Ընդդիմությունն իշխանության ոտիկներից մեկն է. Տիգրան Խզմալյան
«Եթե ներկայացնենք իշխանությունը՝ որպես մի աթոռ, ընդդիմությունն այդ աթոռի ոտիկներից մեկն է: Եթե ոտիկներից մեկը հանվի, և եթե ընդդիմությունը չմասնակցի այդ միջոցառմանը, խեղկատակությունը կտապալվի, հանդիսատեսներ, մասնակիցներ չեն լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին ու դրանցում ընդդիմության դերակատարությանը:
Նա համարում է, որ մոտ մեկ ամսից Սերժ Սարգսյանը փորձելու է տոնել հերթական պյուռոսյան հաղթանակը: Տիգրան Խզմալյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն արդեն «ընտրվել է», որովհետև լինելու են ոչ թե ընտրություններ, այլ՝ խեղկատակություն: Ըստ Խզմալյանի, խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, նշանակում է՝ քննարկել այն հարցը՝ կա՞ Ձմեռ պապ, թե՞ ոչ: Տիգրան Խզմալյանը համոզված է, որ այս ընտրություններն ավելի ցինիկ են լինելու, քան նախորդները, քանի որ կեղծիքը, սուտը, բռնությունն արդեն հասցված է կատարելության:
Դիտարկմանը, թե իր ասածներից ստացվում է, որ ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մասնակցում են այդ խեղկատակությանը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ հարգում է նրանց ընտրությունը: «Ես կարծում եմ, որ նրանք գիտակից մարդիկ են: Ինչո՞ւ են իրենք մասնակցում, ես կարող եմ պատկերացնել, հասկանալ: Ես հարգում եմ իրենց ընտրությունը, ուղղակի որպես քաղաքացի՝ համարում եմ, որ դա իրենց կողմից հերթական և ողբերգական սխալ է»,- նշեց «Սարդարապատ» շարժման անդամը:
Անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու միջոցով իրավիճակի փոփոխության հասնելու հնարավորությանը՝ Տիգրան Խզմալյանը նշեց, որ դա արդյունավետ տարբերակ չէ: «Զուտ բոյկոտը, ինչպես հայերը սովորաբար ասում են, «նստել թախտին, սպասել բախտին» ձև է: Բոյկոտն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է »,- ասում է նա:
Իշխանափոխությունը ևս, ըստ Տիգրան Խզմալյանի, ժողովրդավարության հաստատման համար ևս անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Նրա համոզմամբ, Հայաստանին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
Տիգրան Խզմալյանն ասում է, որ ամբողջ աշխարհում ընտրությունների միջոցով են փոփոխություններ կատարվում, բայց Հայաստանում այս սկզբունքը չի աշխատում. սկզբում պետք է լինեն փոփոխություններ, ապա նոր՝ ընտրություններ: «Ուստի մենք պարտավոր ենք կատարել համակարգային փոփոխություններ, որպեսզի կարողանանք և պարտավոր լինենք անցկացնել համազգային արդար ընտրություններ»,- նշեց Տիգրան Խզմալյանը, ով նաև «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամներից է: