Առաջին պատժամիջոցն՝ ընդդեմ ԲՀԿ-ի
Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարին, ինչպես հայտնի է, հրավիրված չէր «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը և կուսակցությունն` ընդհանրապես: Դա, մեղմ ասած, քաղաքական արարողակարգի խախտում է այն իմաստով, որ ԲՀԿ-ն խորհրդարանական` մեծությամբ երկրորդ խմբակցությունն է, նրա ղեկավարն էլ` բացի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց, նաև Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:
Այն դեպքում, երբ ՀՀԿ համագումարում ներկայացված էր գրեթե ողջ պետական կառավարման համակարգը, թերևս, բացառությամբ առայժմ աշխատանքից չազատված ԲՀԿ-ականների: Այսինքն` Հանրապետականի համագումարին հրավիրվել են ՀՀԿ կրծքանշանով անգամ վարչությունների պետեր, վարչական շրջանի ղեկավարներ, ՕԵԿ-ական զանազան պաշտոնյաներ, սակայն չի հրավիրվել ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը, ով իր կուսակցության ստեղծման օրվանից պատվավոր տեղ էր զբաղեցնում իշխող կուսակցության բոլոր համագումարներում: Սա, թերևս, ԲՀԿ-ի դեմ կիրառված առաջին ու ամենալուրջ քաղաքական պատժամիջոցն էր, որն իր նշանակությամբ շատ ավելի լուրջ կարող է լինել, քան ցանկացած տնտեսական կամ նույնիսկ իրավական սանկցիա:
ԲՀԿ-ի ու Ծառուկյանի բացակայությունը ՀՀԿ համագումարին ուշագրավ է դառնում նաև այդ միջոցառմանը Դաշնակցության ներկայացուցիչների ներկայության ֆոնին: Հայաստանում «ամբողջական իշխանափոխության» պահանջ ներկայացնող ՀՅԴ-ականները, անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, այսօր հրավիրվել են ՀՀԿ համագումարին: Սակայն դա արվել է, թերևս, ոչ միայն ու ոչ այնքան ՀՅԴ-ի 122-ամյա վաստակի նկատմամբ հանրապետականների ունեցած հարգանքից դրդված, այլ առաջին հերթին՝ ԲՀԿ-ի ու Ծառուկյանի բացակայությունն ընդգծելու նպատակով:
Ու երբ այսքանից հետո ՀՀԿ-ականները հայտարարում են, թե բացառված չէ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիայի ձևավորումը, ցույց են տալիս ոչ միայն իրենց գործողությունների հակասականությունը, այլ նաև անսկզբունքայնությունը: Ծայրահեղ անսկզբունքայնությունը: Փաստորեն նրանք չեն բացառում, որ կոալիցիայի, կառավարության կազմ կարող են հրավիրել մի ուժի, որին ու որի ղեկավարին անգամ կուսակցության համագումարին հրավիրելը համարում են «աննպատակահարմար»:
Հասկանալի է` ՀՀԿ-ն այսպիսով ԲՀԿ-ին ցանկանում է քաղաքականապես նվաստացնել մինչև վերջ` գուցե նպատակ ունենալով հանրային ընկալման մեջ վերջնականապես այդ կուսակցությանը նույնականացնել ՕԵԿ-ի հետ, և դրանից հետո միայն մասնաբաժին տալ իշխանության կազմում: ՀՀԿ-ն անում է այն, ինչից այդքան խուսափում ու մտահոգվում էր Գագիկ Ծառուկյանը`նույնացվել ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի հետ: