Բաժիններ՝

Գալուստ Սահակյանն ու Հայկ Բաբուխանյանը ջնջել են օրենքի ամբողջական հոդվածները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Օրինագծի ընդունման դեպքում, ըստ հեղինակների, կհեշտանա վերահսկողությունը «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի կատարման նկատմամբ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, հավելելով, որ գործադիրն արդեն հանդես է եկել խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն գտնում է, որ պատգամավորների նախագիծը լրամշակման կարիք ունի։

Այս ժլատ հաղորդագրության հետքերով գնալու արդյունքում ի հայտ եկավ մի շատ ուշագրավ և, ինչ-որ տեղ, նաև զավեշտալի պատկեր։

Նախ՝ նշենք, որ Գալուստ Սահակյանն ու Հայկ Բաբուխանյանն առաջարկում են «չորով» արգելել վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդը բոլոր հնարավոր տեղերում՝ ԶԼՄ-ներում, տրանսպորտում, բնակավայրերում, և այլն։ Վատ բան չեն առաջարկում, և, ինչպես նշվում է հիմնավորման մեջ. «Առաջարկվող փոփոխությունները ներդաշնակություն կմտցնեն մի կողմից՝ ոլորտի շահերի պահպանման, և մյուս կողմից՝ հասարակության լայն զանգվածների՝ ոլորտի հետ կապված մտահոգությունները հաշվի առնելու առումով»:

Կարդացեք նաև

Սակայն պատգամավորները ոչ թե լրացում են մտցրել օրենքում, այլ ջնջել ամբողջական հոդվածներն ու այն փոխարինել արգելող դրույթով։

Այսպես, օրինակ, պատգամավորներն առաջարկում են «Գովազդի մասին» օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝  «Հոդված 10. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով:»:

Մինչդեռ Հոդված 10-ը բավականին լայն է և կանոնակարգում է գովազդի տեղադրումը ԶԼՄ-ներում։ Այդտեղ, օրինակ, նշվում է, որ ԶԼՄ-ները պարտավոր են իրենց բաժանորդներին տեղեկացնել տպագիր միջոցի մեկ թողարկման մեջ տեղադրվող գովազդի սահմանային ծավալների և դրանց հնարավոր փոփոխությունների մասին (առանց գովազդին հատկացվող լրացուցիչ մակերեսի): Կամ՝ ԶԼՄ-ները հրապարակում են գովազդի համար նախատեսված միավոր մակերեսի վարձաչափերը (հաշվի առնելով տեղաբաշխումը, հրատապությունը և այլ տվյալներ) և դրանց բոլոր փոփոխությունները` կիրարկումից առնվազն 20 օր առաջ: Մի խոսքով, բավականին լայն հոդված է։ Սակայն պատգամավորներն առաջարկում են այն պարզապես ջնջել և փոխարինել վերը նշված նախադասությամբ։

Նույն առաջարկը նրանք արել են նաև 12 և 13 հոդվածների համար, որոնք վերաբերում են տրանսպորտում տեղադրվող գովազդին և սոցիալական գովազդին։

Դրա համար էլ կառավարությունը նշել է, որ առաջարկը լրամշակման կարիք ունի, քանի որ. «Նախագծով կատարված փոփոխությունները նեղացնում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով կարգավորված հարաբերությունների շրջանակը: Մասնավորապես՝ օրենքի նշված հոդվածները վերաբերում են զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, տրանսպորտում իրականացվող գովազդին, սոցիալական գովազդին: Մինչդեռ նախագծով նախատեսված դրույթները կարգավորում են միայն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի հետ կապված հարաբերությունները: Այս առումով անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացումներ նշված հոդվածներում, այլ ոչ թե ամբողջությամբ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ»:

Միակ ուրախալի բանն այն է, որ օրենսդիրների այս «կիքսը» պայմանավորված է միայն և միայն խաղամոլության դեմ պայքարելու ազնիվ մղումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս