«Ազնիվ մարդ չե՞ք տեսել, մարդն ազնվորեն խոստովանել է». ՀԱԿ անդամը` «երկու ղարաբաղցիներ» արտահայտության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրապարակված հարցազրույցում՝ խոսելով առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու իր դրդապատճառների մասին, մի քանի հանգամանքներ էր առանձնացրել, որոնցից ամենաուշագրավը և ամենաքննարկվածը դարձավ հետևյալը. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, պատասխանելով 168.am-ի հարցին` որքանո՞վ է նորմալ նման արտահայտությունը երկրի նախկին նախագահի կողմից` քաղաքական առումով, ասաց, թե դա բոլորիս համար սովորական դարձած ոճ է, և զարմանալու բան չկա:

«Ռոբերտ Քոչարյանի ասածների հետ կապված, կարծում եմ, բոլորս արդեն պետք է սովորած լինենք և չզարմանանք»,- նշեց պարոն Գիմիշյանը:

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե իշխանությունը նույն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին անողոք քննադատության էր ենթարկում նրանց, ովքեր խոսում էին Հայաստանում կլանային քաղաքականության մասին, սակայն այժմ նա բացահայտորեն խոսում է «ղարաբաղցի» լինելու մասին և իր քաղաքական դիրքորոշումը պայմանավորում է իր կլանային պատկանելիությամբ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն ասաց.

Կարդացեք նաև

«Դա իրենք են ասում, մենք չենք ասում, չէ՞: Քրիստոսն ասում է. «Դու ասացիր»: Հիմա իրենց համար այնքան սովորական է դարձել, այնքան ամենօրյա հասկացություն է դարձել այն, որ կլան է և այդ կլանը զավթել է, որ արդեն թաքցնելու իմաստ էլ չունի: Եթե մեծից փոքր բոլորը գիտեն, էլ ինչը թաքցնեն: Ազնիվ մարդ չե՞ք տեսել, մարդն ազնվորեն խոստովանել է, էլ ի՞նչ եք ուզում»:

Տեսանյութեր

Լրահոս