Բաժիններ՝

Վարկեր՝ ֆեյսբուքի միջոցով. հայերը ցանկանում են գրավել ինտերնետային վարկավորման շուկան

«Գումարը ստանալու համար ձեզ անհրաժեշտ է հաշիվ ունենալ սոցիալական ցանցերից որևէ մեկում». նշված է յուրօրինակ վարկային այս կազմակերպության կայքի առաջին էջում։

Mili.ru կայքը հիմնել են ռուսաստանաբնակ Լևան Նազարովը, Հրանտ Ալավերդյանը և Գեորգի Բելոցերկովսկին։

Կայքն առաջարկում է միկրովարկեր՝ կարճ ժամանակում։ Տրամադրվում է առավելագույնը 12 000 ռուբլի (մոտ 400 դոլար)՝ մինչև 1 ամիս ժամկետով։

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել mili.ru կայքում և լրացնել որոշակի տվյալներ։ Այդ թվում՝ սոցցանցերի տվյալները (օրինակ՝ օգտատիրոջ լոգինը)։

Ի՞նչ է նշանակում «վարկ՝ ֆեյսբուքի (կամ այլ սոցիալական ցանցի) միջոցով»։ Ընկերությունն ուսումնասիրում է հայտ ներկայացնողի «պրոֆիլը»՝  բառի բուն իմաստով։  «Մենք դիտարկում ենք պրոֆիլի զարգացման դինամիկան։ Օրինակ՝ օրական միջին հաշվով քանի՞ նկար է մարդն ավելացնում, քանի՞ ընկեր ունի, քանի՞ Like ունի, կամ որքա՞ն ակտիվ է մեկնաբանությունների հարցում»,- պարզաբանում են ընկերության ներկայացուցիչները։

Իհարկե, սա չի նշանակում, որ ֆեյսբուքի անթերի էջ ունենալը 100%-անոց երաշխիք է՝ վարկի հաստատման համար։ Ընկերությունը ավտոմատացված համակարգի միջոցով ստուգում է նաև հայտատուի վարկունակությունը։ Եթե վարկային պատմություն չկա կամ բացասական է, ապա վարկը, թերևս, կմերժվի։

Վարկը հաստատվելու դեպքում, ինչպես հավաստիացնում է ընկերությունը, գումարը տրամադրվում է 30 րոպե ընթացքում։ Վարկառուն կարող է այցելել «Евросеть» ցանցի մոտակա խանութ և ստանալ հատուկ քարտ, որի միջոցով կարող է կանխիկացնել գումարը։

Առաջին անգամ վարկ ստանալուց և պարտաճանաչ մարելուց հետո՝ երկրորդ վարկը տրամադրվում է անմիջապես՝ 5 րոպեի ընթացքում։

Գաղափարն իրոք հետաքրքիր է։ Սակայն հնչում են նաև քննադատություններ։ Մասնավորապես՝ բարձր տոկոսադրույքի համար։

Օրինակ, կայքի վրա տեղակայված հաշվիչի օգնությամբ կարելի է պարզել, որ 1 ամսով 10 000 ռուբլի վերցնելու դեպքում հարկ կլինի վերադարձնել 16 000 ռուբլի։ Այսինքն՝ ամսական տոկոսադրույքը 60% է։ Սակայն երիտասարդները հակադարձում են՝ նշելով, որ իրենց վարկերը մի քանի օրով են։ Դրանք, այսպես ասած, «մինչև աշխատավարձը» կոչվող վարկեր են։ Օրինակ՝ եթե մարդը պետք է մի քանի օրից աշխատավարձ ստանա, սակայն հրատապ վճարում պետք է անի և գումար չունի, նրա համար ավելի նախընտրելի է բարձր տոկոսադրույքով արագ փող ստանալ։ Այսինքն՝ բարձր տոկոսադրույքն արագության գինն է։

Իրենք՝ ընկերության հիմնադիրները, լավատես են։ Նրանք համոզված են, որ իրենց ընկերությունը մոտ ապագայում կարժենա մի քանի տասնյակ միլիոն դոլար։

Հիմնադիրները միասին սովորել են Սկոլկովոյի բիզնես դպրոցում։ Այնտեղ էլ ծանոթացել են և որոշել հիմնել այս բիզնեսը՝ հավասար մասնաբաժիններով։

tE2eH

Հրանտ Ալավերդյանը երկար ժամանակ աշխատել է  Тройка Диалог ներդրումային ընկերությունում։

Լևան Նազարովը զբաղվել է ավտոբիզնեսի ոլորտում գործող խոշոր ընկերություններից մեկի նախագծերի կառավարմամբ։ Ինչպես նաև՝ իրականացրել է մի քանի փոքր սեփական նախագծեր։

Իսկ ահա Գեորգի Բելոցերկովսկին զբաղվել է միայն սեփական գործով։ Նա ունի առանձին ընկերություն, որը ծրագրեր է ստեղծում iOS և Android համակարգերի համար։

Ընկերության աշխատակազմը մեծ չէ՝ միջինը 8 հոգի։ Սակայն երիտասարդ գործարարները նշում են, որ երբեք դեմ չեն համալրել այն խելացի կադրերով։

Ի դեպ, բիզնեսը նրանք սկսել են 1 միլիոն դոլար նախնական կապիտալով։ Իսկ թե ո՞վ է նրանց տրամադրել այդ գումարը, նրանք պատասխանում են. «Հրեշտակները։ Մասնավոր անձինք, որոնց մենք չենք բացահայտում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս