Սոցցանցերում, օրինակ՝ Facebook-ում, ընկերների լուսանկարները դիտելու սովորությունը նախանձի զգացում է առաջացնում. գիտնականներ
Սոցցանցերում, օրինակ՝ Facebook-ում, ընկերների լուսանկարները դիտելու սովորությունը նախանձի զգացում է առաջացնում: Այն կարող է նաև ատելություն առաջացնել սեփական կյանքի նկատմամբ: «Los Angeles Times»-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությանն են հանգել Բեռլինի համալսարաններից մեկի գիտնականները:
Ուսումնասիրությանը հիմնականում մասնակցել են համալսարանի թվով 357 ուսանող: Հարցին, թե ի՞նչը կարող է մարդու մոտ նախանձի զգացում առաջացնել, հարցվածներից յուրաքանչյուր երրորդը պատասխանել է՝ Facebook-ը: Բացի այդ, յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը նշել է, որ վերջին անգամ նախանձի զգացում իր մոտ առաջացել է հենց սոցցանցում գտնվելու ժամանակ:
Ավելի հաճախ մարդկանց մոտ նախանձ առաջացնում են այլ մարդկանց շրջագայությունների և ընտանեկան հանդիսությունների լուսանկարները: Բացի այդ, նախանձ կարող է առաջացնել որևէ մեկի գրառման տակ like-երի քանակը կամ, օրինակ՝ ծննդյան առթիվ ստացված հրապարակային շնորհավորանքները, հաղորդագրությունների քանակը: Ըստ գիտնականների՝ շարունակական համեմատությունն ուրիշների հետ բերում է նրան, որ մարդը սկսում է արժեզրկել սեփական կյանքը:
Գիտնականների դիտարկմամբ՝ վերոնշյալ ռիսկային խմբերում են գտնվում հատկապես այն մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում սոցիալական ցանցերում՝ նայելով այլ օգտատերերի էջերը, սակայն, միևնույն ժամանակ, չեն մասնակցում այդ բովանդակության ստեղծմանը (չեն հավանում (Like) կամ չեն մեկնաբանում (Comment) չեն անում):
Հետազոտողներն առաջարկում են խնդրի լուծման մի քանի ճանապարհ: Առաջին. դուք կարող եք լիովին հրաժարվել սոցցանցերի օգտագործումից կամ՝ պարզապես թաքցնել ընկերների նորությունները, որոնք Ձեզ մոտ նախանձի պատճառ են դառնում: Իսկ եթե Ձեր կախվածությունը Facebook-ից չի հաջողվում հաղթահարել, ապա, ըստ գիտնականների՝ օգտատերը կարող է ինքը սկսել ավելի ակտիվ «ցույց տալ» սեփական ձեռքբերումներն ու ապրելակերպը: