Ինչո՞ւ ազատ չարձակվեց Վահագն Չախալյանը. մեկնաբանում է փորձագետը
«Երկու մասի են բաժանվում ազատ արձակվողները: Առաջինը` 190 հոգանոց ցուցակն է, որի մեջ մտնում են հստակ քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդիկ, և նրանց մեջ ի սկզբանե չէր մտցված Վահագն Չախալյանը,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմագիտության թեկնածու Վահե Սարգսյանը` խոսելով այն մասին, թե ո՞վքեր են մտնում Վրաստանում համաներման ենթարկված բանտարկյալների մեջ, և ինչո՞ւ ազատ չարձակվեց ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը:
Վ.Սարգսյանը նշեց, որ եղել են խոսակցություններ իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի Վահագն Չախալյանն անպայման ներառվի այդ ցուցակում, սակայն դեռևս դեկտեմբերի սկբզին Սահակաշվիլու` խորհրդարանում արդեն ընդդիմադիր դարձած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորների ելույթների արդյունքում Չախալյանի անունը հանվեց:
«Չախալյանին այնպիսի ստահոդ և զգացմունքային մեղադրանքներ առաջադրեցին (թե իբր նա վրաց հոգևորական է ծեծել և այլն), որ մյուս պատգամավորները որոշեցին չշտապել նրա հարցում: Վահագնը չէր մտնում այդ ցուցակի մեջ, հետևաբար այն, որ հայտարարում էին, թե նա այսօր-վաղը պետք է ազատ արձակվի, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց փորձագետը:
Վ.Սարգսյանը նաև ասաց, որ ընդհանրապես ցուցակ ասելը մի փոքր հարաբերական է, քանի որ ազատվող բանտարկյալների ցուցակներ, որպես այդպիսիք չկան, պարզապես համաներման մասին օրենքը կկիրառվի Վրաստանի բազմահազար կալանավորներից մոտավորապես 3000-ի վրա` դրույթների համապատասխանության դեպքում:
« Մենք` այսինքն հանրությունը, իրավապաշտպանները և Վ.Չախալյանի փաստաբանները, հակված ենք ենթադրելու, որ Վ.Չախալյանը մտնելու է այդ մարդկանց մեջ: Խոսել այն մասին, որ նա անպայման պետք է ազատվի, կամ չպետք է ազատվի, ճիշտ չէ, պարզապես իրավականորեն համաներման օրենքն ամբողջովին տարածվում է նրա վրա: Միաժամանակ, եթե Վ.Չախալյանն ազատ չարձակվեց, արդեն կարող ենք ասել, որ նրան չազատելն ունի քաղաքական դրդապատճառներ»,- ասաց Վահե Սարգսյանը:
Վահե Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում: