Ո՞վ սպանեց քաղաքականությունը Հայաստանում
2013 թվականի նախագահի ընտրություններն աննախադեպ են նրանով, որ դրանց պաշտոնապես չեն մասնակցում խորհրդարանական երեք խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Նրանք, ինչպես հայտնի է, տարբեր պատճառներով դե ֆակտո բոյկոտել են ընտրությունները: Լա՞վ է դա, թե՞ վատ, արդյունավե՞տ քայլ է պայքարի տեսանկյունից, թե՞ հակառակը, միանգամայն այլ հարց է:
Բայց անկախ դրանից, նշված ուժերի դիրքորոշումը դուրս է քաղաքականության տրամաբանությունից, քանի որ դասական իմաստով բոյկոտը` որպես քաղաքական ինստիտուտ, միանգամայն այլ դրսևորումներ ունի և արտահայտվում է շատ որոշակի գործողությունների ու քայլերի համալիրով, ինչը նշված քաղաքական ուժերի դեպքում բացակայում է:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ առաջիկա ընտրությունները լինելու են ամենաապաքաղաքական ընտրությունները` և՛ ձևի, և՛ բովանդակության իմաստով:
Ու գուցե խորհրդանշական է, որ 2012-2013 թվականների զարգացումները կարծես դառնալու են Հայաստանում ապաքաղաքականության կամ քաղաքականության վախճանի գագաթնակետը:
Ընդհանրապես Հայաստանում քաղաքականության աղճատումը, քաղաքական ուժերի կողմից ապաքաղաքական գործունեությունը սկսվել է շատ վաղուց, և ընթացիկ շրջափուլը հանդիսանում է բավական երկար իրադարձությունների շղթայի յուրօրինակ ընդհանրացումը:
Թեև ապաքաղաքական քաղաքականության արմատները հասնում են մինչև նորանկախ Հայաստանի կազմավորման առաջին օրերը, սակայն ներկայիս զարգացումների հետ տրամաբանական կապն արտահայտելու համար բավական է հիշատակել համեմատաբար «նոր շրջանը»` 1998 թվականին ու դրանից հետո կատարվածը:
1998 թվականի փետրվարի 3-ի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, թերևս, Հայաստանի պատմության ամենաապաքաղաքական քայլերից մեկն էր: Նա անձամբ հեռացավ նախագահի պաշտոնից՝ իշխանությունից դե ֆակտո հեռացնելով նաև իր քաղաքական թիմին: Տեր-Պետրոսյանն, իհարկե, հրաժեշտի ելույթում իր թիմակիցներին հարևանցիորեն կոչ արեց չկաշկանդվել ու շարունակել աշխատել, սակայն խոսքը դրա մասին չէ:
Եթե անգամ Տեր-Պետրոսյանը հոգնել էր կամ այլ պատճառներով չէր ցանկանում շարունակել պաշտոնավարումը, քաղաքական տրամաբանության տեսանկյունից պարտավոր էր հեռանալուց առաջ ապահովել իր քաղաքական թիմի, իմա` քաղաքական կուրսի, գաղափարախոսության, ծրագրերի շարունակությունը, ինչը տեղի չունեցավ: Ու շատ օրինաչափ էր, որ Տեր-Պետրոսյանից հետո իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական քարոզարշավն իսկ սկսեց ապաքաղաքական կարգախոսով ու գործելաոճով` «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»:
Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիները անցան ապաքաղաքականության «հովանու ներքո», ինչի արդյունքում փաստացի կազմաքանդվեց Հայաստանի քաղաքական համակարգը: Գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերն այդ տարիներին երկփեղկվեցին, մի քանի մասերի բաժանվեցին:
Երբեմնի հզոր ընդդիմադիր կուսակցությունները` ԱԺՄ-ն, ՀԺԿ-ն, բաժանվեցին 3-4 մասերի, մնացած քաղաքական ուժերից հեռացան բազմաթիվ անդամներ: Թեև Քոչարյանի «կուսակցությունը ժողովուրդն էր», սակայն 1998-2008 թվականներին նրա հիմնական հենարանը դարձավ Դաշնակցությունը, որը` լինելով հայաստանյան ամենաքաղաքական ուժերից մեկը, իրեն դրսևորեց ամենաապաքաղաքական ձևով: Դրա վառ արտահայտությունն այն է, որ իշխող կոալիցիայի կազմում գտնվելու տարիներին դաշնակցականները հայտարարում էին, թե իրենք ընդդիմություն են իշխանության մեջ:
Քոչարյանի ապաքաղաքականության շարունակությունը, բնականաբար, պետք է լիներ քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող մարդկանց միջոցով կուսակցություն հիմնադրելը: Գագիկ Ծառուկյանը լավագույն թեկնածուն էր դրա համար: Արդյունքում` «Բարգավաճ Հայաստանն», առանց որևէ քաղաքական տեքստի, մոտ հինգ տարի գտնվեց իշխանության մեջ, իսկ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում դառնալով խորհրդարանական երկրորդ խմբակցությունը՝ իրեն հայտարարեց այլընտրանք, ինչը նոր խոսք էր ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային քաղաքականության մեջ:
Ի դեպ, անցած խորհրդարանական ընտրություններն ընդհանրապես ապաքաղաքականության շքահանդես էին, և ԲՀԿ-ն միակը չէր իր այդ ամպլուայի մեջ: Իշխանությունն՝ ինքը, ընտրություններին մասնակցեց ապաքաղաքական կերպով, այն պարզ պատճառով, որ իշխող ՀՀԿ-ն նույն ԲՀԿ-ից շատ քիչ է տարբերվում իր բովանդակությամբ: Արդյունքն այն եղավ, որ խորհրդարանական ընտրությունների ողջ քարոզարշավին մի քանի հարյուր հազար անդամ ու մի քանի տասնյակ պատգամավոր ունեցող ՀՀԿ-ն մասնակցեց… ի դեմս Սերժ Սարգսյանի: Վերջինս գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով՝ ամբիոններին միայնակ կանգնած՝ կոչ էր անում «հավատալ, որ փոխվել»` առանց «փոխողներից» մեկին խոսք տալու: Այն պարզ պատճառով, որ «փոխողները»` համամասնական ցուցակի անդամների մեծամասնությունն ու մեծամասնական թեկնածուները` գրեթե ամբողջությամբ, ոչ միայն քաղաքական, այլ անգամ մայրենի լեզվով տեքստ ասելու կարողություն չունեն:
Խորհրդարանական ընտրություններում ապաքաղաքականության մեկ այլ դրսևորում էր «Ժառանգություն» կուսակցության գործելաոճը: Քաղաքացիականության գեղեցիկ, բայց դատարկ կարգախոսների անվան տակ այդ կուսակցությունն ԱԺ ընտրությունների իր համամասնական ցուցակում, բացի մեկ այլ կուսակցության մի քանի անդամներից, ընդգրկեց քաղաքականության հետ որևէ կապ չունեցող «հանրային սեկտորի» ներկայացուցիչների: «Ժառանգության» միակ տրամաբանական քայլն այդ ընտրություններում «սարեր շարժելու» խոստումն էր, քանի որ նրա ցուցակի անդամների մեծամասնությունը երկրաբանության հետ ավելի շատ կապ ուներ, քան քաղաքականության:
Ապաքաղաքական խորհրդարանական ընտրությունների տրամաբանական շարունակությունն էլ պետք է լիներ նախագահական ընտրություններում ոչ քաղաքական դիրքորոշումների առատությունը, ինչի ականատեսն ենք այս օրերին: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը ոչ միայն սեփական թեկնածուներ չունեն, այլ նաև չեն սատարելու որևէ այլ թեկնածուի: ՀԱԿ-ը, սակայն, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից առանձնանում է նրանով, որ չի սատարում անգամ իր հիմնադիրներից ու անդամներից մեկին` Հրանտ Բագրատյանին: Սա, թերևս, ավելի ապաքաղաքական դիրքորոշում է, քան անգամ ԲՀԿ-ի այլընտրանքը: Ի դեպ, այս շարքից հետ չի մնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լինելով կուսակցության հիմնադիր ու առաջնորդ, ընտրություններում առաջադրվել է ոչ թե «Ժառանգության», այլ անձամբ իր կողմից:
Րաֆֆին, ինչպես հայտնի է, պաշտոնապես ինքնառաջադրվել է:
Հայաստանում քաղաքականության դեգրադացումն ուղեկցվում է քաղաքացիական հասարակության կայացման, ամրապնդման, զարթոնքի հետ, ինչը, սակայն, դրական կողմերից բացի, նաև վտանգներ է պարունակում: Քանի որ քաղաքական ուժերից շատերն իրենց ապաքաղաքականությունը լղոզում են «քաղաքացիականության»` հիմնականում կեղծ կարգախոսների ներքո, ինչն ընդամենը ինքնարդարացում է և խորացնում է քաղաքականության իմիտացիան:
Այո, քաղաքացիական հասարակության դերակատարությունն ու կարևորությունը չափազանց մեծ է, և յուրաքանչյուրը պետք է անի հնարավորը՝ դրան նպաստելու համար: Սակայն անթույլատրելի է, երբ քաղաքացիական հասարակության միավորները ստանձնում են քաղաքական գործառույթներ և՝ հակառակը: Դրանով ավելի է խորանում քաղաքական համակարգի դեգրադացիան, և աղճատվում է նույն քաղաքացիական հասարակությունը: