Ամեն մեկը պետք է իմանա ալկոհոլի օգտագործման իր չափը. մասնագետ

168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն ասաց, որ իր պրակտիկայի ընթացքում Ամանորին ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած խնդիրներն ամենաշատն են հանդիպում:

«Հիմնական խնդիրը չափն անցնելն է: Ամեն մարդ ունի խմիչքի որոշակի տանելիություն: Ոմանք կարող են 2 բաժակից հարբել, ոմանք՝ 12 բաժակից: Այսպես թե այնպես՝ 12  բաժակ օգտագործելը վնասակար է բոլորի համար, բայց հատկապես այդ օրերին մարդիկ հիմնականում չափն անցնում են, ինչն էլ հանգեցնում է խնդիրների: Ամեն մեկը պետք է իմանա իր չափը, կա՛մ թույլ ալոկոհոլ օգտագործի, կա՛մ թունդ օգտագործելու դեպքում չափերը չանցնի»,- ասաց գաստրոէնտերոլոգը:

Վերջինիս խոսքով՝ մարդկանց մոտ մի արատավոր սովորություն կա. որոշ բաժակաճառերի դեպքում բաժակը պետք է մինչև վերջ դատարկել. «Կոպիտ ասած՝ աղոթքի պես բան են դարձնում կենաց ասելն ու կենացից հետո բաժակը դատարկելը: Դա աղոթք չի, դա ընդամենը բարեմաղթանք է»:

Բուժում անցնող, դեղորայք ընդունող մարդկանց Հայկ Մանասյանը խորհուրդ է տալիս ալկոհոլային խմիչքներ առհասարակ չօգտագործել կամ նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը:

Կարդացեք նաև

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ չկան հատուկ մթերքներ, որոնց հետ ալկոհոլի օգտագործումը ցանկալի չէ. «Եթե  կերակրատեսակը հատուկ թույներ չի պարունակում կամ դեղորայքային բուժական ազդեցություն չունի, ապա հատուկ հակացուցումներ չկան»:

Ի դեպ, օրերս ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը խորհուրդ էր տվել սահմանափակել ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումն օրգանիզմում, ընկճում է կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը, որի արդյունքում դժվարանում  է մարսողությունը և սննդի յուրացումն օրգանիզմի կողմից: Արդյունքում, ըստ մասնագետի, սկսվում է մսի խմորումն աղիներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս