«Լճացման մեկ այլ շրջան Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել»

Հարցազրույց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ (Նյու Յորք)

– Պարոն Մարտիրոսյան, այսօր որքանո՞վ են արդիական կամ կենսունակ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների կարգախոսները:

– Իմ կարծիքով` կարգախոսների ինստիտուտն իրեն վաղուց սպառել է: Եվ ոչ միայն` Հայաստանում: Արևմուտքում վաղուց կարգախոսները հիմնականում մեկ բառից են բաղկացած, կամ ընդհանրապես չեն կիրառվում: Դրանք ակտուալ են, թերևս, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մեծ քանակությամբ նոր թեկնածուներ են հրապարակ իջնում, և խնդիր կա կարգախոսի միջոցով ներկայացնելու նրանց հիմնական հաղորդագրությունն ընտրողին:

Հայաստանում դրանք ավանդաբար ստեղծվում են շինծու ձևով, հաճախ` կիսագրագետ ագիտատորների կողմից, հաճախ` նույնքան կիսագրագետ թեկնածուների համար, և արդյունքը համատարած կարգախոսացումն է: Դատարկ, ցածրորակ արտահայտություններ, որ հաճախ զավեշտալի երանգներ ունեն: Մեր օրերի լավագույն և աննախադեպ քարոզարշավներից է Բարաք Օբամայի առաջին ընտրությանը նախորդածը: Եվ այն մի քանի կարգախոս ուներ` «Hope», «Believe», «Yes, We Can !»: Այս պարզ, բայց հանճարեղորեն թեկնածուին բնութագրող բառերը, թերևս, լավագույն կարգախոսներն են, որ երբևէ կիրառվել են ժամանակակից քաղտեխնոլոգների կողմից:

Կարդացեք նաև

– Ինչպե՞ս կբնութագրեք 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների կարգախոսները` 1. Սերժ Սարգսյան` «Դեպի ապահով Հայաստան»։ 2. Րաֆֆի Հովհաննիսյան` «Հնարավոր է», «Մեկ անգամ` միասին»։ 3. Պարույր Հայրիկյան` «Հավատը` որ Եկել է պատմական ՊԱՀ-ը»։ 4.Արամ Հարությունյան` «Ես Ձեզնից մեկն եմ»։ 5. Հրանտ Բագրատյան «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»։ 6. Վարդան Սեդրակյան` «Վերևում Աստված կա»։ Մյուս երկու թեկնածուները` Արման Մելիքյանը և Անդրեաս Ղուկասյանը, նշել են, որ իրենց կարգախոսները կհրապարակեն քարոզարշավի մեկնարկի օրը, բայց դեռևս չեն հրապարակել դրանք:

Գործող նախագահը հասկանում է, որ երկիրն անապահով է թե՛ ներսից, և թե՛ դրսից: Եվ դա արտացոլվել է այս կարգախոսում: Լակոնիկ է և արտահայտիչ, թեև որոշակի մշուշոտություն էլ է պարունակում:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսը կառուցված է Օբամայի մոդելով: Սակավաբառ է, սակայն` բազմախոս: Իր մեջ հույս է պարունակում: Երկրորդ կարգախոսը` ավելի շուտ կոչ է:

Պարույր Հայրիկյանի կարգախոսն ապառիկ սկզբունքով է հորինված. նախ` հավատ, ապա` գործեր, թեև արտահայտությունն, այնուամենայնիվ, անհեթեթ է հնչում: Դա պլատֆորմ չնշանավորող, անգաղափար և ընդհանրապես անիմաստ կարգախոս է:

Արամ Հարությունյանի կարգախոսը, թերևս, փոքր-ինչ տարօրինակ է: Եթե թեկնածուն լիներ թագավորական տոհմի շառավիղ, կամ առնվազն միլիարդատեր` ինչպես հարևան երկրի նորընտիր վարչապետը, կարգախոսը հասկանալի կլիներ: Սակայն բոլորին էլ պարզ է, որ թեկնածուն ընտրությունների միջակայքում ընկած ժամանակահատվածում իրոք որ «մեզանից մեկն է»: Հետևաբար, իմաստը չեմ հասկանում:

Հրանտ Բագրատյանը հավատարիմ է մնում իր մոդուս օպերանդիին և իր տարերքին` տնտեսական թվերին և ցուցանիշներին: Դա նեղ շրջանակ ունեցող կարգախոս է, որ առավել հարիր է կառավարության ծրագրի սևագրին, ոչ թե նախագահի թեկնածուին:

Վարդան Սեդրակյանի կարգախոսն ամենաբացառիկն է: Անգամ Մարտին Լյութեր Քինգը, որ թեև քաղաքական գործիչ էր, սակայն նախևառաջ` հոգևոր առաջնորդ, դժվար թե նման պլատֆորմով հանդես գար: Սեդրակյանին ավելի կսազեր, ասենք, «Մհերի Դուռում Մհեր կա», կամ` «Մսուրում Մսրա Մելիք չկա» կարգախոսը, քան «Վերևն Աստված կա»: Չգիտեմ. սա, իմ կարծիքով` պետք է ներառել քաղաքագիտության դասագրքերում: Թե որպես ինչպիսի օրինակ, կարծում եմ` դժվար չէ կռահելը:

– Այդ ուղերձները կամ կարգախոսներն ունե՞ն հստակ լսարան կամ հասցեատեր: Ո՞ւմ են ուղղված:

– Հստակ լսարանը նրանք են, ովքեր դրանք լսում են` մենք բոլորս: Հասցեատերն ընտրողն է: Ուղղված են դարձյալ ընտրողին:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ չաշխատեց ՀՀԿ-ի նախընտրական «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, որը, կարծես, շատ նման էր ԱՄՆ նախագահ Օբամայի նախընտրական կարգախոսին: Ավելին` հասարակության մի մեծ հատված սկսեց սարկազմով ընդունել այն` ասելով` «Փոխենք, որ հավատանք»:

– Կարգախոսներն ընդհանրապես չեն կարող աշխատել ընտրություններից հետո: Դրանք ծրագիր և առաքելություն են արտահայտում: Պետք է աշխատեն հենց այդ ծրագրերն ու առաքելությունները: Կարգախոսն աշխատում է միայն նախընտրական շրջանում` մասամբ ապահովելով կամ մասամբ տապալելով թեկնածուի ընտրությունը: ՀՀԿ-ի կարգախոսն իր առաքելությունը կատարեց այնքանով, որքանով կուսակցությունը խորհրդարան անցավ: Եղավ դա հավատավոր նվիրյալների՞, թե՞ անհավատների մասնակցությամբ` քննարկման այլ թեմա է: Փաստն այն է, որ կուսակցությունը մեծամասնություն է խորհրդարանում:

– Ի դեպ, ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի կարգախոսը:

– Առավելագույնը` երկու բառ: Ամպագոռգոռ արտահայտություններն ու անդեմ խոսքերը թուլացնում են թեկնածուին, եթե, իհարկե, ընտրախավը գիտակից է, և եթե, իհարկե, կարգախոսներն ընդհանրապես ինչ-որ բան Հայաստանում նշանակում են:

– Գաղափարախոսական կամ ասելիքի ճգնաժամ նկատո՞ւմ եք Հայաստանում: Եվ ինչի՞ հետևանք է դա:

– Չնկատելը կուրություն կլիներ: Հետևանք է ոգեղենության բացակայության, բարոյազրկման և հուսալքության: Նաև նրա, որ խոսքն այլևս արժեք չունի: Եվ երբ խոսքը, որ «ի սկզբանե» էր, արժեզրկվում է` վրա է հասնում ճգնաժամը և ոչ միայն` տնտեսական:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանում քաղաքական PR-ը կենսունակ չէ: Այդ իմաստով` ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահի համար իրականացվող քաղաքական PR-ը: Օրինակ, ամիսներ առաջ նա, այսպես ասած` «խրատող» ղեկավարի իմիջում հայտնվեց` քննադատելով Կառավարության աշխատանքը, բայց հակառակ ազդեցությունն ունեցավ հասարակության շրջանում:

– Հայաստանյան ներկայիս հասարակությունն իրականում կլանային տիպի հասարակություն է` ինչպես, ասենք, Շոտլանդիայում էր: Դա գալիս է երկրի չափերից, նաև` կիսաարևելյան մենթալիտետի հետ է կապված: Նման պայմաններում, երբ բոլորը բոլորին գիտեն, երբ դաշտը չափազանց փոքր է, երբ գաղտնիքները գաղտնիք են մնում միայն մեկ օր, PR տեխնոլոգիաների, դրանց ազդեցության մասին խոսելը դառնում է ավելորդ:

Բացի այդ` ֆինանսատնտեսական ծանր պայմաններում հանրային բավական ցածր աստիճանի հասած գիտակցությունը հաշվի է նստում միայն նյութական ազդակների հետ, հետևաբար` բարդ հաշվարկներով ագիտացիոն քայլերը քիչ ազդեցություն կարող են ունենալ: Ինչ վերաբերում է նշված օրինակին` ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահը ԱՊՀ անդամ երկրի առաջին ղեկավարը չէ, որ դիմում է նման ոճի, և ապա` միշտ չէ, որ երկար մտածված, և թվում է` մանրակրկիտորեն հաշվարկված քաղաքական ձեռնարկն ընթանում է պլանավորված սցենարով: Նման օրինակները քիչ չեն և Արևմուտքում:

– Թեև Դուք Ձեր հեղինակած վերջին հոդվածում անդրադարձել եք այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ նախագահը, կխնդրեի, այնուամենայնիվ, անդրադառնալ նույն հարցին` ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ նախագահը: Եվ եթե, ենթադրենք, ՀՀ գործող նախագահը վերընտրվի, ապա ի՞նչ քաղաքական զարգացումներ են կանխատեսելի:

– Փորձեմ վերաձևակերպել միտքս: Նախագահը պետք է առաջնորդ լինի: Հայաստանի պարագայում` 2013թ.-ին դա կրկնակի առաջնորդություն է ենթադրում: Նորընտիր նախագահը պետք է ոչ թե կանխատեսելի, այլ անկանխատեսելի փոփոխությունների ճանապարհով գնա: Դա է ստեղծված իրադրությունից միակ ելքը: Կանխատեսելի վարքագիծը կհանգեցնի «կայունության», այնպիսի կայունության` որպիսին մենք արդեն տեսել ենք: Այդպիսի «կայունությունը» լճացում է նշանակում: Իսկ լճացման մեկ այլ շրջան Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս