Վահագն Չախալյանն ազատ կարձակվի

Երեկ Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում մերժել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առաջարկած համաներման տարբերակը. դրա օգտին է քվեարկել ընդամենը 33 պատգամավոր, 88-ը դեմ է եղել: Դրանից հետո Վրաստանի խորհրդարանն անցել է նախագահ Սահակաշվիլիի վետոյի հաղթահարմանը, որը նա դրել էր խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված համաներման օրենքի վրա:

Նախագահի վետոյի հաղթահարման համար Վրաստանի խորհրդարանին անհրաժեշտ է 89 կողմ, մինչդեռ կողմ է քվեարկել 91 պատգամավոր` կառավարող «Վրացական երազանքից» բացի, օրենքին կողմ են քվեարկել նաև անկախ պատգամավորները: Այսպիսով, խորհրդարանը երկրորդ անգամ է ընդունել Համաներման մասին օրենքը, որը Միխայիլ Սահակաշվիլին պետք է ստորագրի 7 օրվա ընթացքում: Վրաստանի օրենսդրությամբ, եթե նա հրաժարվի ստորագրել օրենքը, ապա այն կստորագրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Կարծում ենք, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ Սահակաշվիլին այս օրենքի ամենամեծ հակառակորդներից է: Այս օրենքով ազատության մեջ կհայտնվեն 3 հազարից ավելի կալանավորներ, ևս 15 հազարի պատժաժամկետը կկրճատվի:

Երեկ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը դեմ էր օրենքի ընդունմանը, քանի որ դրա արդյունքում ազատության մեջ են հայտվելու մանկապիղծները, ռուսական լրտեսներն ու խռովարարները:

«Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց չեմ կարող չասել, որ այս որոշման արդյունքում ազատության մեջ կհայտնվեն թմրամիջոցներ իրացնողները: Իսկ դա կնշանակի, որ այն, ինչին մենք հասել էինք վերջին տարիներին՝ կրճատելով թմրամոլությունը և զերծ պահելով դրանից  երիտասարդության մի ամբողջ սերունդ, այդ ամբողջը կնետվի աղբանոց:

Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց եթե այդքան հանցագործներ, խուլիգաններ և թալանչիներ միանգամից հայտնվեն ազատության մեջ, կնշանակի, որ այդ հանցագործները, ջեբկիրները, բնակարանային գողերը, թալանչիները համարձակորեն կհարձակվեն մեր երեխաների վրա փողոցներում, կմտնեն բնակարաններ, կկատարեն տարբեր հանցագործություններ: Ներկա վիճակին մենք հասել էինք վերջին տարիներին, և սա իմ գովքը չէ:  Վրաստանը ճանաչվել էր Եվրոպայի ամենաանվտանգ երկիր, և դա իրականություն էր: Այդ ամենը դրվում է մեծ վտանգի տակ»:

Սահակաշվիլին ավելացրել է, որ իր իշխանության տարիներին ներում չի շնորհել և ազատ չի արձակել նրանց, ովքեր մահափորձ են կազմակերպել իր նախորդի` նախագահ Շևարդնաձեի նկատմամբ, որովհետև այն մարդը, ով կանգնում է ահաբեկչության, այն էլ՝ ռազմական ահաբեկչության ճանապարհին` իր երկրի և նրա ապագայի թշնամին է: «Այսօր խորհրդարանը ստեղծեց նախադեպ, որի դեպքում կարելի է դավաճանել սեփական երկրին, կարելի է բացահայտ աշխատել այլ երկրի օգտին, կարելի է խռովություն բարձրացնել, այդ թվում և՝ ռազմական խռովություն. և քեզ կարող են ներել՝ միայն նրա համար, որ Վրաստանում կառավարություն է փոխվել: Սա խայտառակություն է: Այսպիսի նախադեպեր ես որևէ այլ տեղ չեմ հիշում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում համաներման այս օրենքի ընդունումը կարող են շատ մեծ հաջողություն համարել, քանի որ դրա արդյունքում ազատ կարձակվի Ջավախքում ազգային գործիչ հռչակված Վահագն Չախալյանը, ով Վրաստանի իշխանությունների կողմից մեղադրվում էր հենց ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար:

Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ դա իրականում շատ փոքր և աննշան հաջողություն է՝ համեմատած նրա հետ, ինչ իրականում կարող է տեղի ունենալ այս օրենքի ընդունման և ընդհանրապես Վրաստանի նոր իշխանությունների գործունեության արդյունքում: Արդեն տեսակետներ են հնչում, որ Իվանիշվիլիի կառավարությունը կարող է շատ կարճ ժամանակահատվածում վերացնել այն ձեռքբերումները, որոնց հասել էր Վրաստանը Սահակաշվիլիի իշխանության օրոք: Իսկ դա Հայաստանի և հայերի համար, առաջին հերթին, կայուն և անվտանգ Վրաստանն էր: Եթե Վրաստանում վերականգնվի 90-ակաների քաոսը, ապա դրանից ամենաշատը կտուժի հենց Հայաստանը: Ի վերջո, Հայաստանում շատ բարեփոխումներ իրականացվում էին նաև այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացիներն արդարացիորեն պահանջում էին, որ Հայաստանում ևս լինի այնպես,  ինչպես Վրաստանում է: Մնում է միայն հուսալ, որ ամենավատ կանխատեսումները չեն իրականանա:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս