«Հիմնական մեղավորը Տեր-Պետրոսյանն է». Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իրականում այլ պատճառով չի մասնակցել ՀԱԿ-ի վերջերս տեղի ունեցած քաղխորհրդի նիստին: Կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը համոզված է, որ ՀԱԿ-ը նոր գործողությունների ծրագրով և նոր ղեկավարներով դեռ ի վիճակի է կազմաքանդելու «ավազակապետական բուրգը»: Նրա կարծիքով՝ ՀԱԿ-ի հիմնական սխալների պատճառը ոչ կոլեգիալ որոշումներն էին և մի քանի անձինք, ովքեր հիմա արշավ են սկսել Պ. Մակեյանի դեմ՝ տարրալուծելով և խռովություններ առաջացնելով նաև Մակեյանի ղեկավարած կուսակցությունում: Իսկ իրավիճակի հիմնական մեղավորը, ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Պ. Մակեյանի բացահայտումները՝ galatv.am-ի թղթակցի հետ զրույցում:
– Պարոն Մակեյան, ո՞րն էր իրական պատճառը, որ Դուք չէիք մասնակցում ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստին:
– Իրական պատճառը այն է, որ այսօր` այս պահի դրությամբ, Կոնգրեսը քաղաքական գործընթացներից դուրս է մնացել և բովանդակային որևէ լուրջ հարց չէր կարող քննարկվել, տեխնիկական խնդիրներ էլ կային, դրա համար չմասնակցեցինք: Հիմա մենք մինչև մեր կուսակցության մշակած փաթեթը գործընկեր կուսակցություններին չներկայացնենք, անիմաստ է ժամավճառությամբ զբաղվել, որովհետև իրականում քաղաքական որևէ խնդիր այնտեղ չի կարող քննարկվել՝ այն պարզ պատճառով, որ Կոնգրեսը քաղաքական գործընթացներից դուրս է մնացել:
– Դուք քաղխորհրդի նիստին պիտի ներկայացնեիք Ձեր կուսակցության մշակած գործողությունների փաթեթը, ինչո՞ւ չներկայացրիք…
– Մենք որոշել ենք նախ առանձին-առանձին ներկայացնել և քննակրել Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների հետ և նոր միայն ներկայացնել ընդհանրական քննարկման քաղխորհրդում:
– Կոնգրեսի մաս կազմող հատկապես ո՞ր կուսակցությունների, ո՞ր գործիչների հետ եք պատրաստվում քննարկել Ձեր կուսակցության մշակած հետագա գործողությունների փաթեթը:
-Բոլոր այն կուսակցությունները, որոնք այսօրվա դրությամբ դեռ մնում են ՀԱԿ-ի կազմում: Նիկոլի հետ դեռ չեմ հանդիպել, բայց հանդիպելու եմ: Նիկոլի հետ անձամբ տրամադրված եմ որոշ հարցեր քննարկելու:
– Կադրային հարցեր կա՞ն փաթեթում, հատկապես ո՞ր կադրերի հարցերն եք քննարկելու:
– Փաթեթը հիմնականում համակարգային է, բնականաբար ներառում է նաև առանձին մարդկանց, որոնք ավելի պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար: Էդ մարդկանց ցուցակն էլ կքննարկվի կուսակցությունների հետ հանդիպումների ընթացքում: Երբ որ Կոնգրեսի կառավարման համակարգը բովանդակություն չունի, էդ է հիմնական խնդիրը: Անձերը այնտեղ այնքան էլ էական չեն, քանի որ նրանք կատարում են հստակ հրահանգներ, ոչ թե քաղաքական որոշումներ:
– Եվ ու՞մ հրահանգներն են կատարում այդ դեպքում:
– Մինչեւ դեկտեմբերի 25-ը, միգուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է, կատարում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրահանգները, բայց դրանից հետո չգիտեմ…
– Պարո՛ն Մակեյան, տեղեկություններ են շրջանառվում, որ նաև Դուք խնդիրներ ունեք Ձեր սեփական կուսակցության ներսում, դա այդպե՞ս է:
– Վերջին երկու շաբաթում՝ դեկտեմբերի 26-ից սկսած, խնդիրը ջրի երես դուրս եկավ: Քանի որ մեր կուսակցության քաղխորհուրդը մի բան է որոշում, հետո կուսակցության նախագահի տեղակալն անտեսում է քաղխորհրդի որոշումը և անձնական որոշում է կատարում և արհամարհում է մեկ օր առաջ ընդունված մեր կուսակցության քաղխորհրդի որոշումը: Ես սկզբում մտածեցի, որ թյուրիմացություն է, բայց հետո պարզվեց, որ թյուրիմացություն չկա, և ամենը ուղղորդվում է Զուրաբյան Լևոնի կողմից: Խնդիրներ, այո՛, կան, բայց ինչ ձևով ներկայացվում են Զուրաբյանի կողմից ուղղորդվող լրատվամիջոցների կողմից՝ իրականությանը չի համապատասխանում:
– Ի՞նչ եք մտածում, ինչպե՞ս պետք է ՀԱԿ-ը գործի այսուհետ:
– Գիտեք՝ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ իրեն օգտագործեն գործիք` ավազակապետական բուրգը կազմաքանդելու համար: Բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ չստացվեց: Լևոն Տեր-Պետրոսյանը, գոնե իմ տպավորությամբ այդպես է, հայտարարեց, որ քաղաքականությունից դուրս է գալիս: Բայց հիմա երկիրը հո չի՞ մնալու հավերժ ավազակապետական բուրգի իշխանության տակ: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կամենա աջակցել, օգնել, իհարկե, դա մեծ ներդրում կլինի:
– Իսկ եթե, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանը չուզենա, ովքե՞ր են կազմաքանդելու Ձեր ասած ավազակապետությունը:
– ՀԱԿ-ում կան բազմաթիվ գործիչներ, որ կկարողանան գործընթացը տանել: Կարծում եմ՝ ժամանակն է, և դեռևս մայիսին մեր կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ պետք է ձևավորել նոր ուժային կենտրոն:Այնպես որ, պարտադիր չէ միայն ՀԱԿ-ում տեսնել կազմաքանդող ուժերին:
– Արդյո՞ք Դուք խոսում եք ԲՀԿ-ի մասին:
– Ես տարուց ավել անընդհատ ասել եմ, որ նոր Արթուր Բաղդասարյան է ձևավորված ի դեմս ԲՀԿ-ի, որ օգտագործվում է իշխանության կողմից…Այսինքն՝ էն սխալները, որ այսօր ֆիքսել են և՛ Սասունը, և՛ Նիկոլը տարիներ շարունակ կրկնվել է իմ կողմից: Ես հրապարակային էլ եմ արտահայտվել, բայց եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում մեզ անվանեց խառնակիչներ: Դա նաեւ ինձ էր ուղղված, որ ես խոչընդոտում եմ սկսված գործընթացին:
Բայց ամբողջ խնդիրն ավելի շատ կառավարման համակարգի մեջ է, այսինքն՝ եթե Կոնգրեսը քաղաքական որոշումներ ընդուներ կոլեգիալ առումով, գուցե ՀԱԿ-ը այդ ճանապարհը չընտրեր: Հիշում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր քաղաքական վերլուծությունում հայտարարեց, որ կոնսենսուս չկա, բայց էդ գիծը դարձավ հիմնական գիծը, Կոնգրեսի վեկտորը: Այլապես նման որոշումներ չէր ընդունվի, և ՀԱԿ-ը այս վիճակում չէր հայտնվի:
– Ովքե՞ր էին հիմնական որոշում կայացնողները, կամ ու՞մ մեղքով է ՀԱԿ-ը այսօր հայտնվել Ձեր մատնանշած՝ վատ վիճակում:
– Առաջին հերթին ես ինձ եմ մեղավոր ճանաչում, որովհետև երևի մեծ դիմադրություն ցույց չեմ տվել, քիչ եմ ըմբոսոտացել և համակերպվել եմ: Իսկ երկրորդ մեղավորը, ես կարծում եմ, մնացած քաղաքական դեմքերն են, իսկ ամենամեծ մեղավորը ես տեսնում եմ առաջնորդին, որ ինքն է նախընտրել որոշումների կայացման այդ մոդելը: Ինքը որոշում էր, կիսվում էր Կոնգրեսի նոմենկլատուրայի հետ, որոնք իրականում քաղաքական ուժեր չէին ներկայացնում, նշանակված մարդիկ էին: Եվ էդ մոտեցումները բերեցին-հասցրեցին այս հանգրվանին:
Այնուամենայնիվ, մենք փորձելու ենք, ՀԱԿ-ում առկա ներուժը օգտագործելով, երկրում ստեղծված սահմանադրական կարգը վերականգնել: Հիմա, ինչպես տեսնում եք, մեր առաջարկած փաստաթղթի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց հարձակումները Զուրաբյանի կողմից և նրա կազմակերպած ինտրիգները, խարդավանքները եւ իր տիկնոջ թերթով իմ և Ժողովրդավարական հայրենիքի վրա գնում է բազմաշերտ հարձակումներ, նույնիսկ բաներ են կպցնում, որ որեւէ ձեւով չես կարող կպցնել ո՛չ Մակեյանին, ո՛չ էլ Ժողովրդավարական հայրենիքին:
– Ի՞նչ տպավորություն ստացաք ՀԱԿ առաջնորդի վերջին հարցազրույցից, ի՞նչ էր նա կամենում ասել:
– Նախ՝ այդ հարցազրույցով նա փորձեց կանխել անդաստիարակ ջահելներին ու կոնգրեսականների այն շերտին, որ ասես անմիջապես մի բան՝ ու սկսում են դավաճանի պիտակավորումը նախաձեռնել: Ով մի բան ասում է, անմիջապես գնում է այդ գործընթացը: Նա կամեցավ կանխել՝ էդ մեկ և երկրորդը՝ նորից մեսիջներ տվեց, որ դեռ մնում է առաջնորդ եւ երրորդ՝ նրա հեգնանքը՝ ցավով եմ ասում՝ հեգնանքը, որ եթե գործ անող եք, ուրեմն արեք, հերիք է խոսեք…
Էս հեգնանքը… չգիտեմ, բոլոր դեպքերում իր գործընկերներն ենք եղել, հինգ տարի նաև սպասարկել ենք իրեն, բայց մենք հիմա ի՞նչ անենք, որ պայքարի ճանապարհը բարդ է և էֆեկտիվությունը պակասել է, որովհետև դա թելադրում է հայաստանյան իշխանությունների այն որակները, որոնք չեն հանդուրժում որևէ այլախոհություն և, ցավոք սրտի, հիմա նաև այդպես է ընդդիմության մեջ, որ չի հանդուրժվում այլախոհությունն ու այլակարծությունը:
Քրիստինա Մկրտչյան
galatv.am