2013 թվականը Հարավային Կովկասի երկրների համար լինելու է բաժանարար տարի
Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնում գործող Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է, որ 2013 թվականը Հարավային Կովկասի երկրների համար լինելու է բաժանարար տարի.
«2012 թվականին Հարավային Կովկասի երկրները չցնցվեցին այնպես, ինչպես 2008 թվականին: Տարածաշրջանում նույնպես չգրանցվեցին լուրջ փոփոխություններ, տարածաշրջանի ոչ մի երկիր էլ աչքի չընկավ որևէ հատուկ բանով: Որոշակի հաջողություն կարելի է անվանել Վրաստանում իշխանափոխությունը, ինչու որոշակի, որովհետև այդ երկրում նախագահը դեռ Միխեիլ Սաակաշվիլին է:
Չեմ կարծում, թե Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունները կարգավորվելու են բուռն ձևով, սակայն լարվածության նվազեցումը, հռետորիկայի փոփոխումը անկասկած դրական ցուցիչներ են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրին չհաջողվեց իր ակտիվում գրանցել քիչ թե շատ լուրջ նվաճում: Ընդհակառակը, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության պայմանագրի երկարաձգման վերաբերյալ Ռուսաստանի հետ տարվող բանակցություններում Ադրբեջանին չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի:
Ներկայումս երկու կողմն էլ արտահայտում են զգուշավոր լավատեսություն, և Գաբալայի ՌՏԿ-ի շահագործումից Ռուսաստանի հրաժարվելը չի վկայում տարածաշրջանում Մոսկվայի շահերի փոփոխման մասին: 2013 թվականը Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար հարուստ է լինելու շատ կարևոր իրադարձություններով: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Վրաստանի համար դա ընդհանրապես կլինի բաժանարար գիծ, քանի որ կկանխորոշի Սաակաշվիլիի հետագա քաղաքական ճակատագիրը:
Ադրբեջանի հետ կապված՝ թեև Իլհամ Ալիևը չունի իրական մրցակիցներ, նա օգտվում է բնակչության որոշ մասի աջակցությունից: Ադրբեջանում չկա լուրջ, համախմբված ընդդիմություն, սակայն առկա է որոշակի սոցիալական դժգոհություն, հասարակությունում աճում են իսլամիստական տրամադրությունները: Դա կստեղծի անկանխատեսելիության որոշակի ֆոն, ինչը հետաքրքիր է:
2012 թվականը Հայաստանի համար յուրահատուկ չէր: Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ամեն ինչ ընթացավ իր տրամաբանական հունով: Ուշագրավ է, որ այդ տարի Երևանը կարողացավ ճշտապահորեն, զգուշորեն ցույց տալ, որ չի պատրաստվում միանալ Մաքսային միությանը, և որ դա նրա համար չէ: Այլ բան է ՀԱՊԿ-ն: Մասնավորապես, կարելի է հիշատակել «Փոխգործակցություն 2012»զորավարժությունները:
Երևանը հստակ հասկացնել է տվել, որ առաջին հերթին միտված է Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական համագործակցությանը և մտադիր է շարունակել ընթանալ այդ ուղղությամբ: Ըստ էության, Մաքսային միությունը քիչ բան է տալիս Երևանին: Հայաստանի ղեկավարությունը որոշումներ ընդունելիս առաջնորդվում է ոչ թե նոստալգիկ նկատառումներով, այլ՝ պրագմատիզմով»: