Բաժիններ՝

«Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին ուղղված չէր որևէ այլ երկրի դեմ». Հունգարիայի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ժոլտ Չուտորան անդրադարձել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին.

 

«Դուք գիտեք, որ դա ամբողջովին եղել է իրավական որոշում: Անկախ այդ որոշումից, հարաբերությունները լավացել են: Երկու երկրների գերատեսչությունների, առաջին դեմքերի միջև առկա են շատ լավ հարաբերություններ: Ես անգամ կասեի, որ նրանք որոշակի առումով դարձել են բարեկամներ:

 

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին ոչ մի կերպ չի ազդել մեր կապերի վրա, քանի որ դա ամբողջովին եղել է իրավական գործընթացը: Մեր ժողովուրդները մերձենում են միմյանց, մեր լեզուներում կան բազմաթիվ նման բառեր: Օրինակ, «կացին» բառը:

 

Ինչ վերաբերում է Սաֆարովի արտահանձնումից հետո Հունգարիայի հետ Հայաստանի կողմից դիվանագիտական հարաբերությունների խզմանը, ապա ես մշտապես ասել եմ, որ դա իրավական որոշում էր և ուղղված չէր որևէ այլ երկրի դեմ: Դժբախտաբար, Հայաստանը դադարեցրեց մեր երկրի հետ դիվանագիտական կապերը:

 

Մենք փորձում ենք կարգավորել Հայաստանի հետ մեր հարաբերությունները: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում: Հունգարիան բարեկամական երկիր է, չունի հակառակորդներ, և մենք ձգտում ենք դիվանագիտական լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ»:

 

Հիշեցնենք, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին է արտահանձնել նախորդ տարվա օգոստոսի վերջին: Որոշակի տվյալներով՝ դրա դիմաց Ադրբեջանը պարտավորվել է գնել Հունգարիայի պետական պարտատոմսերը՝ 2-3 միլիարդ եվրո արժողությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս