Նախագահի թեկնածուների հիմնական պայքարը ոչ թե ինտերնետում, այլ ռեալ կյանքի մեջ է

«168 ժամի» զրուցակիցը Սուրեն Դեհերյանն է: Նա «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահն է: Նրա համոզմամբ` ինտերնետի շնորհիվ վերջին տարիներին ինֆորմացիոն հոսքն ավելացել է: Նաև ավելացել է հայկական ինտերնետային լրատվամիջոցների քանակը, սակայն այդ ամենը հետաքրքիր չէ այն առումով, որ գրեթե բոլոր խմբագրությունները, որոնք տեղեկատվություն են ստեղծում ինտերնետում, իրենք գրեթե չեն օգտագործում մուլտիմեդիայի հնարավորությունները, որպեսզի ավելի գրավիչ ներկայանան ընթերցողներին:

Նրանք շարունակում են ներկայանալ ընթերցողներին` 90%-ով մատուցելով տեքստ ու ինչ-որ մի նկար, որն արդեն տարիներ շարունակ պտտվում է նույն կայքերում: Ս. Դեհերյանը նշում է, որ այդ հնարավորություններից չեն օգտվում նաև ընտրություններին մասնակցող թեկնածուները, որպեսզի իրենց նախընտրական ծրագրերն ավելի գրավիչ ներկայացնեն: Մեր զրուցակիցը նշում է, որ թեկնածուների ինտերնետային կայքերում լավաշի նման տեղադրված ծրագրերը կարելի է փոխարինել ինչ-որ մի հոլովակով, որը ցույց կտա, թե, օրինակ, տվյալ իրավիճակից մինչև այդ թեկնածուի ծրագրի իրականացումը ի՞նչ կփոխվեր մեր երկրում:

Ըստ մեր զրուցակցի` այդ ամենը կարող է քաղաքացու վրա շատ ավելի լուրջ տպավորություն թողնել, քան այն երկար տեքստերը, որոնք գրեթե ոչ ոք չի կարդում: Ավելին, ընտրողի կարծիքը կրկին ձևավորվելու է իր բարեկամի, իր հարևանի հետ զրույցի արդյունքում: Մի խոսքով` ավելի գրավիչ ներկայանալու համար պետք է ինֆոգրաֆիկաներ օգտագործել, մուլտիմեդիա պրոյեկտներ կիրառել, և դրա համար, ըստ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահի, ռեսուրսներ խնայել պետք չէ:

– Առաջիկայում ընտրություններ են, ինտերնետը որպես քաղաքական գործիք` ինչպե՞ս կարող է կիրառվել:

Կարդացեք նաև

– Ինտերնետը` որպես քաղաքական գործիք, իհարկե, շատ կարևոր գործիք է, ու, եթե նախկին` 2007-2008 թթ. խորհրդարանական ընտրություններին նոր-նոր առաջին քայլերն էին կատարվում, բացում էին իրենց փորձնական ինտերնետային կայքէջերը, իսկ 2008թ. նախագահի թեկնածուներն իրենք ստեղծեցին, փաստորեն, լրացուցիչ կայքէջեր, որտեղ կարելի էր ծանոթանալ թեկնածուների ծրագրերին, և այլն, ապա ներկայումս այդ ամենին գումարվում է նաև մի հսկա հնարավորություն` սոցիալական ցանցերի կիրառումն ու օնլայն լրատվամիջոցների ռեսուրսները, որոնք անհամբեր սպասում են ինչ-որ ինֆորմացիայի, որպեսզի այն կուլ տան` անգամ առանց մարսելու դա և առանց մտածելու:

Արդյունքում, մենք շատ հաճախ տեսնում ենք ինֆորմացիա, որն անմիջապես հայտնվում է ինտերնետում` ու տարածվում է շատ արագ` շատ ուժեղ մրցակցության պատճառով, իսկ այնուհետև հերքվում է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ օնլայն լրատվամիջոցներից շատերը պատրաստ են առաջինը լինելու համար ցանկացած սկանդալային տեղեկատվություն տեղադրել իրենց կայքում` չճշտելով աղբյուրի հավաստիությունը, և այլն: Այսինքն` այս պարագայում, իհարկե, քաղաքական ուժերը և թեկնածուները շատ ռեալ հնարավորություններ ունեն և կարող են օգտագործել այդ ռեսուրսները` ի օգուտ կամ ի վնաս իրենց թեկնածուների, ինչը և ներկայումս կատարվում է:

– Այսինքն` այս իմաստով բոլոր թեկնածուները մրցակցության հավասար հնարավորություններ ունեն:

– Ամեն դեպքում` հավասար մրցակցություն չի գնում: Այսինքն` մենք տեսնում ենք մի թեկնածու, որն իր կշռով շատ ավելի մեծ է, քան մյուս 7 թեկնածուները: Լռությունը դեռ չի նշանակում, որ դու չես օգտագործում այդ նույն տեխնոլոգիաները, ինչ որ մյուս 7-ը փորձում են օգտագործել: Կարելի է ասել, որ տվյալ թեկնածուի հզորությունը նաև կայանում է նրանում, որ ոչ թե ինքը չի կիրառում, այլ որևէ մեկի դիմաց խոչընդոտ չի դրվում կիրառելու բոլոր լրատվական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, քանի որ այդ 7 թեկնածուները իրենցից չեն ներկայացնում այնպիսի մրցակից, որը անհանգստություն կպատճառեր այդ մեկ թեկնածուին:

Նույնը կարելի էր ասել նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ. լրատվական դաշտը բաց է, յուրաքանչյուր կուսակցություն այն ժամանակ ուներ բավական քանակության թե սոցիալական էջեր, թե կայքեր, որոնց միջոցով փորձում էին իրենց ասելիքը փոխանցել հանրությանը, նույնը հիմա է, որևէ խոչընդոտ չկա:

– Ի՞նչ եք կարծում, առաջիկա ընտրություններին հնարավո՞ր է, որ, այսպես ասած, «ռուբիլնիկն անջատեն», և մենք զրկվենք ինտերնետից և տեղեկատվությունից: Այնպես, ինչպես դա եղավ նախորդ նախագահական ընտրություններին հետևած դեպքերի ընթացքում:

– Կարծում եմ` ամբողջ ինտերնետը փակելն անհնար է այս պարագայում: Զարգացումներն այնպես են գնում, որ դրա կարիքը պարզապես չի լինի: Այն, ինչ տեղի ունեցավ 2008թ.-ին, այն ժամանակ իրավիճակն այլ էր, մրցակիցները շատ ավելի էին հաղթանակի տրամադրված: Հենց այդ ժամանակ էր, փաստորեն, որ համացանցը սկսեց շատ ուժեղ ազդեցություն ունենալ, և գործող իշխանությունները հասկացան, որ պետք է այստեղ էլ որոշակի արգելքներ ստեղծել:

Այս պահին նման վտանգ նրանց համար չկա: Այս պահին, ընդհակառակը, իրենք ամեն ինչ պետք է անեն, որ ցույց տրվի, որ ամեն ինչ շատ թափանցիկ է: Մյուս կողմից` խնդիրը նրանում է, որ ներկայումս նույն օնլայն կայքերը կամ օնլայն ինֆորմացիոն դաշտը ոչ պակաս անվստահելի է հանրության համար: Ինֆորմացիան շատ-շատ է, և դու պետք է այդ ամենի միջից պեղես ամենավստահելի տեղեկատվությունը, քանի որ շատ հաճախ, երբ որևէ տեղեկատվություն է հայտնվում, սկսում է արագ տարածվել, իսկ հետո պարզվում է, որ դա սուտ լուր էր, և սկսում են հերքումներ տարածել:

Այս ազատության մեջ էլ ես ինչ-որ նպատակներ եմ տեսնում, այսինքն` ուզո՞ւմ եք ազատություն, խնդրեմ Ձեզ ազատություն, դուք ինքներդ փչացրեք այն, ինչ որ կարող եք անել: Այս պարագայում ինչո՞ւ խառնվել, փակել, ինչ-որ մեկին նեղացնել և այլն, եթե այդ ամենն ինքնըստինքյան կկատարվի:

– Ինտերնետը զարգանում է, ու տարածվածությանը զուգահեռ` տարածում է գտնում նաև ինտերնետ գովազդը: Արդյոք գովազդն ինտերնետով կդառնա՞ այն հզոր գործիքը, որը կնախընտրեն թեկնածուները և կսկսեն ավելի շատ ինտերնետով քարոզչություն անել, քան հեռուստատեսությամբ:

– Չէ, հեռուստատեսությունը Հայաստանում դեռևս շարունակում է մնալ` որպես հզոր գործիք: Ես նման տվյալներ չունեմ, թե ինտերնետային գովազդը հեռուստատեսությունից առաջ է անցել, կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում դեռևս տեղեկատվության թիվ մեկ աղբյուրը հանդիսանում է հեռուստատեսությունը: Դրա մասին էր վկայում նաև այն, որ օրինակ, ամանորյա սեղանի շուրջ նստած` մարդիկ անհամբեր սպասում էին ամանորյա հաղորդումներին, և այլն, իսկ հետո, իհարկե, այդ ամենի մասին իրենց կարծիքն էին գրում ու քննարկում սոցցանցերում:

Մարդիկ դիտում են հեռուստացույց, և հեռուստացույցը շարունակում է մնալ ինֆորմացիայի աղբյուր: Նաև կարծում եմ, որ փողոցային մեծ վահանակներով գովազդի ազդեցությունը ներկայումս շատ ավելի քիչ է, քան ինտերնետինը: Իհարկե, ներկայումս ինտերնետում գտնվող մարդիկ այն զանգվածն են, որով հետաքրքրված են քաղաքական ուժերը:

– Կարո՞ղ ենք ասել, որ այսօր Հայաստանում նախագահական ընտրապայքարը տեղափոխվել է ինտերնետ, թե՞ նման բան ասելը դեռ շուտ է:

– Ոչ թե տեղափոխվել է ինտերնետ, այլ պաքարը նաև ծավալվում է ինտերնետում: Նայած, թե ինտերնետ ասելով` մենք ի՞նչ նկատի ունենք: Եթե ինտերնետ ասելով` նկատի ունենք սոցցանցերը, որոնցում մաքսիմում 300-400 հազար օգտատեր կա, ապա պետք է հաշվի առնել, որ ընտրողների քանակը շատ ավելին է, այն ընտրողների քանակը, որոնք հետևում են հեռուստատեսությանը:

Ինչ վերաբերում է թերթերին, ապա, այսպես ասած, նրանք շատ ավելի ծանր վիճակում են, իրենք էլ են, սակայն, տեղափոխվել ինտերնետ: Կարելի է ասել, որ ավանդական լրատվամիջոցներն էլ` իրենց ողջ ռեսուրսներով ու հնարավորություններով, փորձում են նույն գործունեությունը ծավալել ինտերնետում, որի հետ մեկտեղ` ինտերնետ է գալիս նաև ընտրությունների վերաբերյալ ինֆորմացիոն հոսքը:

Այս պահին, իհարկե, թեկնածուների համար ինտերնետի ու սոցցանցերի հնարավորությունները լրացուցիչ տեխնոլոգիաներ են, որոնք կարող են կիրառել, սակայն հիմնական պայքարը, իհարկե, ռեալ կյանքում է:

– Ի՞նչ եք կարծում` արդոք ընտրություններից հետո որոշ լրատվական կայքեր կփակվե՞ն: Խոսքն այն կայքէջերի մասին է, որոնք ստեղծվել են կոնկրետ ընտրությունների ընթացքում քարոզչական կամ այլ տեխնոլոգիաներ կիրառելու նպատակով:

– Վերջին մեկուկես տարիների ընթացքում բազմաթիվ կայքեր ստեղծվեցին, ու անհասկանալի էր, թե ո՞ւմ կողմից: Որովհետև այդ նույն լրատվական բնույթի կայքերը, որոնք շատ նման են իրար անգամ անուններով, օգտագործում են hay, arm, news, info, lur նման բառակապակցությունները` իրար կպցնելով, ստեղծվում են նմանատիպ տեսքով ու նմանատիպ բովանդակությամբ, և շատ դեպքերում իրարից փախցնող ինչ-որ հոդվածներով կայքեր են, որոնց գոյությունը, անհասկանալի է, թե որքա՛ն կտևի:

Իհարկե, դրանում որևէ վատ բան չկա, կարծում եմ, որ նման կայքերի ստեղծումն իրականում մրցակցություն է ստեղծում նաև այն կայքերի համար, որոնք, այսպես ասած, միշտ լրատվության դաշտում են եղել, մինչ այդ` ավանդական տեսքով, իսկ հիմա առցանց են ներկայանում: Խնդիրը նրանում է, որ պետք է հասկանալ` այդ տեսակ կայքերի ճակատագիրն արդյոք շարունակակա՞ն է լինելու, թե՞ ոչ:

Այդ կայքերը, գոնե որպեսզի վստահություն ունենան` պետք է ունենան ամենապրիմիտիվ հարցերի պատասխանը` խմբագրության հասցե, գոնե լրագրողների անուն-ազգանուն, խմբագրի անուն-ազգանուն, և այլն: Որևէ նյութ տեղադրելիս պետք է պահպանեն լրագրողի հեղինակային իրավունքները` գոնե անուն-ազգանունը, որպեսզի ընթերցողները հասկանան, որ այդտեղ մարդիկ են աշխատում, այլ ոչ թե ռոբոտներգ կարծես մսաղացի նման այս կողմից ինֆորմացիան լցվում է, այն կողմից թափվում է:

– Այսինքն` դրանից հենց բխում է նաև տվյալ լրատվամիջոցի պատասխանատվությունը:

– Հենց դա նկատի ունեմ: Ես բազմաթիվ անգամներ կրկնել եմ, որ եթե մենք ցանկանում ենք, որպեսզի առցանց կայքերի մակարդակը և վստահությունը դեպի առցանց կայքեր բարձրանա, պետք է գոնե այդ պահանջները բավարարել, որպեսզի ցանկացած լրագրող իր նյութը տեղադրելիս հասկանա, որ իր անուն-ազգանունը տակը լինելու է, և նրա պատասխանատվությունը դրանից ավելի մեծ կլինի, այլևս գրագողությամբ չի զբաղվի, ցանկացած ինֆորմացիա տեղադրելիս կստուգի դրա հավաստիությունը, և այլն: Այսինքն` այդ ամենի արդյունքում նրա պատասխանատվությունը շատ ուժեղ կբարձրանա: Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք բազմաթիվ իրար նման անուններով .am տիրույթում գրանցված «լրատվական» կայքէջեր, որոնք, անհասկանալի է, թե որտեղի՞ց են անգամ ֆինանսավորվում, երբ ունեն թեկուզ 3 հոգանոց աշխատակազմ, սակայն չունեն գովազդ:
Դժվար է ասել` դրանք զուտ նախընտրակա՞ն նպատակ ունեն:

Տարբեր նպատակներ կարող են ունենալ, սակայն բոլոր դեպքերում պետք է պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, գոնե նվազագույն պահանջները: Չեմ կարծում, որ այսօր թեկնածուներից առնվազն գոնե յոթը ի վիճակի է գումար տրամադրել և ֆինանսավորել մի ռեսուրս` կայք, որն իր օգտին տեղեկատվություն կտարածի: Ներկայումս ցանցային լրատվական կայքերը շատ են, և դրանք տեղեկատվության կարիք ունեն, այլ հարց է, թե թեկնածուները որքանո՞վ հետաքրքիր ասելիք կունենան և կկարողանան թեմա տալ և ճիշտ կազմակերպել այդ ամենը, որպեսզի չսպառվեն, և գրավիչ տեղեկատվություն տարածելու առիթներ կստեղծեն, քանի որ բոլորն էլ ցանկանում են լուսաբանել ընտրությունները:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ 9 կուսակցություններից 3-ը` այն կուսակցությունները, որոնք մեծ ռեսուրսներ չունեին, իրենք էլ չանցան Ազգային ժողով, իսկ նրանց լուսաբանեցին այնքան, որքան իրենք կարողացան միջոցառումներ կազմակերպել: Լրատվամիջոցները թեկնածուներին կանդրադառնան այն չափով, որչափով այսօր նախագահի այդ 8 թեկնածուները հետաքրքիր կներկայանան, նոր միջոցառումներ կկազմակերպեն և ասելիք կունենան: Օրինակ` մի քանի թեկնածուներ արդեն հանել են իրենց թեկնածությունը և այդպիսով թեմա են տվել լրատվամիջոցներին:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս