Գիտության նկատմամբ պահանջներն այսօր ուրիշ են
Հայաստանում այդքան ինստիտուտներ ունենալը, որքան Սովետական Միության ժամանակներում էր, պարզապես անիմաստ է: Այն ժամանակ, ով մի քիչ ակտիվ էր և ցանկանում էր՝ ինստիտուտ էր բացում: Նման քանակության ինստիտուտներ պահելը մեծ ծախսեր է պահանջում: Ընդհանրապես գիտությունը հարուստ երկրների համար է, որը պետք է անվերադարձ գումարներ տրամադրի, որպեսզի մարդիկ իրենց հաճույքի համար զբաղվեն գիտությամբ: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանը: Այս կենտրոնը ստեղծվել է երեք կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Կենսատեխնոլոգիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտի և Մանրէների ավանդադրման կենտրոնի միաձուլման արդյունքում:
Ա. Սաղյանի խոսքով՝ իհարկե, երկրի համար մեծ հեղինակություն է, երբ գիտնականը մեծ նվաճումների է հասնում և գիտական հոդվածներ է հրապարակում, սակայն այսօր գիտության նկատմամբ պահանջն ուրիշ է: «Եթե մի բան ես մշակում, ապա այն պետք է ներդրվի ու պետք է փող բերի, այնպես, ինչպես Գերմանիայում և մի շարք այլ պետություններում է: Օրինակ, Գերմանիայի նման հզոր երկրում գիտնականը հենց այնպես չի աշխատում, երեք տարի հետո նրա արդյունքը պետք է ներդրվի, եթե չի ներդրվում, ապա նրան այլևս չեն ֆինանսավորում»,- ասաց Ա. Սաղյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում և ընդհանրապես Հայաստանում գիտնականների ուղեղի մեջ մտած է մի բան. «Ես աշխատեմ, ու թող ինչ- որ մեկը իմ գործը տանի-վաճառի»: Խոսքը՝ հատկապես ավագ սերնդի գիտնականներին է վերաբերում: «Նրանք չեն մտածում ու չեն ընդունում, որ իրենք չէ, որ պետք է ասեն՝ իրենց աշխատանքը լա՞վն է, թե՞ վատն է, այլ դա պետք է գնահատի այն գնողը: Օրինակ՝ գիտնական կա, ով 30 տարի նույն գործն է անում, և ոչ մեկի վրա հղում չի կատարում: Երբ հարցնում ես՝ ինչո՞ւ որևէ հղում չկա, պատասխանում է, որ այդ գործով աշխարհում միայն ինքն է զբաղվում: Իսկ ինչո՞ւ ուրիշները չեն զբաղվում, որովհետև դրա պետքն ուղղակի չկա, պահանջարկ չկա»,- ասաց Ա. Սաղյանը՝ ավելացնելով, որ արտասահմանում մարդիկ հենց այնպես գիտությամբ չեն զբաղվում, այլ զբաղվում են այն գործով, որը պետք է, որը կարող է վաղը գումարներ բերել:
«Հիմնականում այդ մտայնությունը գալիս է նրանից, որ մարդկանց, հատկապես ավագ սերնդի գիտնականների մոտ դեռևս կա Սովետական դաստիարակությունը: Իսկ Սովետական Միությունը հզոր պետություն էր, փող էր տրամադրում գիտությանը և հատկապես ակադեմիական ինստիտուտներից ակնկալիք չուներ: Փող էր տալիս ոչ թե՝ որպեսզի գիտական աշխատանքի արդյունքում արտադրանք ստեղծվեր, այլ փող էր տալիս գիտությամբ զբաղվելու համար»,- ասաց Ա. Սաղյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանն այդ հնարավորությունը չունի, ուստի մարդիկ այսօր պետք է վերափոխվեն, պետք է տեսնեն՝ շուկային ի՞նչ է պետք, և իրենց գիտելիքներն ուղղեն այդ ուղղությամբ:
«Նրանք նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ պետք է սովորեն, ու պետք է սովորեն, թե ինչպե՞ս շուկա մուտք գործել և բանակցություններ վարել: Դա այսօր մեր գիտնականների հիմնական թերությունն է»,- ասաց Ա. Սաղյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանում նաև կան բացառիկ, սակայն քիչ թվով գիտնականներ, ովքեր կարողանում են միաժամանակ զբաղվել և՛ գիտությամբ, և՛ գիտական արդյունքների ապրանքայնացմամբ:
Լուսինե Մովսիսյան