2013 թվականին երկրագնդի 10 թեժ կետերը (լուսանկարներ). Միջազգային ճգնաժամային խումբ
Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) կազմել է 2013 թվականին երկրագնդի թիվ 10 թեժ կետերի ցանկը, որոնք առավելագույն սպառնալիք են ներկայացնելու համայն աշխարհի մարդկության անվտանգությանը.
Սուդան
Սուդանի խնդիրը չավարտվեց 2011 թվականին նրա հարավի անջատմամբ: Քաղաքացիական պատերազմը, ոչ մեծ ընտրանու ձեռքում իշխանության ու ռեսուրսների կենտրոնացումը սպառնում են երկրի հետագա փլուզմանը: Իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ներսում առկա տարաձայնությունները, ժողովրդական աճող հուզումները և տնտեսական կայուն ճգնաժամը նույնպես կարող են երկիրը տանել տվյալ ուղղությամբ: 10 տարի առաջ իրավիճակը գրեթե նույնն էր, ինչից մշտապես տուժում են քաղաքացիական անձինք: Երկարաժամկետ հեռանկարում ստատուս քվոյի պահպանումը նշանակում է անդադար պատերազմներ, միլիոնավոր տեղահանվածներ, օգնության վրա ծախսվող միլիարդներ, ինչն անտանելի է բոլոր կողմերի համար: Խնդրի լուծման համար հակամարտող բոլոր կողմերը պետք է ներառվեն երկխոսության մեջ:
Թուրքիա/PKK
Աշնանն ու ձմռանը տիրող սառը եղանակը նվազեցրել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ռազմական գործողությունները: Սակայն անհանգստության նշաններն ի հայտ կգան 2013 թվականի գարնանը: 2011 թվականի կեսերից, երբ PKK-ն վերսկսեց իր գործողությունները, սպանվել է 870 մարդ, ինչն ամենավատ ցուցանիշն է 1990-ական թվականներից սկսած: Թուրքիայում աճում է նաև քաղաքական լարվածությունը, քանի որ քրդական լեգալ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (BDP) գնալով ավելի շատ է որդեգրում PKK-ամետ դիրքորոշում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սպառնաց նրա պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Պետությունը 2009 թվականից PKK-ամետ «ահաբեկչական» դիրքորոշման համար ձերբակալել է հազարավոր քուրդ ակտիվիստների՝ թեև նրանցից շատերը չեն մեղադրվել բռնության որևէ ակտ գործադրելու մեջ:
Թուրքիայի կառավարությունը դադարեցրել է 2005-2011 թվականներին PKK-ի հետ գաղտնի բանակցություններ վարելը և հրաժարվել է «Ժողովրդավարական նախաձեռնությունների» մեծ մասից, որոնք արդարության ու հավասարության հույսեր էին ներշնչել Թուրքիայի 12-15 միլիոն քրդերի շրջանում, որոնք կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը: Կառավարությունը դեռ կարող է շահել երկրի քրդերի մեծամասնության վստահությունը՝ հայտարարելով բարեփոխումների ողջ փաթեթի անցկացման մասին: Խոսքը մայրենի լեզվով կրթության առաջարկի, ընտրական շեմի նվազեցման համար ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու, Թուրքիայի 81 նահանգներում կառավարման ապակենտրոնացման աճի, Սահմանադրությունում առկա ամեն տիպի խտրականությունների վերացման մասին է: Կառավարությունը նաև պետք է աշխատանքներ տանի հրադադարի ուղղությամբ, ապստամբներին կոչ անի դադարեցնել հարձակումները, խուսափի խոշորամասշտաբ ռազմական գործողություններից՝ ներառյալ օդային ռմբակոծությունները և դիմանա բոլոր ուժգին զինված պատասխաններին: Սակայն դրա հավանականությունը ցածր է:
Կարծես թե, 2014 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու Էրդողանի հավակնությունները գնալով ավելի շատ են ուղղվելու աջ և ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրողներին իր կողմը շահելուն: Մյուս կողմից էլ PKK-ում գլուխ է բարձրացնում առավել ռազմաշունչ խմբավորումը, որը ոգևորվել է Սիրիայում իր դաշնակիցների հաջողություններով և հավանաբար շարունակելու է 2013 թվականին փորձեր ձեռնարկել պահպանելու հարավ-արևելյան շրջանները և հարձակվել թուրքական պետության խորհրդանիշների վրա:
Աֆղանստան
Ֆրակցիոնիզմից ու կոռուպցիայից տառապող աֆղանական կառավարությունը հեռու է սեփական անվտանգության պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, երբ 2014 թվականին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դուրս կգան Աֆղանստանից: 2012 թվականին Վաշինգտոնի հետ հարաբերությունները շարունակեցին վատթարանալ, երբ ամերիկացի զինվորականները փետրվարին այրեցին տասնյակ Ղուրաններ ու կրոնական այլ նյութեր և երբ մարտին զինծառայող Ռոբերտ Բեյլսը երկրի հարավում գտնվող Կանդահար նահանգում գնդակահարեց 17 գյուղացիների, այդ թվում նաև 9 երեխաների: Աճում է աֆղան ու ամերիկացի զինվորական առաջնորդների միջև անվստահությունը, իսկ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի մարտական ոգին կոտրված է: Քաբուլում սպասվող քաղաքական անցումը կարող է երկրի ապագայի համար ունենալ ավելի մեծ կարևորություն: Թեև նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ 2014 թվականին հեռանալու է, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, մտավախություններ կան, որ նա կարող է ընտրություններից հետո ուղիղ ձևով կամ անուղղակիորեն փորձել պահպանել իր ազդեցությունը: Աֆղանստանի կայունության լավագույն երաշխիքը 2013 և 2014 թվականներին քաղաքական ու ռազմական անցումների ժամանակ օրենքի գերակայության ապահովումն է: Հակառակ դեպքում իշխող ընտրանու ներսում կարող են առաջանալ խոր տարաձայնություններ և ընդարձակ ներքին հակամարտություն:
Պակիստան
2012 թվականին ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածները շարունակում են լարվածություն առաջացնել ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև: Մյուս կողմից էլ քաղաքական որոշակի առաջընթաց է գրանցվել Պակիստանի ու Աֆղանստանի միջև, որոնք դեկտեմբերին միավորել են իրենց ջանքերը, որպեսզի թալիբներին և ապստամբական մյուս խմբերին խնդրեն զինաթափվել և վարել խաղաղ բանակցություններ:
2013 թվականին Պակիստանում կայանալու են նոր ընտրություններ, և Պակիստանի կառավարությունն ու ընդդիմությունը պետք է անհապաղ իրականացնեն առանցքային բարեփոխումներ: Պակիստանը հումանիտար ճգնաժամերի մեջ է և անհապաղ կարիք է զգում ներքին ու միջազգային ուշադրության: Երեք տարի անընդմեջ շարունակվող կործանիչ ջրհեղեղները սպառնում են միլիոնավոր մարդկանց, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ կապված ռազմական գործողությունների հետ:
Մալի, Նիգերիա և շրջակայք
Մարտին Մալիում գրանցված ռազմական հեղաշրջումը հանգեցրեց կառավարության տապալմանը: Միևնույն ժամանակ անջատողականները և «Ալ Քաիդան» վերահսկողության տակ են առել երկրի հյուսիսը: 2013 թվականին Մալիում անհրաժեշտ է միջազգային ուշադրություն: Հյուսիսային մասը ղեկավարող մի շարք խմբավորումներ ահաբեկիչներ են և հակված չեն մոտ ժամանակներս բանակցություններ վարելուն: Շատ բան կախված կլինի Մալիի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից: Խոր մտահոգություն են առաջացնում Նիգերիայի հյուսիսի հակամարտությունները, ուր արմատական իսլամական խմբերը վերջին տարիներին հազարավոր մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել: 2013 թվականը խոստանում է ևս մեկ արյունալի տարի լինել Նիգերիայի հյուսիսի համար:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
2012 թվականի ապրիլին Կոնգոյի արևելքում բռնկվեց ապստամբների խռովություն: Բռնությունների վերջին փուլը աղետալի հետևանքներ ունեցավ քաղաքացիական անձանց համար: Տեղական բնակչության շրջանում գրանցվեցին առանց դատի մահապատիժներ և զանգվածային տեղահանություններ: 2013 թվականին Կոնգոյում հավանաբար կշարունակվի քաղաքացիական հակամարտության տխուր պատմությունը: Դա պետք է միջազգային հանրությանը ստիպի համակ ուշադրություն հառել այդ երկրի վրա:
Քենիա
Քենիայում շարունակում է տիրել գործազրկություն, աղքատություն և անհավասարություն, կասեցված են անվտանգության ոլորտի բարեփոխումները, ընթացիկ հողային վեճերը շարունակում են խորացնել էթնիկ բևեռացումը: 2013 թվականի մարտին կայանալիք ընտրությունների մոտեցումը բարձրացնում է քաղաքական բռնության ռիսկը: Նախագահի երկու առաջատար թեկնածուները մեղադրվել են մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ և արդեն ապրիլին կանգնելու են դատարանի առջև: Քենիայում շարունակվելու է իրավիճակի հետագա անկայունացումը և 2013 թվականը դժվար տարի է լինելու Քենիայի համար:
Սիրիա և Լիբանան
Սիրիայում հավանաբար կշարունակվի ներկայիս իրավիճակը: Պարզվեց, որ իշխող վարչակարգին տապալելը դժվար գործ է, իսկ նրա թշնամիներին վերացնելը՝ էլ ավելի բարդ գործ: Սիրիացիների մի զգալի մասը տեղահանված է, ամբողջական թաղամասեր դատարկված են, պետհիմնարկները քայքայված վիճակում են, միջազգային օգնությունը չի բավականացնում, սիրիական հասարակությունը մասնատված է երկու մասի, ստեղծվել է «սպանել կամ սպանված լինել» իրավիճակ: Մեծ մտավախություն կա, որ Ասադի վարչակարգի փլուզումից հետո կգրանցվեն վրիժառության խոշորամասշտաբ դեպքեր: Սիրիայում տիրող իրավիճակն ազդում է Լիբանանի վրա, որի առաջնորդների քայլերից շատ բան է կախված:
Կենտրոնական Ասիա
2013 թվականը որևէ լավ բան չի խոստանում Տաջիկստանին: Ուզբեկստանի հետ հարաբերությունները շարունակում են վատթարանալ, առկա են նաև ներքին անջատողական շարժումներ: Ղրղզստանում առկա է էթնիկ լարվածություն, երկրի հարավում օրենքի գերակայությունը խնդիր է: Մարդու իրավունքների պարբերական խախտումները նախկինի նման բնորոշ են Ուզբեկստանին: Ղազախստանում 2012 թվականի տենդենցի շարունակման դեպքում 2013 թվականին երկրին կսպասվի բռնությունների տարի: Նախորդ տարի երկրի արևմտյան ու հարավային հատվածներում գրանցվել են ռեկորդային քանակությամբ ահաբեկչություններ, որոնք իրականացրել են ջիհադական անհայտ խմբավորումները: Կան նաև սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ:
Իրաք
Իրաքի շիա վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի կառավարությունը Սիրիայի հարցում հանդես է գալիս Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի կողմում՝ ընդդեմ Պարսից ծոցի սուննի երկրների, Թուրքիայի ու ԱՄՆ-ի: Մալիքին Իրաքում վարում է քաղաքական ինստիտուտների ու անվտանգության ուժերի նկատմամբ իր վերահսկողությունն ընդլայնելու քաղաքականություն: Մալիքին ներկայումս հակամարտության մեջ է մտել ոչ միայն քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի, այլև՝ սուննի ու աշխարհիկ ընդդիմադիրների հետ:
Նախագահ Ջալալ Թալաբանին անկարող եղավ առանցքային միջնորդ հանդիսանալ Բաղդադի ու Էրբիլի միջև, ինչն այս տարի ավելացնում է քաղաքական անորոշությունը երկրում: Կրակի վրա յուղ է լցնում «Ալ Քաիդան», ով հարաբերական անդորրը խաթարում է իր ավերիչ պայթյուններով: Մալիքին ակնհայտորեն կորցրել է քաղաքական դասի զգալի հատվածի վստահությունը, որը նրան մեղադրում է անորոշ, մենատիրական կառավարման մեջ: Մալիքին փաստացիորեն վարչապետի պաշտոնում մնալու է մինչև 2014 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի կրոնական ուղղվածությունը կարող է սրել իրավիճակն Իրաքում: