Բաժիններ՝

Պետրոս Ղազարյանի դիմումի արդյունքում` Օմբուդսմենի խորհուրդները ոստիկանությանը

Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Օմբուդսմենի հետ հարցազրույցի ընթացքում հրապարակայնորեն դիմել էր նրան և հայտնել, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս՝ ոստիկանությունը սպառնացել է իրեն: Նման բողոքի պատճառ է հանդիսացել Ոստիկանության կողմից պատրաստված և «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութը, ինչը ոստիկանության արձագանքն էր այդ մարմնի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած քննադատությանը: Ոստիկանության անունից այդ տեսնայութում Պետրոս Ղազարյանին խորհուրդ էր տրվում. «… եթե այնուամենայնիվ որոշել եք հարց լուծել` ձեր իմացությանն ու կարողությանը հարիր թեմա ու թիրախ ընտրեք, թե չէ հարցի ծանրությունից կկքվեք»։

ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված բռնություն գործադրելու սպառնալիքով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Գտնելով, որ այս դեպքում ոստիկանության հնչեցրած սպառնալիքը ակնհայտ չէ և այդ պատճառով իրավական իմաստով քրեական գործի հարուցումը նպատակահարմար չէ, այնուամենայնիվ, Պաշտպան Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել հետևյալը:

Օմբուդսմենի խորհուրդը ոստիկանությանը.
«1. Գործեք ձեր իրավասությունների շրջանակում և զերծ մնացեք լրագրողին կամ որևէ այլ անձի սպառնալի խորհուրդներ տալուց:
2. Բոլորիս աջակցությամբ, այդ թվում՝ քննադատությամբ, շարունակեք ոստիկանության բարեփոխման ծայրահեղ անհրաժեշտ գործը: Անելիքները շատ են:
3. Քրիստոնեաբար ընդունեք և սահմանադրորեն արձագանքեք քննադատությանը: Այդ դեպքում իրական ու շոշափելի բարեփոխումների արդյունքը կվայելենք ու կհնչեցնենք բոլորս»։

Անընդունելի է ոստիկանության կամ որևէ այլ մարմնի կողմից լրագրողական օրինական գործունեությանը ակնհայտ կամ քողարկված սպառնալիքով խոչընդոտելը: Ժողովրդավարական երկիր կարող ենք լինել միայն այն դեպքում, երբ չենք լռեցնում նույնիսկ անհաճո լրագրողի՝ անգամ հրահրող քննադատությունը: Նման երկրում միայն զրպարտչական կամ վիրավորական խոսքն է թույլատրվում սահմանափակել, այն էլ բացառապես դատական կարգով: Զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու օրենսդրական լիարժեք հնարավորություն այսօր ունի թե´ ոստիկանը և թե´ որևէ այլ անձ: Իսկ մնացյալ բոլոր փորձերը ուղղորդել, սահմանափակել, ճնշել ազատ մարդուն և մասնավորպես լրագրողին՝ բացարձակ մերժելի ու ապօրինի են, հատկապես, երբ դրանք արվում են պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից:

Կարդացեք նաև

Ավելին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով հաստատվել է, որ անընդունելի է այնպիսի գործողությունների ձեռնարկումը կամ նույնիսկ այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որոնք կդրդեն անձանց երկմտել, վախենալ իրենց խոսքի ազատության իրացման համար (Վիլը ընդ. Լիխտենշտեյնի, Նիկուլան ընդ. Ֆինլանդիայի, Էլսին և այլոք ընդ. Թուրքիայի):

Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս