«Չեբուրաշկեքն ուղղակի ուտում են այս երկրի ապագան». Լևոն Բարսեղյան
Հարցազրույց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ
– Նախընտրական ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում Գյումրիում` հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետը ԲՀԿ-ական է:
– Գյումրիում չկա նախընտրական մթնոլորտ: Գյումրիում նախընտրական որևէ բան չեմ նկատում: Մի քանի պետական հիմնարկներից ահազանգ ունենք, որ դրանց տնօրեններն աշխատակիցներից պահանջում են անպայման մասնակցել քվեարկությանը: Նրանցից մի քանի հոգի բողոքել են, ասել են, որ չեն ուզում քվեարկության գնալ: Ի պատասխան դրա` տնօրեններն ասել են, որ այդ դեպքում աշխատանքից կարող են զրկվել: Այսինքն` նրանք ուզում են մասնակցության բարձր տոկոս ապահովել:
– Իսկ այդ տնօրեններին պարտադրո՞ւմ են, թե որ թեկնածուի օգտին քվեարկեն:
– Պետական հիմնարկի տնօրենը ո՞ր թեկնածուի օգտին պետք է ասի, որ քվեարկեն: Ընդ որում` այդ խոսակցությունների ժամանակ նաև ասել են, թե՝ «ախպեր», որ թեկնածուի օգտին ուզում ես՝ քվեարկի, միայն թե քվեարկության գնա: Այդտեղից կռահում եմ, որ իշխանության հիմնական մտահոգությունը մասնակցության որոշակի տոկոս ապահովելն է, առայժմ չգիտեմ, թե ինչքա՞ն տոկոս, իսկ դա վարչական ռեսուրսը կփորձի անել:
– Համամի՞տ եք այն տեսակետին, որ այս ընտրությունները մրցակցային չեն:
– Կարծում եմ, որ այս ընտրությունները ոչ միայն մրցակցային չեն, այլև ընտրություններն ավարտվել են մի ամիս առաջ: Դեկտեմբերի սկզբին Հայաստանում ընտրություններն ավարտվեցին, մնացել է գալա-համերգը, դա էլ կլինի փետրվարի 18-ին, որը բոլորը կնայեն: Ընտրությունն իր դասական ձևակերպմամբ՝ չկա Հայաստանում: Ընտրությունը հանրային զանգվածային միջոցառում է Հայաստանում, որի անվանումն է` նախագահական ընտրություններ:
– Իսկ ընտրություններն ինչո՞ւ մրցակցային չեն: Չկա՞ ուժեղ ընդդիմադիր թեկնածու:
– Տարիներ շարունակ, մոտ մեկուկես տասնամյակ` իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի ամբողջատիրական համակարգին որոշակի վերադարձ լինի, որոշակի տոտալիտար կամ նեոտոտալիտար ժամանակներ են սահմանվել Հայաստանում: Ըստ էության, ամեն ինչ արվում է, որ ընտրություններն իմիտացիոն, ձևական լինեն: Որոշ քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, վերջապես համոզվեցին, որ հնարավոր չէ ընտրություններով իշխանություն փոխել:
ԲՀԿ-ի ընտրություններին չմասնակցելը շատ ավելի պարզ է` բացատրվում է կուսակցության նախագահի բիզնես շահերով: Իշխանությունը չհամարձակվեց անգամ Գագիկ Ծառուկյանի ձևական առաջադրմանը, որովհետև մի կողմից՝ լուրջ ռիսկ կլիներ իշխանության համար. մեկ էլ տեսար՝ հպատակները որոշեին այս անգամ բիզնեսմեն Գ. Ծառուկյանի թագավորությունը փորձել, իսկ մյուս ռիսկն այն է, որ անգամ չփորձեց Գագիկ Ծառուկյանը երկրորդ տեղում լինել, որովհետև դա բավականաչափ ուժեղ հայտ կլիներ 2018թ. նախագահական ընտրություններում նրա առաջադրվելու համար:
Դա է պատճառը, որ մի պահ նրան մի կողմ հեռացրեցին: Համոզված եմ` իշխանությունը թույլ չի տալիս Գագիկ Ծառուկյանին առաջադրվել, իսկ Գ. Ծառուկյանը ռիսկի չդիմեց, որովհետև 15 րոպե էր պետք, որպեսզի իշխանությունն իր ֆրակցիայից 5,6,7 պատգամավոր թողներ, բիզնեսների մի մասի գլխին «սև-սև» ամպեր կուտակվեին, և նա շատ արագ կկանգներ իր ամբողջ ունեցվածքը կորցնելու ռիսկի առաջ: Նա էլ` որպես բիզնեսմեն, հասկանալով այդ ամենը, ռիսկի չդիմեց: Փաստորեն, իշխանությունը կարողացավ հեռացնել բոլոր հնարավոր ուժեղ մրցակիցներին:
– Դա նշանակո՞ւմ է, որ այսօր ընդդիմությունը թուլացել է:
– Այո՛, դա է նշանակում, որ այսօր ընդդիմությունը թուլացել է, և ոչ միայն՝ քաղաքական, այլև տնտեսական հենքի իմաստով` Հայաստանում ընդդիմություն չկա: Այնպես չէ, որ փոքր ժողովրդավարական երկրում բիզնեսը մշտապես պետք է սատարի գործող իշխանությանը` ո՞վ է նման բան տեսել:
Մեր երկրում բոլոր մանր-միջին, առավել ևս` խոշոր գործարարները, տեսան, որ եթե իշխանության մարդուն չես սատարում կամ գոնե «խելոք» չես նստում տեղդ, ապա լրջագույն ռիսկի ես ենթարկում քո բիզնեսը: Իշխանությունը վարչական ահռելի ռեսուրսի է տիրապետում, և մշտապես չարաշահել է այդ ռեսուրսի հնարավորությունը, ազդել է բյուջետային պետական և համայնքային բոլոր հիմնարկների բոլոր աշխատողների վրա, իսկ դա ահռելի թիվ է` հիվանդանոցի տնօրեն, դպրոցի տնօրեն, բանակ, արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին դրսում քվեարկելու իրավունքից զրկել, քվեարկությունից հետո փակ ցուցակներ: Եվ այս գործիքներով՝ մի անգամ չէ, երեսուն անգամ ինքը նախագահ կվերընտրվի:
– Ընդդիմությունը չթուլացա՞վ` ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության հետևանքով:
– Որոշ պատճառ վերագրում եմ այդ երկխոսությանը: Այդ պահին ՀԱԿ-ն այդպիսի դիրքորոշում ուներ. որոշեց երկխոսել` երկխոսեց: Մյուս պատճառը ոստիկանապետությունն է, որը կա Հայաստանում:
– Իսկ այդ երկխոսությունն արդյո՞ք իշխանությունների սցենարը չէր:
– Եթե նույնիսկ իշխանությունների սցենարը լիներ, չեմ կարծում, թե ՀԱԿ-ն այդքան միամիտ էր: Ես լավատեղյակ չեմ, անմիջական շփումներ չունեմ, բայց ՀԱԿ-ը, թերևս, փորձեց որոշ ալյանսների գնալ, ինչը չստացվեց: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը նման մի բան նախատեսում էր, բայց դա ասելու համար ապացույցներ կամ հիմքեր չունեմ: Անձամբ ես` երբեք էլ չեմ հավատացել, և հիմա հետևանքը չէ, որ ասում եմ, որ հանկարծ ԲՀԿ-ն կարող էր ելնել իշխանության դեմ: Նույնիսկ 4 գրազ եմ կրել դրա համար այն հանգամանքից, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու: Ասում էին` թեկուզ ձևական առաջադրելու է, բայց ես ասում էի, որ` ոչ, չի՛ առաջադրելու:
– 2008թ. ընտրությունների համեմատ` ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք:
– 2008թ. հանրության ներսում որոշ սպասումներ կային, որ, վերջիվերջո, մեր երկրում կարող է ինչ-որ բան փոխվել, բայց այդպես չեղավ` զանգվածային կեղծիքներ, ընտրակաշառքը, վարչական ռեուրսի չարաշահում, լցոնումներ, և այլն: Հանրային զայրույթի ծավալն, իսկապես, մեծ էր. 10 օր ցույցեր, հետո իշխանությունը` Մարտի 1, մարդասպանություն, և այլն: Հիմա հանրությունը ո՛չ նման ակնկալիքներ ունի, և ո՛չ էլ ընտրություններից հետո կարող է որևէ բողոքի ալիք բարձրանալ: Մենք հիմա Սովետական Հայաստանի 80-81թթ.-ի իրավիճակում ենք` ծանր և խորը լճացման մեջ, որտեղ իրենք իրենց փակ համակարգում ինչ-որ նախընտրական քարոզչություններ են անում, ինչ-որ չեբուրաշկեք ելույթներ են ունենում, իրենց առաջնորդին համեմատում են Կարմիր ծովն անցնելու հետ: Չգիտեմ` նրանց իրականությունից կտրվա՞ծ ասեմ, թե՞ իրականությունը չհասկացող` իրենք իրենց խելքով որոշել են, որ նորմալ է, էլի, սա էլ ընտրություն է իրենց համար:
– Ի դեպ, այս համատեքստում մեջբերեմ ֆեյսբուքյան Ձեր էջում այդ առթիվ կատարված գրառումը` «Չչեբուրաշկվենք»: Այսինքն` Չեբուրաշկան է՞լ է քաղաքական պերսոնաժ դարձել մեզ մոտ:
– Ընկերներիցս մեկն ավելի լավ էր գրել. ասել էր՝ Մովսեսն ականջներից քաշելով՝ այնքան է անցկացրել ծովը, որ էդ խեղճը չեբուրաշկա դարձավ: Չեբուրաշկեքի սորտը մշտապես եղել է` Մուղդուսու ժամանակ, Բերիայի ժամանակ, Բրեժնևի ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ , ՀՀՇ-ից հետո՝ Ռոբերտի ժամանակ: Եթե վաղն իշխանությունները փոխվեն, և Չավեսը կամ Ֆիդել Կաստրոն գան իշխանության գլուխ, նրանց ժամանակ էլ չեբուրաշկեքը նույն բաներն են ասելու: Իրականում նրանց սորտը չի փոխվել, թե ո՞նց են ժառանգում մեկը մյուսից, ո՞նց են աճեցնում, ո՞նց են ուռճացնում, ինչ-որ «լոզոտ» ելույթներ, որոնցով իրենք ուզում են իրենց անմնացորդ սերը ցույց տալ միակին, երանելուն և անկրկնելի թեկնածուին` սրանք նորություն չեն, սրանք ուղղակի ուտում են Հայաստանի ապագան:
– Պարոն Բարսեղյան, իսկ գուցե վախի՞ց է:
– Վախից կարելի է տեղում խելոք նստել: Նրանց դահլիճ են «բերման» ենթարկել, «թամբը» դրել մեջքներին: Ու կարող են, չէ՞, խելոք նստել: Իսկ իրենք ելույթում ուղղակի զառանցում են: Իրենց հո չե՞ն ասում` հիմար բաներ դուրս տուր, հո չե՞ն ասում` զառանցիր: Ճիշտ եք, վախ էլ կա, բայց դա դահլիճ «բերման» ենթարկելու վախին է վերաբերում, իսկ երբ բերման ենթարկվածները սկսում են պրոակտիվ զառանցանքներ դուրս տալ, հասկանում ենք, որ մեր առջև գենետիկական խոտան է: Մենք կանգնած ենք գենետիկական լուրջ աղետի առաջ: Մեկն ուսմասվար է, ուզում է դառնալ տնօրեն, մեկն ուսուցիչ է, ուզում է դառնալ ուսմասվար, մեկը բժիշկ է, ուզում է դառնալ գլխավոր բժիշկ, մեկը գլխավոր բժիշկ է, ուզում է դառնալ հիվանդանոցի տնօրեն, և այսպես շարունակ: Եվ միշտ իրար տրորելով, արմունկներով հրմշտելով, ոտից գլուխ օճառված` գնում են, փորձում են մտնել միակի աչքը: Դա արդեն վախ չէ: Վախն այն է, երբ դպրոցի տնօրենը գիտի, որ, եթե իր աշակերտներին չհավաքեց-չգնաց «լուսավորի» հետ հանդիպման, երբ այդ «լուսավորը» գալիս է հանդիպման իրենց քաղաք, ինքը կարող է աշխատանքից զրկվել:
– Դուք նշեցիք, որ լճացման փուլում ենք: Իսկ ելք տեսնո՞ւմ եք այդ իրավիճակից:
– Ոչ մի էվոլյուցիոն ելք չեմ տեսնում: Ես էվոլյուցիոն ելքեր տեսնում եմ, որոնք հեռախոսով կամ հարցազրույցի մեջ չեն բացատրվում: Երկիրը զավթել է զավթիչ ռեժիմը, որն այս երկրի հետ վարում է այն քաղաքականությունը, ինչին խելքը զոռում է:
– Իսկ այսօր հասարակությունն առաջնորդի խնդիր ունի՞:
– Ցավոք, այսօր հասարակություն ասվածը չկա: Կա քվեարկիչների տարր: Քվեարկիչների մի ամբողջ դասակարգ է ձևավորվել, որոնք պետք լինի` կքվեարկեն 1 կգ խնձորի համար: Այստեղ արդեն առաջնորդի հարց չկա:
– Եվ վերջում` հռետորական մի հարց. փետրվարի 19-ի ի՞նչ է սպասվում:
– Գոնե այդ օրը չեբուրաշկեքի զառանցանքից պրծած կլինենք: Ոչ մի էական, շոշափելի տարբերություն չի լինի: Այդ օրն իրենք ելնելու են և ասեն, որ իրենց նախագահն այլևս լեգիտիմ է:
– Այսինքն` «չեբուրաշկվելու» պրոցեսը շարունակվելո՞ւ է:
– (Ծիծաղում է.- Մ.Մ.) Չեբուրաշկացման պրոցեսը շարունակվելու է… Փետրվարի 19-ին սկսվելու են 2018թ.-ի պատրաստությունները: