Բաժիններ՝

Պարտաճանաչ զինվորի, ասպիրանտի ու անփույթ լրագրողների մասին

Հայկական իրականության տարբեր բնագավառներում հաճախ հանդիպող երևույթներ են անփութությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը գործին: Լրագրությունը ևս բացառություն չէ:

Վերջերս հայկական լրատվամիջոցները հեղեղվեցին լուրերով այն մասին, որ Արսեն Ջուլֆալակյանի գլխավոր մրցակից Ռոման Վլասովը կամավոր զորակոչվել է բանակ: Անշուշտ, գովելի հանգամանք է, երբ Օլիմպիական ոսկե մեդալ նվաճած մարզիկը ցանկություն է հայտնում ծառայել բանակում: Ուշագրավ է, որ Վլասովը հայտարարեց, թե իրեն նման որոշման է դրդել լեգենդար մարզիկ Ալեքսանդր Կարելինը, ով ևս ծառայել է բանակում:

Նախաօլիմպիական տարում Արսեն Ջուլֆալակյանը որոշեց ընդունվել ասպիրանտուրա: Ինչո՞ւ ապագա օլիմպիական մեդալակիրը որոշեց մարզական խոշորագույն իրադարձությունից առաջ դիմել նման քայլի: Մեկ տարի առաջ գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան` Արսենն ամբողջովին տրվել էր մարզական կյանքին: Մտերիմները պատմում են, որ նա հավաքների էր մեկնում գեղարվեստական գրքերի ամբողջ շարքով, բայց էլի դժգոհում էր, որ կարդալուց հետո ձեռքի տակ նոր գիրք չունի:

Արսենի ընդունվելն ասպիրանտուրա ԵՊՀ միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար զարմանալի չէր, ուստի իրարանցում չառաջացավ: Բայց այս է բանը հիանալի ու առավել զարմանալի, որ ամենուր «մոտիկ կանգնած քաջատեղյակ աղբյուրներ» ունեցող մեր լրագրողների համար այդ փաստը մնաց աննկատ: Արսենը ըմբշամարտի համաշխարհային պատմության առաջին մարզիկն էր, ով գործունեության կիզակետում ընդունվեց ասպիրանտուրա, մի բան, որ շատ պետություններ կդարձնեին գովազդի թեմա: Ռուսաստանի PR-ը Վլասովի դեպքում թարմ օրինակներից է:

Կարդացեք նաև

Օլիմպիական խաղերում Արսենի պարգևատրումից անմիջապես հետո բրիտանացի լրագրողը հետաքրքրվեց` արդյո՞ք Արսենը գիտի, որ ժամանակակից օլիմպիական խաղերի մեկդարյա պատմության մեջ առաջին ըմբիշն է, ով, լինելով օլիմպիական չեմպիոնի որդի, նվաճում է օլիմպիական մեդալ: Բայց Հայաստանում «մոտիկ կանգնած քաջատեղյակ աղբյուրներն» էլի թերացան. մեր լրագրողների հետաքրքրության ոլորտում էին մայաների օրացույցը, աշխարհի վերջը և, ի վերջո, Արսեն Ջուլֆալակյանի… ո՛չ, ո՛չ իհարկե նրա նվաճումը, այլ մրցակիցը, ով կամավոր դիմել է՝ բանակում ծառայելու համար: Հետագա շաբաթներին հայ ընթերցողը տեղեկացավ ռուս մարզիկի զորակոչման բոլոր մանրամասներին. նա արդեն բանակում է, ծառայում է X զորամասում, և, վերջապես, զինվորական երդում է տվել:

Երբ Արսենը Ստամբուլում նվաճեց միակ մեդալը մեր պետության համար, լրագրողները հետաքրքիր վերլուծության հնարավորություն ունեին: Դեռևս կես դար առաջ աշխարհի մեդալ Ստամբուլում նվաճել էր հայկական ըմբշամարտի երախտավոր Նորայր Մուշեղյանը: Մարզասերներին հետաքրքիր կլիներ տարբեր սերունդների հերոսների համատեղ հարցազրույցը: Բայց արդեն ուշ է. Նորայր Մուշեղյանը հեռացել է կյանքից: Մենք չհասցրեցինք դա անել: Ինչպես հայկական սովորույթն է հուշում, բոլոր սխալները կուղղեն արխիվում աշխատող պատմաբանները:

Կարեն Վարդանյան
Շողեր Վարդանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս