Բաժիններ՝

2012 թվականին Թուրքիայի բնակչությունն աճել է մոտ մեկ միլիոնով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության մասին: 2012 թվականի վերջի դրությամբ՝ Թուրքիայի բնակչությունը կազմում է 75.627.384 մարդ:

Դա նշանակում է, որ նախորդ տարի Թուրքիայի բնակչությունն աճել է 903.115 մարդով, քանի որ 2011 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմել է 74.724.269 մարդ: Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսը (37.956.168 մարդ) կազմում են տղամարդիկ, իսկ մնացյալ 49.8 տոկոսը (37.671.216 մարդ)՝ կանայք: Եթե 2011 թվականին բնակչության տարեկան աճը հազար մարդու շրջանում կազմել է 13.5 տոկոս, ապա 2012 թվականին դա նվազել է մինչև 12 տոկոսի:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շարունակ յուրաքանչյուր նոր ընտանիքից «պահանջում» է առնվազն երեք երեխա: Սրանից առաջ TÜİK-ը կանխատեսել էր, որ Թուրքիայի բնակչությունը չի կարող հասնել 100 միլիոնի:

TÜİK-ի կանխատեսումներով՝ Թուրքիայի բնակչությունը 2020 թվականին կազմելու է 81.778.000, 2025 թվականին՝ 85.407.000: 2046 թվականին Թուրքիայի բնակչության աճը կհասնի իր գագաթնակետին՝ 92.276.000 մարդ: Դրանից հետո բնակչության աճը կանգ է առնելու և սկսելու է հետընթացը, ինչի հետևանքով 2060 թվականին Թուրքիայի բնակչությունը նվազելու է մինչև 88.870.000-ի, ինչպես որ կլինի դրանից 30 տարի առաջ (88.266.000 մարդ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս