Լևոն Տեր-Պետրոսյանը դատապարտում է միակողմանի քաղաքական կողմնորոշումները (տեսանյութ)

«Ինձ մի մտահոգություն է պատճառում հետևյալ հանգամանքը, առանց այդ էլ մեր ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել մեր ազգի մեջ, որն ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա տեղի ունեցած պառկտումները, հիմնիվեր սխալ, բայց վտանգավոր և վնասակար: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արևմտամետների ու ռուսամետների` շփոթելով բոլոր կատեգորիաները»,- այսօր Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության 17-րդ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀՇ հիմնադիր անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արևմտյան ուժերի հետ, նրան համարում են հակառուս, երբ մի որևէ քաղաքական ուժ իր ծրագրերը և Հայաստանի ապագան կապում է Ռուսաստանի հետ, նրան համարում են հակաարևմտյան, ավելին` արևմտյան արժեքների մերժող:- ասաց Տեր-Պետրոսյանը` նշելով, որ այս ամենի մեջ պարզություն մտցնելու համար պետք է բաժանել երեք նպատակների,- Մի բան են արժեքները, մի բան են գաղափարախոսությունները, և մի բացարձակապես մի այլ բան` քաղաքական կողմնորոշումը: Քաղաքական կողմնորոշումը, քաղաքական դաշինքները կարող են երբեք կապ չունենալ ո´չ արժեքների, ո´չ գաղափարախոսության հետ, քաղաքականությունն ունի բոլորովին ուրիշ տրամաբանություն: Երբ պետք էր, իրար կոկորդ կրծող, իրար տասնամյակներ հոշոտող ուժերը կարող էին միավորվել` մի երրորդ, ավելի վտանգավոր ուժի դեմ, ինչպես տեղի ունեցավ, ասենք, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլն ու Ստալինը, ոխերիմ թշնամիները, դարձան ամենալավ բարեկամներ»:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդն իր ելույթը հիմականում նվիրեց Հայաստանի քաղաքական ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշումներին` դատապարտելով միակողմանի արևմտամետ, կամ միակողմիանի ռուսամետ կողմնորոշումները և դրանք համարելով «ավելի շատ գործակալական կողմնորոշումներ»:

«Նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներ Հայաստանում ասում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, պետք է հստակեցնի իր վերաբերմունքը` կա´մ դեպի Արևմուտք, կա´մ դեպի Ռուսաստան: Ո՞վ ասաց, ո՞վ ասաց, որ սա է բացարձակ ճշմարտությունը: Դուք գիտեք ՀՀՇ-ի գաղափարախոսությունը` ամբողջությամբ հիմնված է դրա մերժման վրա` չընդունել ոչ մի քաղաքական կողմնորոշում` որպես ազգի հավերժական դավանանք:

Կարդացեք նաև

Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում: Մենք ո´չ արևմտամետ պետք է լինենք, ո´չ ռուսամետ: Միակողմանի կողմնորոշումը որոշումը որևէ ազգի դեռևս բարիք չի բերել… կործանարար է ինչպես միակողմանի արևմտամետ կամ ռուսամետ կողմնորոշումը, իսկ շատ ավելի կործանարար կլինի հակաամերիկականությունը կամ հակառուսականությունը: Ուրեմն Հայաստանը ոչ թե պետք է ամերիկամետ կամ ռուսամետ լինի, այլ հակաամերիկյան կամ հակառուս չպետք է լինի: Ահա’ այս պետք է լինի այս երկրի դավանանքը»,- ասաց Տեր-Պետրոսյանը`արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:

Այս համատեքստում ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ մեկ այլ հարցի:

«Մի այլ թյուրիմացություն կամ շփոթություն, որը փորձում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու իր խնդիրները կամ անգամ նախագահ ընտրել իր սեփական ուժերով և սեփական կամքով, այլ Հայաստանի նախագահը պետք է նշանակվի կամ Ամերիկայի կամ Ռուսաստանի կողմից…ավելի մեծ նիհիլիզմ և հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել: Ինչքան պետք է մեր ժողովրդին արհամարհել, որ այսպիսի կարծիք հայտնել: Լսե´ք, ո´չ Ամերիկան, ո´չ Ռուսաստանը երբեք չի կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր և նրան նախագահ դարձնել: Որևէ տեղ այդպիսի բան որևէ մեկին չի հաջողվել»,- ընդգծեց Տեր-Պետրոսյանը` նշելով Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի օրինակը: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ նրանց Արևմուտքը չի ստեղծել, այլ նրանք դարձել են գործոն, որից հետո միայն ստացել են Արևմուտքի աջակցությունը:

«Կան մարդիկ, որոնց թվում է` եթե ինչ-որ ձևերով լեզու գտնեն արտաքին ուժերի հետ, նրանք այստեղ լիդեր կդառնան: Ո´չ, ախպե´ր ջան, դու այստեղ նախ դարձիր լիդեր, որից հետո քեզ հետ հաշվի կնստեն»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:

«Հիմա իհարկե դուք ինձնից ուրիշ բան եք սպասում»,- ակնարկելով իր առաջադրման սպասումներին` ասաց Տեր-Պետրոսյանը: «Հիմա ասում եք` եկել կանգնել, մեր գլխին դասախոսություն է կարդում: Ուրեմն ասեմ` ձեզ հուսախաբ եմ անելու, չեմ ասելու էսօր, որովհետև ես իմ ամբողջ ելույթն ինչի՞ արեցի: Ես դիմել եմ բոլոր գերտերություններին, Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրոմիությանը, մինչև նրանց հավանությունը չստանամ, ես իմ պատասխանը չեմ կարող ձեզ տալ: Ուրեմն` խնդրում եմ մի երկու օր էլ սպասել, ինձ խոստացել են երկու օրից պատասխանել, երկու օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք»,- ժպտալով ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ` 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս