Լյովա Խաչատրյանը համաձայն է հանրապետականների գնդակահարությանը. ապարանցի պատգամավորի հերթական հումորը
«Այսօրվա Հանրապետականի բերած նախագիծը, որը դեռ չի ընդունվել, չգիտեմ` ինչպիսի տեսք կունենա վաղը, բայց այսօրվա բերածն ինձ հիշեցնում է դոմինո խաղը, երբ երկու կողմից նույն ֆիշկեքը խփում-վերջացնում ես և գոռում ես՝ «Риба», այսինքն` տուպիկ, էլ բան չկա անելու»,- ձեռքը խփելով սեղանին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` իր կարծիքը հայտնելով «ԱԺ կանոնակարգ-օրենքում Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ:
«Էթիկայի հանձնաժողովը սպանեցինք, քանի որ հայկական մենթալիտետը միշտ ուրիշ է, և հայկական էթիկայի կանոններով մենք փորձում ենք ոչնչացնել էթիկայի հանձնաժողովը»,- նշեց Խաչատրյանը:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այս հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Ոուղղակի շարունակությունն է համագումարում հնչած հանդուրժողականության մասին մեր հասարակությունում անհրաժեշտ հատկություններն արմատավորելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ է նշանակում յուրաքանչյուր քաղաքական ուժից մեկ հոգի, մի´ մոռացեք, որ Էթիկայի հանձնաժողովը դիտարկում է անձերի հարցը, և տեսեք` ի՞նչ է ստացվում այսօրվա հանձնաժողովում. ունենք 6 խմբակցություն, որոնցից երկուսը կոալիցիոն` իշխանական խմբակցություններն են` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, մյուս չորսն էլ ընդդիմադիր, լավ երեքն ընդդիմադիր, մեկը` իբր ընդդիմադիր, սենց ասեմ, չէ՞, որովհետև էդ մարդիկ չեն ասում, որ իրենք ընդդիմադիր են»:
«Էդ մարդիկ չի, էդ կուսակցություն ա»,- ընդհատեց ԲՀԿ-ական Լ.Խաչատրյանը:
«Կուսակցությունը մարդկանցից է բաղկացած, չէ՞»,- պատասխանեց Մ. Բադեյանը:
«Ի՞նչ է տեղի ունենում, ԱԺ-ում, որտեղ իշխող ուժերը մեծամասնություն են ներկայացնում, նրանցից յուրաքանչյուրի հարցը կարող է քննվել զուտ քաղաքական հարթության մեջ` անկախ նրանից` էդ մարդն իրոք էթիկայի խախտում արե՞լ է, թե՞ ոչ:
Մեր առաջարկն ընդամենը բերում է կոմպրոմիսային դաշտ հենց անձերի քննարկումը, որովհետև ցանկացածին հիմա քաղաքական մոտիվով, անկախ նրանից` էդ մարդն ի՞նչ է արել, ի՞նչ չի արել, պիտակավորենք, անունը դնենք հանրապետական, տանենք ընդեղ գնդակահարենք կամ խայտառակ անենք զուտ պերսոնային»,- հավելեց ՀՀԿ-ական պագտամավորը:
«Ես համաձայն կլինեմ»,- կրկին միջամտեց ապարանցի Լյովա Խաչատրյանը:
Նշենք, որ ամբողջ ասուլիսի ընթացքում երկու պատգամավորների բանավեճն ուղեկցվում էր այսպիսի կիսահումորային ռեպլիկներով, որոնք երկու պատգամավորները, ովքեր, ի դեպ, միասին եկան ասուլիսին, բնորոշում էին «ընկերական»:
Նշենք, որ այս համատեքստում Լ.Խաչատրյանը հիշեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը, ինչի հետ չհամաձայնվեց Մ.Բադեյանը՝ նշելով, որ պետք չէ Օսկանյանի դեպքը խառնել Էթիկայի հանձնաժողովի հետ:
«Միայն Օսկանյանը չի, մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ դուք քաղաքական հիմքի վրա որոշումներ եք կայացրել»,- ասաց Լ.Խաչատրյանը:
«Քո խնդիրը հասկանա՞լն է, թե՞ բացատրելն է, սպասի բացատրեմ, էլի»,- խնդրեց Մ.Բադեյանն իր ընկերոջը:
«Քանի որ Դուք արդեն բացատրեցիք և ոչինչ չասացիք, ինձ մնում է միայն Ձեզ լրացնել և համաձայնվել Ձեզ հետ»,- պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Թող ասեմ էլի»,- պնդեց Բադեյանը:
«Ասա, խոսա՝ թող զիբարդ բացվի»,- կրկին կատակեց Լ.Խաչատրյանը: