«Այս ընտրությունները լուրջ քննություն են ԶԼՄ-ների համար»
Հարցազրույց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի հետ
– Վերջերս ասել էիք, որ նախընտրական այս շրջանն ակտիվ անորոշության փուլ է, որի պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լռությունն էր: Ինչպիսի՞ շրջան է սկսվել հիմա, երբ հայտնի է այդ որոշումը:
– Եթե այդ ձևակերպումների տրամաբանությունը շարունակենք, ապա հիմա էլ պասիվ անորոշության շրջան է, քանի որ Գագիկ Ծառուկյանի որոշումը` չառաջադրվել նախագահի թեկնածու, չեմ կարող ասել, որ անսպասելի էր, բայց նոր իրավիճակ ստեղծեց: Այն քաղաքական ուժերը, որոնք հակված էին գնալ Գ.Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետևից, այսօր պետք է որոշեն` ինչ անել: Սա, իհարկե, հանրության և լրատվամիջոցների համար այլևս այնքան կարևոր թեմա չէ, որքան ԲՀԿ-ի որոշումը, բայց անորոշությունը պահպանվում է: Մինչ այսօր հասկանալի չէ ոչ միայն այն, թե քանի թեկնածու ենք ունենալու, այլ նաև, թե ով է գործող նախագահին հիմնական մարտահրավեր նետողը:
Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ընտրողը հենց ընտրությունների ժամանակ է որոշում, թե ով է մարտահրավեր նետողը: Խոսքն այն ընտրազանգվածի մասին է, որը միշտ քվեարկում է գործող իշխանություններին դեմ: Այդ ընտրազանգվածի վարքագիծը շատ դժվար է կանխորոշել: Այդ պասիվ անորոշությունը, կարծում եմ, կավարտվի մոտակա օրերին:
– ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի կողմից թեկնածուների հնարավոր առաջադրումը որքանո՞վ կհստակեցնի իրավիճակը:
– ՀՅԴ-ն կարծես թե կողմնորոշվել է, որ սեփական թեկնածուով է հանդես գալու: Ուղղակի հաշվի առնելով, որ դա այն կուսակցությունն է, որտեղ արտահայտված առաջնորդ երբևէ չի եղել, հնարավոր թեկնածուների ցանկը բավական լայն է:
Իսկ ՀԱԿ-ի դեպքում նույնպես սցենարը բավական պարզ է: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, քիչ հավանական է, որ ամբողջ ՀԱԿ-ի անունից որևէ թեկնածու լինի, քանի որ հակասությունները և թեկնածուներն այնքան շատ են, որ դժվար թե համաձայնության գան: Առանձին կուսակցություններից, որոնք անդամակցում են ՀԱԿ-ին, թեկնածություններ կլինեն: Գոնե Հրանտ Բագրատյանի պահով, քիչ թե շատ, կանխատեսելի է իրավիճակը: Ինձ թվում է` բավական հետաքրքիր տարբերակ է սա: Երբ հստակ գաղափարական և քաղաքական սկզբունքներով մարդը դուրս է գալիս ընտրապայքարի, դա խոստանում է, որ որոշակի բովանդակություն կունենան այս ընտրությունները: Հնարավոր այլ թեկնածուներից` լինի դա «Ժառանգությունից», ՀՅԴ-ից, թե գործող նախագահը, որևէ նորություն դժվար կարելի է սպասել, քանի որ նրանք այն քաղաքական ուժերն են, որոնք երկար ժամանակ արդեն արտահայտել են իրենց մոտեցումները տարբեր հարցերի շուրջ և առանձնապես հակված չեն լուրջ և խորը բանավեճերի: Հ. Բագրատյանի թեկնածությունը նրանով է հետաքրքիր, որ ինքը նոր թեկնածու է և հնարավորինս շահագրգռված կլինի շատ խոսել և տարբեր բաներ ասել: Բագրատյանը երկար ժամանակ կուտակել է մտքերը և գաղափարները և հիմա շահագրգռված կլինի բազմազան ներկայանալ:
– Գ. Ծառուկյանի որոշումից հետո կարծիքներ հնչեցին, որ ընտրությունների ելքը կանխորոշված է: Լրատվամիջոցները որքանո՞վ են նպաստում այս տեսակետի ամրապնդմանը:
– Այս ընտրություններից առաջ բավական բարդ իրավիճակում են հայտնվել մեր լրատվամիջոցները, քանի որ հիմնական խոսակցություններն այն թեմայի շուրջ էին, թե արդյոք ԲՀԿ-ն կունենա՞ սեփական թեկնածու, թե՞ ոչ: Բոլոր մնացած թեմաները ետին պլան էին մղվել: Պարզ է, որ այդ թեմայի շուրջ շատ բազմազան բաներ դժվար էր ասել, մանավանդ որ, պաշտոնական դիրքորոշումներ կամ ընդհանրապես չէին հայտնվում, կամ շատ անորոշ էին: Այն ԶԼՄ-ները, որոնք սովոր են քիչ թե շատ ստուգված տեղեկություններ տարածել, անելիքներ չունեին:
ԶԼՄ-ները, փաստորեն, պատանդ էին քաղաքական ուժերի պասիվությանը: Դա գործոն էր նաև, որ բարձրացվեց ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի դերը, որոնք կաշկանդված չեն ճշգրիտ ինֆորմացիա տարածելու, իրենք ինֆորմացիոն ոլորտում դուրս եկան առաջին պլան: Դա բավականին բարդ իրավիճակ ստեղծեց բոլոր պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների համար: Այս ընտրությունները պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների համար ևս մեկ փորձություն են իրենց դերը և գոյությունը պահպանելու առումով: Հանրային քաղաքականության, բաց բանավեճերի բացակայությունը մեծ վնաս է հասցնում նաև լրատվամիջոցներին:
– Որքանո՞վ են քաղաքական ուժերը հակված ԶԼՄ-ներն օգտագործել իրենց գաղափարների տարածման համար, և ո՞ր տեսակի լրատվամիջոցներին են առավելություն տալիս:
– Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ քաղաքական ուժերը բացարձակ հետաքրքրված չեն լրատվամիջոցներն օգտագործել` ավելի հասկանալի լինելու համար հանրությանը, և ինչ-որ իմիջ ձևավորել: Ամեն քաղաքական ուժից առավելագույնը 5 խոսող կա: Այնպիսի տպավորություն է, որ մնացածին հրահանգ է տրված` լռել: Այն նոր քաղաքական տեխնոլոգիաները, որոնք փորձում են կիրառել քաղաքական ուժերը, հեռուստատեսությունը այլևս չեն դիտում` որպես հիմնական միջոց հանրության հետ հաղորդակցվելու համար: Եթե նախկինում հերթ էին կանգնում, որպեսզի մասնակցեին հարցազրույցների, այսօր հեռուստաընկերությունները մեծ դժվարություն ունեն բազմազանություն մտցնելու իրենց հյուրերի ցանկում: Այսօր բավական ակտիվ օգտագործվում են սոցիալական ցանցերը և բլոգները:
Քիչ թե շատ ռեսուրս ունեցող քաղաքական ուժերն ունեն մարդկանց մի բանակ, որոնք ակտիվություն են ցուցաբերում հիմնականում ֆեյսբուքում, ինչպես նաև` տարբեր բլոգներում: Մենք արդեն ունենք 80-ից ավելի նորությունների պորտալներ և կայքեր, որոնց մեծ մասի հետևում հենց քաղաքական փողերն են, այսինքն` շեշտը գնալով ավելի տեղափոխվում է ինտերնետ:
– Ինչպիսի՞ն կլինի ԶԼՄ-ների և, մասնավորապես, կայքերի ճակատագիրն ընտրություններից հետո:
– Ե՛վ օնլայն լրատվամիջոցներում, և՛ բլոգներում, և՛ տպագիր մամուլում մեծ տեղ ունեն քաղաքական փողերը: Ընտրություններից հետո այդ քաղաքական փողերը կամ կկրճատվեն, կամ ընդհանրապես չեն լինի, և շատ լրատվամիջոցների համար գոյատևման հարցը լուրջ է լինելու: Եթե կարողանան դիմանալ մինչև 2016թ., ԱԺ ընտրություններից առաջ հետաքրքրություն կառաջացնեն, եթե չդիմանան` կկրճատվեն: Վաղուց տեսնում եք նաև կրճատման միտում հեռարձակվողների շրջանում: Ակնհայտ է, որ գովազդային շուկան 3-5 հեռուստաընկերություն կարող է պահել: Չեմ բացառում նաև հոլդինգների ստեղծումը, որն ավելի էժան կլինի:
– ՀՀԿ 14-րդ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը` բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների` եթեր ունենալու իրավունքը, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
– Ամեն դեպքում կարելի է ընդունել, որ մեր հեռուստաեթերը քաղաքական առումով դարձել է շատ ավելի բազմազան: Եթե քաղաքական գործիչները շատ ավելի ակտիվություն ցուցաբերեն, ավելի բազմազան կլիներ, այսինքն` օբյեկտիվորեն այդ հնարավորությունը կա: Արդեն խորհրդարանական ընտրությունների ընտրարշավում որևէ քաղաքական ուժ դժգոհություն չներկայացրեց մեր հեռուստաընկերություններին` խտրականություն ցուցաբերելու համար: Ինձ թվում է` ԱԺ ընտրություններին նույնիսկ հրահանգ էր տրվել լրատվամիջոցներին` լինել բազմազան: Դա առաջին անգամ էր Հայաստանի պատմության մեջ: Այդ առումով կարելի է նախագահի հետ համաձայնել:
Բայց ես խնդիր եմ տեսնում ներկայացման մեջ: Կարծես թե մոտեցում կա, որ խոսքի ազատությունն իշխանության ձեռքին է, եթե տալիս եմ` ինձ համարեք լավ նախագահ, այն դեպքում, երբ խոսքի ազատությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է և պետք է լինի` անկախ իշխանությունների ցանկություններից: Այդ մոտեցումները մտահոգիչ են և վայել չեն ժամանակակից աշխարհին:
– Արդո՞ք այս նախագահական ընտրություններում ևս այդ հավասարակշռված մոտեցումը կպահպանվի:
– Միգուցե ականատես կարող էինք լինել տեղեկատվական պատերազմի, եթե ԲՀԿ-ն մնար պայքարում: Նրա բացակայության դեպքում, ինձ թվում է, ճամբարների բաժանում հեռուստաընկերությունների մոտ չի լինելու, և նորմալ լուսաբանման ականատես կլինենք: ԲՀԿ-ի մասնակցությունը որոշիչ էր, քանի որ մարդկանց ընկալումների մեջ դա միակ քաղաքական ուժն էր, որը կարող էր լուրջ մրցակցություն հանդես բերել:
«168 ԺԱՄ»