համարենք լուծված, որ Տաթևը կա: Իսկ Տաթևից հետո պետք է պատկերացնես, որ, եթե տարեկան պետք է գան մինչև 200.000 զբոսաշրջիկ, իսկ Երևանից մինչև Տաթև 150կմ ճանապարհ է, և, որ այդ զբոսաշրջիկն այդ նույն օրը հետ չգնա, պետք է լինի համապատասխան սերվիսը, իսկ հյուրանոցում ինքը նաև կծանոթանա բուկլետների միջոցով էն մնացած տարածքներին, և ինքը հաջորդ օրը կայցելի իր տարածքները:
– Ի դեպ, Գորիսի Սվարանց գյուղում երկաթի հանքի հետազոտությունները շարունակվո՞ւմ են: Ի՞նչ փուլում են գտնվում այդ աշխատանքները:
– Ոչ մի բան չկա, ոչ մի հետազոտություն չկա, եթե դաժե արվում է, վանքի հետ ոչ մի կապ չունի, վանքից շատ հեռու է:
– Այսինքն` դադարեցվե՞լ են աշխատանքները:
– Չի էլ սկսվել, որ դադարեցվի:
– Այսինքն, Դուք` որպես մարզի ղեկավար, չե՞ք թույլատրելու, որ հանք բացեն այդ գյուղում:
– Ես ասում եմ, որ դա շատ հեռու է: Նախ` դա ձեռնտու չէ այդ հանքը շահագործողների համար, երկրորդն էլ` դա շատ հեռու է, և ես կարծում եմ, որ հանքի աշխատանքները կարվեն Սիսիանի կողմից: Դրա համար Տաթևի մասով կա մի կազմակերպություն, եթե տեղյակ եք, «Տաթևի թևեր» կազմակերպությունը զբաղվում է այդ հարցով, մենք էլ համագործակցում ենք: