Ինչպե՞ս Ամանորին խուսափել թունավորումներից. մասնագետի խորհուրդներ

Նախորդ տարի ամանորյա տոներին ատամոքսի խանգարումներ են ունեցել 7-8 անձ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման և սննդամթերքի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Ըստ նրա՝ վիճակագրական տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը, քանի որ շատերն այսօր տնային պայմաններում են բուժում ստանում, նաև ունենում են ընտանեկան բժիշկներ:

Սննդային թունավորումներից խուսափելու համար Մարգարիտա Բաբայանը խորհուրդ տվեց պատրաստելու ժամանակ  հատուկ ուշադրություն դարձնել մթերքի մշակման վրա, պահպանել բոլոր հիգիենիկ պայմանները՝ հում մթերքը պահպանել սառնարանում, պատրաստի մթերքներից առանձին: «Սառնարանում մթերքը պետք է պահպանել 2 օրից ոչ ավելի և փակ տարաների մեջ: Խորհուրդ եմ տալիս կերակրատեսակները պատրաստելիս քիչ քանակով պատրաստել, հատկապես աղցանները քիչ է պետք պատրաստել, մայոնեզով, թթվասերով համեմել ուտելուց առաջ»,- ասաց Մարգարիտա Բաբայանը: Ըստ նրա՝ կրեմային հրուշակեղեն պատրաստելիս պետք է լավ լվանալ ձուն, քանի որ հետագայում երկրորդային մանրէային աղտոտվածություն կարող է լինել, որի հետևանքով էլ առաջանան թունավորումներ:

Տնային պայամաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց առաջ Մարգարիտա Բաբայանը խորհուրդ տվեց  դրանց պարունակությունը տեղափոխել այլ կաթսայի մեջ և եռացնել 20-25 րոպե. «Խորհուրդ եմ տալիս սունկ պարունակող ճաշատեսակների հետ ալկոհոլ չօգտագործել, չհամատեղել էներգետիկ և ալկոհոլային խմիչքները, ալկոհոլը չօգտագործել ճարպոտ մթերքների հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է օրգանիզմում ճարպերի քայքայումը և ընկճում է կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտների ակտիվությունը, այդ պատճառով էլ խանգարումներ են լինում: Իր հերթին էլ ճարպոտ սնունդն անհամատեղելի է չարազեղենի հետ: Այն կերակրատեսակները, որոնք թերմիկ մշակման են ենթարկված, պետք է եռացնել»: Ծանր մթերք օգտագործելուց առաջ մասնագետը խորհուրդ տվեց միրգ օգտագործել: Ամանորյա սեղաններին գրեթե միշտ տեղ գտնող խոզի բուդն էլ Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ 3 օրից ավելի պետք չէ պահել սառնարանում: «3 օրից հետո այն ենթարկե´ք թերմիկ մշակման, տապակե´ք և նոր օգտագործե´ք»:

Մարգարիտա Բաբայանը նշեց, որ սխալ է այն տարածված տեսակետը, որ ալկոհոլը պաշտպանում է սննդային թունավորումներից: Մասնագետը խորհուրդ է տալիս ալոհոլը չչարաշահել, սկսել դառը գինիներից, հետո անցնել քաղցրին, օգտագործել սպիտակը, հետո՝ կարմիրը:

Կարդացեք նաև

Ըստ Մ. Բաբայանի, սննդային թունավորման նախանշանների դեպքում՝ սրտխառնոց, ջերմություն, փսխում, լուծ, պետք է դիմել բժշկի, շատ հեղուկներ ընդունել, ստամոքսի լվացում, հոգնա կատարել, ակտիվացված ածուխ ընդունել: Սնունդ գնելիս էլ, ըստ մասնագետի, ուշադրություն պետք է դարձնել պահման պայմաններին և ժամկետներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս