
«3 տարեկանից սկսած՝ իմ երգերը սիրում են, լսում, դա ինձ համար ամենամեծ հաճոյախոսությունն է». Լիլիթ Բլեյան (տեսանյութ)

Քաղաքների մեջ ծով սիրող, ամայության, դատարկության մեջ կյանքի հույս փնտրող Լիլիթ Բլեյանն այսօր իր ունկնդրին ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը: Երգն իսպաներեն լեզվով է, այն կոչվում է՝ «Un dia», թարգմանաբար՝ «Մեկ օր»:
Ստեղծագործությունը կյանքի ընթացքում կորցրած հարազատների մասին է, որոնց, ժամանակին, չէիր էլ կարող մտածել, որ կկորցնես: 168.am-ի հետ զրույցում Լիլիթ Բլեյանը նշեց, որ իր նոր ստեղծագործությունը հանգիստ, թեթև, հեշտ ընկալելի է: Այն չունի պահանջ: Յուրաքանչյուրը կարող է երգը լսելիս պատկերացնել այն, ինչ ցանկանում է:
«Մեկ օր» երգի տեսահոլովակը հավաքվել է լուսանկարների հիմքում, որոնք Լիլիթը նկարել էր ամուսնու հետ վերջին ճանապարհորդության ընթացքում:
– Լիլիթ, «Մեկ օր»-ը հանրությանը ներկայացված ստեղծագործություններից, թերևս, վերջինն է, որ քեզ համար վստահաբար ունի հետաքրքրություն: Ո՞րն է այդ հետաքրքրությունը:
– Շատ արագ է ստեղծվել: Այն ինձ համար այնքանով է հետաքրքիր, որ տարբերվում է իմ մնացած երգերից: Այն ավելի թեթև է, չի պահանջում ինչ-որ բան, կարող ես ուղղակի լսել, անգամ պարել: Օրինակ, ես և աղջիկս պարում ենք այս երգի հնչյունների ներքո:
– Իր թեթևության հետ մեկտեղ՝ ո՞րն է երգի ասելիքը:
– Եթե տեքստ գոյություն ունի, ուրեմն այն ինչ-որ միտք պետք է փոխանցի: Այս երգը ևս ունի իր պատմությունը: Այն երկու հոգու մասին է: Երգը պատմում է ժամանակի ընթացքում մեր կյանքից հեռացած մարդկանց մասին: Այն մասին, թե որքան անիմաստ է մտածել մեր կյանքից հեռացած մարդկանց, այն անդարձ վայրկյանների մասին, որ ապրել ենք միասին: Ինձ համար հատկապես կարևոր է լեզուն: Այս նույն երգը հայերենով նույնքան հետաքրքիր չէր հնչի: Ի սկզբանե այն իսպաներեն է ստեղծվել, կիթառով նվագակցելու համար: Ինձ դուր եկավ, որ այն շատ հեշտ տրվեց, և որոշեցի ներկայացնել հանդիսատեսին:
– Տարիքային ո՞ր խմբին են հասանելի քո երգերը: Ովքե՞ր կարող են ճիշտ ըմբռնել, հասկանալ քո երգերի իմաստը:
– Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Ինձ այնքան հաճելի է, որ 3 տարեկանից սկսած՝ իմ երգերը սիրում են, լսում: Դա ինձ համար ամենամեծ հաճոյախոսությունն է: Նույնիսկ շատերը բառերը չեն հասկանում, բայց լսում են, ընկալում են: Երևի դրանից ավելի մեծ հաճոյախոսություն չի կարող լինել: Մյուս ամենաթանկ հաճոյախոսությունն ինձ համար այն է, որ հայերեն չհասկացող մարդիկ լսում են իմ ստեղծագործությունները:
– Ըստ քեզ, ի՞նչն է գրավում այդ մարդկանց:
– Երևի մեղեդին է իրենց հասկանալի, տրամադրությունը: Եթե մտածեի, թե ում համար եմ գրում՝ երևի չկարողանայի գրել: Դա պատվեր կլիներ: Իսկ հիմա ես զգում եմ մեղեդին, բառերը, և ըստ այդմ էլ՝ գրում եմ: Երբ զգում եմ, որ ստացվել է՝ ներկայացնում եմ իմ հանդիսատեսին: Շատ երգեր կան, որ գրվել են, սակայն, ցավոք սրտի, ժամանակի սղության պատճառով, քչերն եմ ձայնագրում:
– Ի՞նչն է ազդակ հանդիսանում ստեղծագործելու համար:
– Ընդհանրապես աշխատում եմ օրվա ընթացքում շատ մտածել: Ինձ այս պահին ոչինչ չի կաշկանդում, կարողանում եմ հանգիստ երկար մտածել: Եթե որոշեմ մտածել այն մասին, թե ինչ պետք է անեմ, ինչից հետո՝ ինչը պետք է անեմ, ինձ համար արդեն բարդ կլինի: Ես պրոֆեսիոնալ չեմ, կոմպոզիցիաներով չեմ զբաղվում, ես ընդամենը ստեղծում եմ բառերը, երաժշտությունը, իսկ մնացած աշխատանքն անում եմ իմ գործիքավորողի հետ: Ինչ-որ միտք է գալիս, և ստեղծվում է այն, ինչ ստեղծվում է: Ամեն ինչ թելադրում է պահը:
(Երգի բառացի թարգմանությունը)
«Բազմաթիվ չիսպանախոսների խնդրանքով՝ նոր երգի հայերեն թարգմանությունը :))) Գեղարվեստական չէ, տողացի է, էնպես որ՝ խնդրում եմ ըմբռնումով մոտենալ». Լիլիթ Բլեյան
«Մի օր»
Մի օր ես
Հեռացա քեզնից՝
Ինքս էլ չհասկանալով պատճառը,
Ճշմարտությունն էի փնտրում:
Մի օր դու
Հեռացար՝ առանց հրաժեշտի
Փակելով իմ դեմ քո սիրտը:
Այ թե մթություն է․․․
Կրկներգ
Ես կորցրի ինձ՝ քեզ փնտրելով
Ու չեմ ուզում հաշվել օրերը՝
Քեզ սպասելով
Չեմ ցանկանում հաշվել:
Ժամանակն անցնում է՝ քեզ ջնջելով
Ու ես հաշվում եմ միայն
Ժամերը, երբ հիշում եմ քեզ:
Դա եմ միայն հաշվում:
2.
Անցավ ամիսը
Տանելով քո ջերմությունը,
Ես փորձում էի չմտածել, որ
Հենց դու էիր իմ որոնած ճշմարտությունը:
Անցավ տարին,
մյուսը
Ու այսօր էլ չեմ փնտրում ոչինչ
Ու վստահ չեմ ոչնչի վրա:
Կրկներգ
3.
Մեկ ամիս առանց քեզ,
Մի տարի առանց քեզ
Օրերը վազում են՝ տանելով քո ջերմությունը:
Մեկ ամիս առանց քեզ,
Մեկ տարի առանց քեզ,
Օրերը թռչում են՝ տանելով քեզ․․․
Կրկներգ