Մանրեների ազգային հավաքածուն ունի մոտ 15 հազար կուլտուրա
Հայաստանում մանրէների ազգային հավաքածուն ունի մոտ 15 հազ. կուլտուրա, որոնք հիմնականում գիտահետազոտական և արտադրական նշանակություն ունեն: Գիտաարտադրական հավաքածուի ստեղծումը նախաձեռնել է ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը: 1993 թ. Միկրոբիոլոգիայի ինստիտուտի բազայի վրա հիմնվեց «Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնը» (տնօրեն՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Աֆրիկյան):
Կենտրոնի նպատակներից մեկը Մանրէների ազգային հավաքածուի ստեղծումն էր: Հաշվի առնելով Մանրէների ավանդադրման կենտրոնում («ՄԱԿ») ստեղծված մանրէների կուլտուրաների հավաքածուի գիտաարտադրական նշանակությունը, ստեղծվել է մանրէների կուլտուրաների ազգային հավաքածու, իսկ «Մանրէների ավանդադրման կենտրոնը» 2011թ. օգոստոսին ընդգրկվել է ազգային արժեք ներկայացնող կազմակերպությունների ցանկում:
Ներկայումս մանրէների ազգային հավաքածուն պահպանվում է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում: Կենտրոնի փոխտնօրեն, Ֆոտոսինթեզող մանրէների լաբորատորիայի վարիչ Վիգեն Գոգինյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ազգային մանրէների հավաքածուն ներառում է նաև արտասահմանյան մանրէների կուլտուրաներ, սակայն հավաքածուի մեջ մեծամասամբ հայկական ջրերից, հողերից, բույսերից և այլ վայրերից անջատված մանրէների կուլտուրաներ են, որոնք հիմնականում օգտակար նշանակություն ունեն:
Ինչ վերաբերում է մանրէների, հավաքածուի կարևորությանը, ապա, ըստ Վ. Գոգինյանի` այն ունի մի քանի կարևոր նշանակություն: Նախևառաջ՝ դրանք հանդես են գալիս՝ որպես վիտամինների, ամինաթթուների, ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի պրոդուցենտներ (արտադրիչներ):
Բացի այդ, մանրէներն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ, օրինակ՝ հացաթխման, պանրի արտադրության, գինեգործության, և այլն: Դրանք կիրառվում են նաև գյուղատնտեսության մեջ` հատկապես կենսաբանական պարարտանյութերի արտադրության, և հանդիսանում են այն հիմնական նյութը, որն ընկած է կենսաբանական ծագում ունեցող պարարտանյութի հիմքում, և այլն:
«Ցավոք, մանրէների ազգային հավաքածուի օգնությանը մեր արտադրողները շատ քիչ են դիմում, նրանք նախընտրում են արտերկրից բերել իրենց անհրաժեշտ պատրաստի նյութը, քանի որ դրանք ավելի էժան են»,- ասաց Վ. Գոգինյանը` նշելով, որ օրինակ` պանիր արտադրողի համար չինական մերան օգտագործելը շատ ավելի ձեռնտու է, քան տեղում դա պատվիրելը:
«Մերանը ֆերմենտ է, իսկ այդ ֆերմենտը մանրէ է արտադրում, այսինքն` այն մանրէաբանական ծագում ունի: Նման նյութերի ստեղծման փորձ մենք ունենք, անհրաժեշտության դեպքում, եթե պահանջարկ լինի, օրինակ` հացի արտադրության համար, պանրի կամ մեկ այլ արտադրության համար, ապա մենք կարող ենք այդ ամենը մատակարարել»,- ասաց Վ. Գոգինյանը:
«Մանրէների ավանդադրման կենտրոնում» սկսվել են մանրէների քարտարանի ստեղծման աշխատանքները, որոնք ամփոփում են ավելի քան 1000 շտամների մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, գենետիկական և այլ հատկությունները։ Միաժամանակ կատարվում է նաև մանրէների ազգային հավաքածուի գույքագրումը:
«Առաջիկայում մենք մանրէների նշանակության, գույքագրման և դրանց կիրառման ուղղությունների ու հնարավորությունների մասին տեղեկատվությունը ցանկանում ենք ամփոփել, և այդ տեղեկատվությունը կտեղադրենք մեր ինտերնետային կայքում: Այդպիսով, այս ազգային արժեք ներկայացնող հավաքածուի մասին շատերը կիմանան, քանի որ հնարավոր է, որ պարզապես շատերը չգիտեն դրա մասին: Այդպիսով, հնարավոր է նաև պատվերներ ներգրավել»,- ասաց Վ. Գոգինյանը: