Բաժիններ՝

Էկզեմա՝ ժողովրդական դեղատոմսեր

«Էկզեմա» անվանումը հունարենից թարգմանաբար նշանակում է` «եռալ»։ Նույն երևույթը կատարվում է մաշկի հետ. սկզբում նկատվում է մաշկի կարմրություն, հետո` բշտիկների առաջացում, ապա` ուժեղ քոր է սկսվում։

Մաշկը ծածկվում է բազմաթիվ բշտիկներով, որոնք շատ հեշտությամբ վնասվում և պայթում են քորելիս, ինչպես նաև` հագուստի թեթև հպումից։ Դրանից հետո մաշկի վրա խոնավ հետքեր են մնում, քանի որ բշտիկները հեղուկով են լցված լինում։ Վերջինս չորանում է` ձևավորելով մոխրադեղնավուն կեղև, որի տակ սպիացման պրոցես է ընթանում։ Ինչ-որ ժամանակ անց, թվում է, թե առանց պատճառի պրոցեսը կրկնվում է։ Էկզեմա կարող է առաջանալ մարմնի տարբեր հատվածներում` դեմքին, ձեռքերին, ոտքերին, և այլն։

Էկզեման հանկարծակի է զարգանում, հիվանդությունը երկարատև է` սրացումներով և խաղաղ ընթացքով։ Սրացման ժամանակ քորն անհանգստություն է պատճառում, չի թողնում գիշերը քնել։ Հիվանդը չափազանց նյարդային է դառնում, անաշխատունակ։
Խնդիրներ են առաջանում աշխատավայրում, տանը։ Նյարդային համակարգի նման անկայուն վիճակը շարունակվում է, և մարդը կարծես թե փակ շրջանի մեջ է հայտնվում` սթրեսի պատճառով էկզեմա է առաջացել, իսկ էկզեման էլ` սթրեսի պատճառ։

Էկզեմայի ախտընթացի դրսևորումներն այնքան տարբեր և բազմաբնույթ են, որ պահանջ է առաջանում յուրաքանչյուր դեպք առանձին քննության առնել։

Բուն (իսկական) էկզեմա. Սրա առաջացման պատճառները մինչև վերջ պարզված չեն և հիվանդության զարգացմանը նպաստող տարբեր գործոններից են ձևավորվում, դրանց թվին են պատկանում` քրոնիկական հիվանդությունները, ալերգիկ պրոցեսները, մաշկի քրոնիկական բորբոքային ախտընթացները, և այլն։
Մասնագիտական էկզեմա. Առաջանում է արտադրական ալերգենների հետ մշտական շփումներից և, սովորաբար, նախ` ախտորոշվում է` որպես ալերգիկ մաշկաբորբ (դերմատիտ), բայց ի վերջո կայուն բնույթ է ստանում և վերածվում էկզեմայի։
Մանրէային էկզեմա. Դրսևորվում է` որպես հետևանք տարբեր վերքերի շուրջբոլորը գտնվող երկրորդային ախտահարման։

Թեփոտ (սեբորեային) էկզեմա. Բնորոշ են թեփային թերթիկները գլխամաշկի, մազերի տակ (սակայն հնարավոր է` նաև այլ տեղերում)։ Առաջանում է սեռական հասունացման շրջանում։ Եվ եթե ժամանակին չբուժվի, շատ երկար ընթացք կունենա։

Նյարդային էկզեմա. Զարգանում է ուժեղ նյարդային ցնցման, սթրեսի, ինչպես նաև երկարատև ճնշված հոգեվիճակի, նյարդային լարվածության հետևանքով։ Էկզեմայի բուժման համար անհրաժեշտ է հիվանդին բազմակողմանի հետազոտության ենթարկել (իմունոլոգիական, ալերգոլոգիական և բիոքիմիական)։ Հաճախ անհրաժեշտություն է առաջանում նաև հարակից բժշկական մասնագետների միջամտությանը դիմել (էնդոկրինոլոգ, գաստրոէնտերոլոգ, նյարդահոգեբան)։

Ինչպես հայտնի է, եթե գտնվի հիվանդության պատճառը, ապա այն բուժելը շատ հեշտ կլինի։ Բայց քանի որ բազմաթիվ գործոններ են ազդում էկզեմայի առաջացման վրա, ապա սկզբնապատճառն առայժմ բժշկությանը հայտնի չէ։ Ժառանգականությունը և քրոնիկական հիվանդությունը, ալերգիան և բորբոքումների հանդեպ հակումը և այլ գործոններ կարող են էկզեմայի առաջացման պատճառ դառնալ, բայց առաջատարը երկարատև սթրեսն է։

Հարց է առաջանում. եթե պատճառը հայտնաբերված չէ` արժի՞ արդյոք բուժել։ Բուժելն անհրաժեշտ է` և համալիր, և համակարգված։

Ընթացքում բուժումը պետք է հիմնված լինի ոչ միայն դեղորայքային օգտագործման, այլև կենսակերպի փոփոխության վրա։
Հատկապես ուշադրություն պետք է դարձնել աղիների, լյարդի, երիկամների և արյան վիճակի վրա։

Նախևառաջ պետք է համոզվել, որ դիսբակտերիոզ չունեք։ Կարելի է այս նպատակով հետազոտություններ կատարել և վերացնել աղիների ֆունկցիայի խանգարման սկզբնապատճառները։ Խորհուրդ է տրվում աղիների մաքրման կուրս անցնել` տարբեր լուծույթներով հոգնաներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Այնուհետև խորհուրդ է տրվում մաքրել լյարդը։ Առավոտյան 1ճ/գ ձեթ լցրեք բերանի մեջ և բերանը` փակ, «պտտեցրեք», աշխատեք այնպես անել, որպեսզի բերանի ողջ խոռոչը «մասնակցի» այդ գործողությանը, հատկապես լեզվատակի տարածությունը, որտեղ արյունատար անոթների և թքագեղձերի ծորանների հոծ հատված է ընդգրկված։ 5-10 րոպեից ձեթը, որը սպիտակավուն, մածուցիկ հեղուկ է դարձել, պետք է բերանից թափել։ 1-2 շաբաթվա ընթացքում օրը մեկ անգամ կատարեք այդ գործողությունը։

Օրգանիզմը վերականգնելու համար կարևոր է քնի և հանգստի կարգավորումը, պետք է օրվա մեջ առնվազն 8 ժամ քնել, հետևեք երիկամների աշխատանքին, օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ։ Անհրաժեշտ է սննդակարգից բացառել շաքարը, թխվածքները, օսլա պարունակող մթերքները, ապխտած և տապակած ուտելիքները, համեմունքները, գազավորված ըմպելիքները, ալկոհոլ պարունակող խմիչքները ևս պետք է բացառել։

Օգտագործեք ժողովրդական խոտաբույսերից պատրաստված ըմպելիքներ, որոնք օգնում են նվազեցնելու բորբոքային ախտընթացը, թեթևացնում են քորը, լրացնում են վիտամինների պակասը։

  • Մանրացրեք և խառնեք 1-ական ճ/գ բերենիկե բժշկականի խոտ, մատնունի ուղիղի կոճղարմատ, 2-ական ճ/գ փրփրուկի, կատվալեզու եռաբաժնի խոտեր։

Եփեք 10 րոպե 600 մլ եռջրով` ջրային բաղնիքի վրա, թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։

  • Խառնեք փրփրուկ բժշկականի և չայիր սողացողի (1։2) խոտերը, 2 ճ/գ հումքը 30 րոպե եփեք 0,5 լ եռջրում` մարմանդ կրակի վրա, քամեք։ Խմեք եփուկը ողջ օրվա ընթացքում։
  • 1 ճ/գ մանրացրած կռատուկի արմատը 30 րոպե եփեք 200 մլ եռջրում, մարմանդ կրակի վրա, թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
  • Խառնեք 2-ական մաս վաղենակի ծաղիկ, ռոդիոլա վարդագույնի կոճղարմատ, 3-ական մաս մատուտակի արմատ, բեկտենու պտուղ, 5-ական մաս չորածաղկի և կատվալեզվի խոտեր, մասուրի պտուղ։ 2 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք նախօրոք եռացրած գոլ ջրի մեջ։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Կամ նույն քանակի հումքին ավելացրեք 200 մլ եռջուր և 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե։ Խմեք վերոգրյալ չափաբաժիններով։
  • Մանրացրեք, խառնեք կատվալեզու եռաբաժնի և չորածաղիկ ճահճուտի խոտեր, մասուրի և բեկտենու հատապտուղները, մատուտակի կոճղարմատ, վաղենակի ծաղիկ (4։4։4։3։3։2)։ Մեկ ճ/գ հումքը 5 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 60-70-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ։

Մանրացրեք և խառնեք կատվալեզու եռաբաժնի խոտ, կատվախոտ բժշկականի և մատուտակի արմատներ, ձիաձետի, ուրցի, մանուշակ եռագույնի, խնկածաղկի, եղինջի խոտեր, երիցուկի ծաղիկ (3։3։2։2։2։2։2։2։2)։ Մեկ ճ/գ հումքը 5 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 60-70-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ։

  •  Լվացած կարտոֆիլը (կլեպով) անցկացրեք հյութաքամիչով։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից և ճաշից առաջ։ Ամեն անգամ պատրաստեք թարմը։
  • 2 ճ/գ մանրացրած հազարտերևուկի ծաղիկները 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Միաժամանակ հազարտերևուկի թուրմով լվացեք վերքերը։
  • 2 ճ/գ չիչխանի տրորած պտուղները 3 րոպե թրմեք 200 մլ եռջրում, կիպ փակեք կափարիչով։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
  • Մանրացրեք և խառնեք 1 թ/գ օշինդր դառի խոտ, 1-ական ճ/գ եղեսպակ դեղատնայինի, ջղախոտ մեծի, եղինջ երկտունի տերևներ և եգիպտացորենի մազմզուկ, 3-ական թ/գ հազարտերևուկի, սրոհունդ խոցվածի, ձիաձետ դաշտայինի խոտեր։ Հումքի 1 ճ/գ-ն թրմեք 300 մլ եռջրով` ջերմապահի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Մաշկի քոր. 10 գրամ ընկույզի մանրացրած (փոշիացրած) կեղևին ավելացրեք 100 մլ 70-տոկոսանոց էթիլային սպիրտ։ Թրմեք 5 օր, քամեք եռաշերտ թանզիֆով, ավելացրեք հավասար քանակի 4 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ։ Քորի դեպքում ոգեթուրմը քսեք մաշկին։

  •  Ակնամոմի ջուրը (1։2) նույնպես օգտակար է մաշկային հիվանդությունների դեպքում։ Խմեք 30-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 4 շաբաթ։

Քորը թեթևացնող. Խմեք եղինջ երկտունի, կատվալեզու եռաբաժնի, ձիաձետ դաշտայինի, կեչու տերևների թուրմը (1 թ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում)։

  •  100 գ կարտոֆիլի քերուկին ավելացրեք 1 թ/գ մեղր։ Խառնուրդը 1 սմ հաստությամբ տարածեք թանիզիֆե անձեռոցիկին, պահեք 2 ժամ վնասված հատվածին։ Մաքրելուց հետո տեղադրեք թարմ պատրաստված քերուկ։ Կրկնեք օրը 2 անգամ։
  • Դրեք եղերդակի վերգետնյա մասի խյուսով թրջոց։ Միաժամանակ խմեք խոտի թուրմ.
  • Չորացրած, փոշիացրած խոտը և ծաղիկը (4։1) 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` ուտելուց 1-1,5 ժամ առաջ։
  • Խառնեք 100 գ թարմ կաղամբի քերուկը 1 հում ձվի սպիտակուցին` օրը 1-2 անգամ տարածեք վերքին։
  • Եփեք կաղամբի մի քանի տերև կաթի մեջ, օրը 1-2 անգամ դրեք վերքին։ Օգտագործեք թարախային էկզեմայի դեպքում։
  • Փոշիացրեք մատուտակի արմատը, խառնեք հալեցրած կենդանական (լավ է` խոզի ներքին) յուղի հետ (1։4)։ Քսեք վերքերին, չծածկե՛ք։
  • Խառնեք խոզի (սագի) ճարպը և եղևինի եթերայուղը (5։1)։ Քսեք մաշկի հիվանդ հատվածին, ծածկեք թղթով և ամրացրեք։ Փոխեք օրը 2-3 անգամ, շարունակեք 2-3 շաբաթ։

Ձեռքերի էկզեմա` լվացովի քիմիական նյութերից առաջացած. Լուծեք 1 թ/գ կերակրի սոդան 1 լ ջրի մեջ։ Ձեռքերը 15 րոպե պահեք լուծույթի մեջ, զգուշորեն չորացրեք և քսեք գոլացրած ձիթապտղի կամ արևածաղկի յուղ, 30 րոպեից լվացեք։ Նախատեսված է ոչ թարախային էկզեմայի դեպքում։
Ձեռքերի լոգանք. Զելյոնկայի 8 կաթիլ լուծեք 1 լ գոլ ջրում։ Դաստակներն իջեցրեք լուծույթի մեջ, պահեք 5 րոպե, թողեք չորանա (առանց սրբելու), որից հետո քսեք գոլ բուսայուղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս