«Մատուցեք լավ երաժշտություն և կտեսնեք, որ ոչ ոք էլ վատ երաժշտություն լսել չի ցանկանում»

Ասում է երգիչ Արթուր Ալեքը, ով հայկական երգարվեստ մուտք գործեց «X-factor» նախագծի շնորհիվ:

Արթուր, ի՞նչ տվեց այդ նախագիծը Ձեզ:

– Կարելի է ասել, որ «X-factor»-ն ինձ որոշակի ճանաչում բերեց, չնայած ես 6 տարեկանից երգում եմ, 12 տարեկանից` ստեղծագործում: Ես մրցութային մարդ չեմ, ու հիմա, երբ հետ եմ նայում, զարմանում եմ, թե ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցի նախագծին: Պետք է ասեմ, որ ոչնչի համար չեմ փոշմանել: Նախագծի շրջանակում հիանալի մարդկանց հետ ծանոթացա, որոնցից մի քանիսն ինձ համար դարձան շատ հարազատ մարդիկ: Ընդհանրապես լավագույն բանն, ինչ կարող են այդպիսի նախագծերը տալ, բեմին սովորելն է, երբ դու քեզ բեմում լիարժեք ես զգում, հանդիսատեսի համար էլ բաց ես լինում: Իհարկե, մարդկային առումով էլ ավելի ամուր ես դառնում:

Այսօր համագործակցում եք հայ երգիչերգչուհիների հետ, ովքեր Ձեր հեղինակած երգերն են կատարում: Ինչպե՞ս են ստացվում համագործակցությունները:

Կարդացեք նաև

– Դեռ շատ երգիչների հետ չեմ համագործակցել: Եղել են առաջարկներ, բայց որոշ պատճառներով գործերը կիսատ են մնացել: Իմ առաջին լուրջ համագործակցությունը եղավ երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ում համար ես գրեցի «2012» երգը: Սոֆիին ես եմ առաջարկել երգը, որից հետո սկսել ենք միասին աշխատել: Հիմա աշխատում եմ մի քանի երգչուհիների հետ: Հուսով եմ` շուտով երգերը պատրաստ կլինեն:

Artur Aleq (2)

Artur Aleq (3)

– Ձեր հեղինակած երգերից հե՞շտ եք բաժանվում:

– Ոչ, հեշտ չեմ բաժանվում, բայց կա մեղմացուցիչ հանգամանք. եթե երգի կատարողը երգը լավ է երգում, սիրտս հանգիստ է լինում, որ իմ ստեղծագործությունն ապահով ձեռքերում է: Այդ հարցում շատ պահանջկոտ եմ, չեմ թողնի, որ երգս աղավաղեն: Կամ պետք է լավ երգեն, կամ էլ ընդհանրապես չերգեն:

Ձեր հեղինակած երգերն եք կատարում, հնարավո՞ր է, որ Ձեզ տեսնենք նաև ուրիշի երգերը կատարելիս:

– Այո, ես իմ երգերն եմ երգում, բայց շատ եմ սիրում, ինչպես ընդունված է ասել, cover տարբերակներ երգել: Այսինքն` վերցնում եմ ուրիշ արտիստների՝ իմ սիրած երգերը և փորձում եմ ինքս կատարել: Ընդհանրապես համացանցում կան շատ հայտնի երգերի cover տարբերակներ, որոնք ուղղակի հիանալի կատարում են ոչ հայտնի, բայց շատ տաղանդավոր մարդիկ:

Artur Aleq (1)

– Տեսահոլովակ դեռևս չունեք: Պատճառը ֆինա՞նսն է, թե՞դեռ դրա ժամանակը չի հասունացել:

– Այո, միակ պատճառը ֆինանսն է: Ես վաղուց եմ մտածում տեսահոլովակի մասին, բայց, ցավոք, նկարել դեռ չի ստացվում:

Պրոդյուսեր ունենալու մտադրություն չկա՞:

– Չեմ կարող ասել, թե շատ լուրջ մտածում եմ պրոդյուսեր ունենալու մասին: Միգուցե ժամանակի հետ ինձ իսկապես պետք լինի կողքիս վստահելի մարդ ունենալ, ով կկարգավորի որոշ  հարցեր: Հիմա ես ինձ ազատ ստեղծագործող եմ համարում, ում դեռ այդքան էլ պրոդյուսեր պետք չէ: Իսկ եթե պրոդյուսեր ունենամ, նա պետք է ազնիվ մարդ լինի, ով կմտածի ոչ միայն գումար աշխատելու, այլև ստեղծագործական կողմի որակի մասին: Ցավոք, այսօրվա պրոդյուսերների մեծամասնությունը միայն գումար աշխատելու մասին է մտածում:

Artur Aleq (4)

Artur Aleq (5)

Դժվա՞ր է հայկական երգարվեստ մուտք գործելը: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

– Դժվար է, եթե չունես ծանոթ կամ բարեկամ: Կարծում եմ` ես խոսում եմ մի բանի մասին, ինչի մասին բոլորն էլ գիտեն: Չի կարելի դա ընդունել՝ որպես օրինաչափություն, և ձեռքերը ծալած նստել ու բողոքել, որ հարուստ բարեկամ չունես: Ես գիտեմ մի քանի երգիչ-երգչուհիների, ովքեր օր ու գիշեր աշխատում են, հարուստ բարեկամ էլ չունեն, բայց այսօր նրանք իրենց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ բեմում են: Չեմ կարող ասել, թե ես ինչ-որ դժվարությունների եմ հանդիպել: Փորձում եմ ինձ հեռու պահել անտաղանդ մարդկանցից և շրջապատել ինձ աշխատասեր ու ստեղծագործ մարդկանցով: Հավատացեք, այդ դեպքում դժվարությունները նահանջում են:

Հայկական երգարվեստ ում ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:

– Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ շատ բաներ դուր չեն գալիս: Ամենաշատն ինձ զայրացնում է այն, որ այսօր շատ երգիչ-երգչուհիներ իրենց իրավունք են վերապահում մի ամբողջ ազգի անունից հայտարարել, որ իրենք երգում են այն, ինչ ազգն է պահանջում: Հարց է առաջանում` «Իսկ դուք հարցրե՞լ եք, թե ազգն ինչ է ցանկանում լսել, թե՞ ազգի այն մասը, որն ուզում է որակյալ երաժշտություն լսել, ազգ ասվածի մեջ չի մտնում»: Ինձ զայրացնում է ցինիզմը: Մատուցեք լավ երաժշտություն և կտեսնեք, որ ոչ ոք էլ վատ երաժշտություն լսել չի ցանկանում:

Artur Aleq (6)

Աստղային հիվանդությունից չե՞ք վախենում:

– Ոչ: Ինչպես ցույց է տալիս փորձը, իսկական աստղերը, որոնք Հայաստանում չկան, շատ համեստ մարդիկ են լինում և երբեք իրենց այդպիսին չեն համարում, օրինակ` Stevie Wonder, Sting, Whitney Houston, և այլք:

Հաճա՞խ եք ստեղծագործում: Ինչպիսի՞ տրամադրության դեպքում եք ստեղծագործում, ի՞նչն է ոգեշնչում:

– Այո, հաճախ եմ ստեղծագործում, քանի որ դա իմ հոգևոր սնունդն է: Առանց ստեղծագործելու՝ ես չեմ կարող ապրել: Հատուկ տրամադրություն պետք չէ, երգերն ամենատարբեր պահերին են գալիս` լինի դա դրսում քայլելիս, թե ինչ-որ լավ երաժշտություն լսելիս: Միգուցե կառանձնացնեմ միայն մեկ բան` ավելի շատ ստեղծագործում եմ, երբ տխուր եմ, ու երբ դրսում արևոտ եղանակ չէ:

Միշտ հավատարի՞մ կմնաք Ձեր ընտրած երաժշտական ոճին:

– Կարող եմ ասել, որ միշտ ինքս ինձ հավատարիմ կմնամ: Ինչ ոճում էլ ստեղծագործեմ, չեմ կարող անկեղծ չլինել, որովհետև իմ միտքը և զգացմունքները միշտ ինձ հետ են, երբ ես ստեղծագործում եմ:

Մոտ ժամանակներս նորություններ կլսե՞նք  Ձեզնից:
– Այո, արդեն աշխատում եմ շատ լավ երաժիշտների հետ, որոնց հետ պատրաստվում եմ ակումբային համերգներ տալ: Կան նաև որոշ նախագծեր, որոնցում մասնակցելու եմ: Այնպես որ, դեռ ամեն ինչ առջևում է:

Տեսանյութեր

Լրահոս