Թուրքիան երբեք քիմիական զենք «չի կիրառել» PKK-ի դեմ գործողություններում. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը «երբեք» քիմիական զենք չեն կիրառել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում. «Թուրքիայի զինված ուժերը չունեն քիմիական զենք և մտադիր չեն ձեռք բերել այն»:
Յըլմազն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, ինչ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) հայտարարեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին քիմիական զենքի կիրառման հետևանքով Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում զոհվել է 10 PKK-ական:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ժանդարմերիայի նախկին հրամանատար Նեջդեթ Օզելը 1999 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի Բալլըքայա գյուղի մոտ գրանցված բախման ժամանակ PKK-ականների դեմ քիմիական զենք կիրառելու համար քրդերի շրջանում և ընդհանրապես Թուրքիայում հայտնի «Քիմիական Նեջդեթ» մականվամբ։
Ի դեպ, 2010 թվականի օգոստոսին եվրոպական (մասնավորապես` գերմանական) մամուլում շրջանառության մեջ էր մտել այն լուրը, թե թուրքական զինուժը PKK զինյալների դեմ պայքարում քիմիական զենք է օգտագործում և մասնատում է նրանց դիակները: Գերմանական Der Spiegel թերթը տեղեկատվություն էր տարածել, որ խմբագրությունում ստացվել են զոհված 8 քուրդ զինյալների լուսանկարներ, որոնց մահվան պատճառը եղել է քիմիական զենքի կիրառումը:
Այն ժամանակ գերմանական Բունդեսթագի զինաթափման գծով հանձնաժողովի նախագահ Ուտա Ցապֆը հայտարարել էր, որ եթե դա ապացուցվի, ապա Թուրքիային կսպառնա միջազգային պայմանագրերին համապատասխան պատժամիջոցների կիրառումը:
Քիմիական զենքի կիրառումն արգելված է 1899 թվականի Հաագայի կոնվենցիայով, որի 23-րդ հոդվածով արգելվում է այնպիսի զինամթերքի կիրառումը, որի միակ նշանակությունը հակառակորդի կենդանի ուժը թունավորելն է, ինչպես նաև 1925 թվականի Ժնևյան արձանագրությամբ ու 1993 թվականի՝ քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումն ու կիրառումն արգելող Ժնևյան կոնվենցիայով:
Թուրքիան վերջինիս տակ իր ստորագրությունը դրել է 1993 թվականի հունվարի 14-ին: Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (OPCW) անդամակցելու որոշումը Թուրքիայում վավերացվել է 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի հունիսի 11-ին: