2013 թվականի կանխատեսումները Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հրապարակել է գլոբալ մակարդակով 2013 թվականի կարևորագույն իրադարձությունների կանխատեսումները, ինչը մասնավորապես վերաբերում է Մերձավոր Արևելքին ու Հյուսիսային Աֆրիկային:
Եգիպտոս – Պարբերականի փորձագետների կարծիքով` Եգիպտոսը մնալու է այն երկրների թվում, ուր քաղաքական իրադարձությունները կշարունակեն «ուժգին եռալ»: Չնայած դրան` իրավիճակը երկրում բարելավելու հույսեր է ներշնչում: 2012 թվականին երկրում գրանցվել է զանգվածային բողոքի ակցիաներ, այդ թվում նաև Սահմանադրության հայտնի նախագծի դեմ: 2013 թվականին Եգիպտոսում իրավիճակը կհանդարտվի, իսկ 2012 թվականին փարավոնների երկրում գրանցված բռնությունները եթե շարունակվեն էլ, ապա, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի շուտ բացառություն, քան` օրինաչափություն:
Սիրիա – 2013 թվականին Սիրիայում կավարտվի արյունալի դիմակայությունը: Սկսվում է անցումային ժամանակաշրջանը, որն անկասկած կուղեկցվի որոշակի բարդություններով: Սիրիական ընդդիմությունը թե՛ երկրից ներս, թե՛ երկրից դուրս ստիպված կլինի որոնել վարչակարգի ներկայացուցիչների հետ կոնսենսուս: Սակայն այդպիսի հաշտեցումը հնարավոր է միայն Բաշար Ասադի հրաժարականի դեպքում:
Իրաք – Նոր տարվա առաջին ամիսներին իրավիճակը կպարզվի Իրաքում: Երկրում կայունությանը հասնելը շատ բաներով կախված կլինի Սիրիայում դիմակայության արդյունքներից, քանի որ հարևան երկրի իրադարձությունները կարող են սադրել Իրաքում սուննի փոքրամասնությանը, որը դժգոհ է իր ներկա վիճակից: Սուր է դրված նաև քրդական հարցը, որն անկասկած իր նշանակությունն է ունենալու, հնարավոր է` լուծվելու է 2013 թվականին:
Լիբիա – 2013 թվականը անհանգիստ է լինելու Լիբիայում: Ներկայիս կառավարությունը դեռ երկար պետք է զինաթափի երկրում գործող տարբեր փոքր խմբավորումներին: Այդ ուղին հեշտ չի լինելու, քանի որ դժվար է կարգուկանոն հաստատել Մուամմար Քադաֆիի 40-ամյա կառավարումից հետո պետական կարևորագույն ինստիտուտների բացակայության պատճառով:
Հորդանան – 2013 թվականը Հորդանանում լինելու է 2012 թվականի հայելային արտացոլումը: Այս տարի երկրի տնտեսության վրա շարունակելու են ներքին ու արտաքին ճնշումները: Երկրի կառավարության գլխավոր առաջադրանքը լինելու են պետական ծախսերի կրճատումը և տնտեսության կայունացումը: Բացի այդ, ավելի դժվար է լինելու սիրիացի փախստականների քանակի և նրանց հետ կապված ծախսերի աճի խնդրի լուծումը: Այդ պատճառով էլ հնարավոր է` իշխանությունը գնա սոցիալական ևս մի շարք ծախսերի կրճատմանը:
Սաուդյան Արաբիա – 2013 թվականի կեսերին էր-Ռիյադում կայանալիք գագաթնաժողովում Պարսից ծոցի երկրները հայտարարելու են «Պարսից ծոցի արաբական երկրների դաշինքի» ստեղծման մասին: Այս մասին հայտարարել է Բահրեյնի ներքին գործերի նախարար, շեյխ Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան: Սաուդյան Արաբիայի բյուջեի եկամուտները կգերազանցեն կառավարության կանխատեսած ծավալը: Իշխանությունների հիմնական առաջադրանքը լինելու են ինֆլյացիայի զսպումը և գործազրկության վերահսկումը, որոնք թագավորության հիմնական խնդիրներն են: