Վերջապես անկախությունն արժի՞ ձեռք բերել, թե՞ ոչ. Աշոտ Մանուչարյան
Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հետ
– Պարոն Մանուչարյան, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը ճի՞շտ քաղաքական քայլ եք համարում:
– Այս հարցն ունի երկու կողմ: Մեկը հարցի առարկայական կողմն է. երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես լուծել այն հարցը, որ քեզ հավատացողները չվհատվեն, չկոտրվեն, չկորեն: Սա շատ կարևոր խնդիր է, երևի թե ամենակարևորն այն խնդիրների մեջ, որը լուծում է քաղաքական գործիչը: Անգամ եթե քաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ ինքն իր կանխանշած ճանապարհը չի կարողանում ինչ-ինչ պատճառներով շարունակել, պարտավոր է այդ մի հարցը լուծել: Ուրեմն առաջնայինը սա է. եթե հրաժարվում ես մի ճանապարհից, որը մինչ այդ նշել ես, պարտավոր ես այնպիսի լուծում գտնել, որ քեզ հետևող մարդիկ չվհատվեն: Հիմա Կոնգրեսը կարծես թե փորձում է գտնել այդպիսի տարբերակներ, որ լուծի այդ խնդիրը:
Կա նաև հարցի երկրորդ կողմը. բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, և մենք ոչ մի կերպ չենք կարողանում մի բան ընկալել: Երբ մեզ ասում էին` աշխարհի վերջն է, չէին կատակում, այս աշխարհի վերջն է: Այն աշխարհը, որում մենք ապրում էինք, վերջանում է: Երբ ասում եմ աշխարհի վերջ, մի օր նշելու ենք դա, հետո, իհարկե՚ տոն է լինելու:
Այդ աշխարհը երիտասարդ էլ է եղել, արյունով լի, բայց հիմա արդեն զառամյալ ծերունի է և պետք է հեռանա, և այդ հեռանալու պահն այսպիսին է. այդ աշխարհի հիվանդության շատ նշաններ վերջին տարիներին արդեն երևում էին, շատ նշաններ դեռ մնալու են ապագայում, բայց մենք անդադար տեսնելու ենք այդ «վերջի» մասին խոսող հանգամանքներ:
Մասնավորապես մեր երկրում տեսնում ենք այն, ինչ այդ աշխարհի կառավարման համակարգն էր, քաղաքական տրամաբանությունը և այլն, բացարձակապես չի գործում: Ի՞նչ վիճակում է հիմա հայտնվել հայ մարդը, նա ուզում է ինչ-որ բան փոխել իր կյանքում և պարզվում է, որ քաղաքական դաշտում ոչ մի լծակ չունի որևէ բան փոխելու: Ուրեմն դա մեռած գործիք է, որը պետք է դեն նետվի, և դրա տեղը պետք է այլ գործիք գտնվի` անկախ այլ հանգամանքներից:
– Եթեվերլուծենք քաղաքական գործընթացները վերջին մեկ տարում` սկսած Տեր-Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծությունից», այս որոշումը գալի՞ս է հաստատելու, որ նրա բոլոր հաշվարկները կատարվել էին «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուի առաջադրման վրա:
– Ես չեմ կարծում, որ այդպիսի կոնկրետություն կար` հենց այդ թեկնածուի առաջադրման վրա: Գտնում եմ, որ այնտեղ հնարավորությունների մեծ շարան կար, և ինչքան էլ մեզ համոզում են, որ Հայաստանում արտաքին գործոններ չկան և այլն և այլն, այդ խնդիրների դաշտում եղավ համադրում արտաքին և ներքին ինչ-ինչ հանգամանքների, արտաքին աշխարհը թելադրեց այն, ինչ այսօր մենք ստացանք:
Ցավալիորեն, հիմնական թելադրողն արտաքին աշխարհը եղավ և արտաքին աշխարհն, ըստ էության, եկավ այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը միակ և ընդունելի տարբերակն է, և ամեն մեկն ինչ-ինչ պայմանավորվածությունների շրջանակներում համարեց, թե նրա հետ կարելի է հարց լուծել: Սա մեծագույն հարված է Հայաստանում գործող տրամաբանությանը` աշխարհի հռչակված մոդելին, թե իբր ժողովուրդներն են տնօրինում իրենց ճակատագիրը: Ժողովուրդն ուզում է մի բան փոխել, և նրա առաջ պատ են դնում, ասում են` «ոչ մի հեռանկար չունես»:
Ժողովուրդն այսօր այդ վիճակում է: Եթե մինչև ընտրությունները Սերժ Սարգսյանը վերցներ և օլիգարխիային զրկեր բոլոր հնարավորություններից, եթե բոլոր սեփականությունները, հարստությունը, որը չի աշխատում պետության համար, ստուգեր և հայտարարեր հանցավոր (այսինքն` ստուգումը ցույց է տալու, որ այն հանցավոր է), եթե դուրս մղեր փողի մարդուն կառավարման համակարգից, վերանայեր երկրի արժեհամակարգը, կարելի էր ծափահարել նրան և ասել, որ աշխարհն էս մարդու հետ նստեց խոսեց և այլն: Բայց ի՞նչ է այսօր խոսում այդ համակարգը, նա ասում է, թե այն, ինչ որ կա այսօր, այդպես էլ մնալու է:
– Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին ելույթը նվիրեց հենց արտաքին ազդեցություններին և հենց այս շրջանում անդրադարձավ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցին` արևմտամետություն և ռուսամետություն:
– Երկու հանգամանք կա, և երկուսն էլ կապում եմ Նոր Տարվա հետ: Տեր-Պետրոսյանը կատակ սիրող մարդ է, և որքան հասկացա, բազմաթիվ կատակներ արեց այդ ելույթի ժամանակ: Երկրորդը` դրանք բարեմաղթանքներ էին հայ ժողովրդին. նա համարում է, որ մենք պետք է զերծ լինենք արտաքին ազդեցություններից, և նշեց, թե ինչպիսին պետք է լինի իրական քաղաքական գործիչը:
– Այսինքն` նա ճի՞շտ խնդիրներ առաջքաշեց:
– Ցանկություններն անկասկած ճիշտ էին:
– Բայց, ամեն դեպքում, որքանո՞վ է ճիշտ սեփական զինակիցներին հասցնել ճակատամարտի և վերջում հրաժարվել պայքարից, այն դեպքում երբ կողմնակիցները և հավատարիմ ընտրազանգվածը սպասում է քո առաջադրմանը:
– Ես արդեն նշեցի, որ նա պարտավոր է իր զինակիցներին ցույց տալ ճանապարհը: Պարզապես այս աշխարհի` մեռնող աշխարհի մշակույթն այդպիսին է: Քաղաքականությունն ինչ-որ հաշվարկների, ուժերի շահերի սիմվոլիկ արձագանքն է, և շատ բաներ մնում են վարագույրի հետևում: Դու չես էլ կարող բոլորին դա բացատրել, որովհետև այդպիսին է քաղաքական մշակույթը. եթե սկսես ամեն ինչը պարզաբանել, քո հետ ուղղակի գործ չեն ունենա:
Ես հենց Ձեր թերթին ասել էի, որ իր որոշման մասին կհայտարարի մյուս կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» լիդերը, և մենք կլսենք այդ որոշումը, բայց ոչ ոք չի իմանա` այդ որոշումը որտե՞ղ կայացվեց, ինչո՞ւ կայացվեց: Հիմա երբ մենք հերթականությամբ, անդադար այդպիսի բաներ ենք տեսնում… ինչի երբ դուք տեսնում եք մասնակից այս կամ այն կուսակցությանը կամ անձին, ձեզ մոտ հարց չի՞ առաջանում` էդ որոշումը որտե՞ղ կայացվեց և ինչո՞ւ կայացվեց: Հանրապետականից սկսած` մինչև մյուս կուսակցությունները, եթե նայեք ցանկը, բոլորի դեպքում կհամոզվեք, որ սա կա´մ անհեթեթություն է, կա´մ ուրիշ մի բան կա, որից ես տեղյակ չեմ:
Այսպիսի վիճակ է: Բայց սա, կրկնում եմ, հեռացող քաղաքական դաշտն է, անիմաստ էլ է խոսենք դրանից: Հիմա շատ ավելի իմաստավորված է նորից խոսենք, որովհետև նորն արդեն գալիս է: Այս քաղաքական համակարգի ներկայացուցիչները կարող են իրենց հոյակապ և ամենազարմանալի հատկանիշներով դրսևորել արդեն նոր համակարգում, եկեք այդ նորից խոսենք:
– Ընդհանրապես, հիշո՞ւմ եք նման իրավիճակ անկախ Հայաստանի պատմության մեջ:
– Ոչ, այսպիսի իրավիճակ չի եղել, բայց այսպիսի իրավիճակ պարտադիր պետք է լիներ, որպեսզի մենք հասկանայինք` ինչքանով է մեռած գնացող համակարգը:
– Այսպիսով, իշխանությանն ընդդիմացող հիմնական քաղաքական ուժերը կա´մ հրաժարվեցին պայքարի մեջ մտնելուց, կա´մ հայտարարեցին ընտրությունները բոյկոտելու մասին, և եթե եզրակացություն կատարենք Ձեր խոսքերից, քաղաքական կուսակցությունների այսպիսի պահվածքը վկայում է քաղաքական այդ տրամաբանության ավարտի մասին: Հետևաբար` ինչպե՞ս եք գնահատում բոյկոտը` որպես քաղաքական երևույթ, և ինչի՞ կարող է հանգեցնել քաղաքական դաշտի ամայեցումը:
– Բոյկոտը շատ լավ բան է, եթե դու ասում ես` «ես այս քաղաքական համակարգը` և´ դրսի, և´ ներսի, չեմ ընդունում, այն ինձ համար մեռած է», քանի որ դրսի ուժերն են տնօրինողները: Վերջին 10 տարվա ընթացքում 4 երկիր ներխուժեցին` Աֆղանստան, Իրաք, Լիբիա և, փաստորեն, Սիրիա, և այս 4 երկրներում էլ քաոս են տարածել:
Այսինքն` ինչ փորձել են անել և մեզ էլ բացատրել, թե ինչ-որ լավ բան են անում… ավերել են երկրներ, ժողովուրդներ, ստեղծել հսկայական խնդիրներ, դա նշանակում է` համաշխարհային տնօրինողը կա´մ խորամանկ մի շանորդի է, որը չգիտի` ինչ խնդիրներ է լուծում իր համար և մտածում է, որ համաշխարհային օլիգարխիայի տեսակետից այս քաոսը պետք է շարունակվի` իշխանությունը պահպանելու համար, կա´մ արդեն ոչինչ չի հասկանում աշխարհից և ամեն ինչ տանուլ է տվել:
Եվ մեզ մոտ եղած դրսևորումներն էլ` թե´ քաղաքական համակարգի ձևերով, թե անմիջապես քաղաքականության մեջ ներխուժելով, այդ մեռնող աշխարհի դրսևորումներն են: Այսպիսով, նշեցի, թե ի՞նչն ենք բոյկոտում, և դա ճիշտ կլիներ, բայց շատ կարևոր է նաև մյուս քայլն անել` ասել` իսկ ի՞նչ ենք հաստատում, որովհետև այժմ մենք պետք է հաստատենք և կյանքի կոչենք Հայաստանի կառավարման նոր համակարգ:
Այդ կառավարումը պետք է արդյունավետ և հասկանալի լինի թե´ մեզ համար, որպեսզի մեր խնդիրները կարողանանք լուծել, թե´ դրսից ազատվելու համար: Վերջապես անկախությունն արժի՞ ձեռք բերել, թե՞ ոչ: Թե չէ այս հեքիաթներ պատմելով` անկախ ենք, անկախություն ենք պահում…սա անհեթեթություն է և անկախության հետ որևէ աղերս չունի: Իսկ այդ անկախությունը հիմա շատ կարևոր է, որովհետև աշխարհում չկա մի որևէ կենտրոն, որից կախվածությունը որևէ իմաստ ունենա:
Եթե նախորդ դարաշրջաններում ինչ-որ հետամնաց երկիր կարող էր մի կայսրության մեջ ավելի արագ զարգանալ, քան անկախ լինելով, հիմա այդպիսի բան չկա: Բոլոր համաշխարհային կենտրոնները ծայրաստիճան հիվանդ են և իրենց հիվանդությունները տարածում են կախյալ բոլոր տարածքների վրա: Այժմ միայն իմաստ ունի լինել շատ անկախ, շատ առողջ և մտածող և ճշգրիտ գործել այդ փլուզվող և նոր ձևավորվող աշխարհների շրջանակում: Մենք պետք է փորձենք հասկանալ սա և անել: Մասնավորապես խոսում էինք ՀԱԿ-ից. 5 տարի առաջ հռչակեցին, ասացին`ստեղծում ենք քաղաքական ուժ` համանմանությամբ Հնդկաստանի ազգային կոնգրեսի, որը Գանդին հայտարարել էր հնդիկ ժողովրդի ինքնակառարման համակարգ` անգլիական օկուպացիայի պայմաններում:
Այժմ մենք ունենք այդ ինքնակառավարման համակարգի կարիքը, դա կարող էին ստեղծել Կոնգրեսի ավանդական քաղաքական մտքից դուրս հսկայական մի զանգված, որը Կոնգրեսն այսօր մեծամասամբ կորցրել է: Խոսքը գնում է մտածող երիտասարդության մասին, ովքեր Կոնգրեսում մի քանի հազար էին: Սա ամենամեծ պոտենցիալն է այս երկրի համար և Կոնգրեսի մեծագույն նվաճումը, քանի որ կարողացավ բարձրացնել այդպիսի մտածող զանգված, որը փորձում էր նոր ուղի գտնել երկրի համար: Հետո նրանց քշեցին` փաստորեն զրոյացնելով նրանց ակտիվությունը և ասելով` «մենք քաղաքական գործիչներով յոլա կտանենք»:
Էլի թող «յոլա» տանեն, թող բոյկոտ անեն, բայց ամենակարևորը` թող նաև հետ կանչեն այդ երիտասարդներին, եթե կարող են նրանց ներողամտությունը հայցել, նրանց տրամադրեն բոլոր հնարավոր պայմանները, խորհուրդ տան համագործակցելու նաև Կոնգրեսից դուրս նմանատիպ խմբերի հետ` երիտասարդ և ոչ երիտասարդ (խոսքը գնում է նոր միտք կրող մարդկանց մասին), և դրանով սկսեն ձևավորել Հայաստանի կառավարման նոր համակարգ:
– Իսկ քաղաքական այս իրավիճակը կարո՞ղ է, ի վերջո, հանգեցնել քաղաքացիական զարթոնքի:
-Անկասկած: Այստեղ մենք պետք է զգուշացնենք այն պարոններին, ովքեր փքված, ուրախ նստած են և մտածում են` «ոնց սաղին ֆռացրեցինք», և կարծում են, թե հիմա ամեն ինչ իրենց ձեռքում է մնալու, և Հայաստանի հափշտակումն ապահովվածէ: Ոչ մի նման բան չկա, զգուշացնում ենք: Էլի մերոնք են, շատ դեպքերում խելքները թռցրած, բայց մերոնք են: Այսինքն` ոչ թե մարդն է վատը, այլ նա դրված է մի արժեհամակարգի մեջ, որը պահանջում է փող սարքել, նա էլ սարքում է: Նրանց պետք է զգուշացնել, որ շատ դաժան ձևով իրականությունն անցնելու է, եթե սկսեն պահել այդ մեռնող աշխարհը: Բոլորը, իրենք էլ միասին, պետք է սկսեն մտածել, թե ինչպե՞ս դուրս գան այս վիճակից և մի ուրիշ վիճակ տեղափոխվեն: Իրենք ոչ թե պետք է խանգարեն այս գործընթացներին, այլ եթե նրանց մեջ մտածող մարդ կամ խումբ կա, հասկանան, թե ինչպե՞ս պետք է տեղավորվեն այդ նոր գործընթացներին մեջ, որովհետև նա, ով չտեղավորվեց, անիվի տակ է հայտնվելու:
Ի՞նչ տիպի համակարգի մասին է խոսքը. քաղաքացիական զարթոնքի վերաբերյալ` մի կողմին` ՀԱԿ-ի մասով, անդրադարձա:
Երկրորդը, օրինակ, ընտրությունների շրջանակներում ես տեսնում եմ, որ թեկնածուներից մի քանիսը, մասնավորապես Անդրեաս Ղուկասյանը վերջերս ասաց, թե բոլոր ընտրակաշառք բաժանող կուսակցությունները պետք է արգելել և Սերժ Սարգսյանի գրանցումը` որպես այդպիսի կուսակցության ներկայացուցչի, պետք է չեղյալ հայտարարել:
Այսինքն` ապստամբությունը գնում է և´ մեռնող համակարգի շրջանակում, և մենք նորանոր այդպիսի երևույթներ կտեսնենք, և´ նոր համակարգի փորձեր կան, ինչպես, օրինակ, անում է «Սարդարապատ» շարժումը: Այսպիսի նախաձեռնությունները շատ են և գնալով պայթյունի ձևով զարգնալու են:
Երբ առանձնացնում ես մի խմբակ, անունը դնում ես դեպուտատ, նախարար, նախագահ, (կարևոր չէ` ինչ գործընթաց է, գնացել ես թուղթ ես գցել արկղի մեջ և դրանով ընտրություն ես կատարել), այդ ընտրված մարդիկ են սկսում կատարել կառավարման գործը և շատ արագ խորթանում են: Նրանք ոչ մի կապ չեն ունենում մարկանց հետ: Ոչ միայն Հայաստանում է այդպես, այլ ամբողջ աշխարհում: Վերջապես, եթե մեզ մոտ ընտրությունները կեղծված են, Իպանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում կեղծված չեն, չէ՞:
Բոլոր տեղերում գնում է ժողովուրդների ընդվզում, և այդ իշխանություններին անվանում են անհեթեթ և անօրինական: Ուրեմն պատճառն այն է, որ այդ կառավարման համակարգի ժամանակն ավարտվել է, մարդը չի ուզում իր կառավարման ֆունկցիան հենց այնպես որևէ մեկին հանձնել: Նոր համակարգն այնպես պետք է լինի, որ քաղաքացին անընդհատ մասնակցի որոշման ընդունման գործընթացներին: Ուրեմն տեխնոլոգիաները պետք է էապես փոխվեն: Ես հիմա չեմ ուզում խորանալ դրա մեջ, բայց այդպիսի տեխնոլոգիաներ կան, հիմա գործում են, և կարծում եմ, որ Հայաստանը շատ հավանական է` առաջատար լինի նմանատիպ տեխնոլոգիաների ստեղծման մեջ:
Պետք է նշեմ, որ այդ տիպի տեխնոլոգիան ենթադրում է նաև այլ տիպի մարդու` այլ արժեքներով. մարդ կենդանու ժամանակն ավարտվել է, գալիս է բանական մարդու ժամանակը: Այս նոր մարդը լրիվ ուրիշ է, նա ուրիշ բաներով է զբաղված: Համենայնդեպս, եթե այդ մարդը նախագահ լինի, առաջին շրջանակի ներկայացուցիչները, ում նախագահն ընդունում է և շնորհավորում է նրանց Նոր Տարին, չեն լինի բիզնեսմենները: