Բարգավաճի «ռուլետկան»
Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո արժե անդրադառնալ այն հարցերին, թե ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց ԲՀԿ-ն, և ինչպիսի՞ն է լինելու այդ կուսակցության հետագա դերակատարումը Հայաստանի քաղաքական կյանքում:
Թե ի՞նչ կորցրեց ԲՀԿ-ն ու դեռ ի՞նչ կկորցնի, պարզ կդառնա առաջիկայում: Այս պահին կարելի է արձանագրել` կորցրեց իր հարյուր-հազարավոր համակիրների (եթե, իհարկե, ԲՀԿ-ի` սեփական հետևորդների մասին հայտարարություններն ու ԱԺ ընտրություններում այդ ուժին տրված ձայների թիվն արժանահավատ համարենք) զգալի մասի վստահությունը, հավատը, «ուժեղ առաջնորդ ունեցող ուժեղ ուժի» կեղծ ընկալումը, և այլն, և այդպես շարունակ: ԲՀԿ-ի կորուստներն առաջիկայում կարող են շարունակվել` բարոյականից դառնալով ավելի նյութական ու շոշափելի, որքան էլ Ծառուկյանը հրաժարվեց առաջադրվելու որոշումից` նյութականը չկորցնելու նկատառումներից ելնելով:
Բայց քաղաքական զարգացումների տեսանկյունից պակաս կարևոր չէ հարցը` թե ի՞նչ շահեց ԲՀԿ-ն ոչ միայն ու ոչ այնքան՝ թեկնածու չառաջադրելով, այլ ամիսներ շարունակ դառնալով քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը: Խորհրդարանական ընտրություններից հետո դուրս գալով իշխող կոալիցիայի կազմից, ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով ԲՀԿ-ն մաքրվեց 2008 թվականի մարտի մեկի պատասխանատվությունից և «ավազակապետության հիմնասյուներից մեկը լինելու» խարանից: Բանը հասավ նրան, որ Գագիկ Ծառուկյանի անունը ՀԱԿ-ի կողմից հանվեց ոչ միայն Մարտի 1-ին Պաշտպանության նախարարությունից զենք և զինամթերք ստացածների, այլ ընդհանրապես՝ Հայաստանի օլիգարխների ցուցակից: Այլ հարց է` թե որքանո՞վ ՀԱԿ-ին հաջողվեց ամբողջությամբ մաքրազերծել ԲՀԿ-ին, սակայն, եթե անգամ մեկ քաղաքացու գիտակցության մեջ դա տեղի ունեցավ, ապա դա ԲՀԿ-ի համար կարելի է համարել մեծ ձեռքբերում:
Ինչպե՞ս կդասավորվի ԲՀԿ-ի հետագա ճակատագիրը, այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է միայն այն, որ եթե ԲՀԿ-ն վերջնականապես չկազմաքանդվի, ապա 2012 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած՝ ծառայելու է 2018 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրմանը (եթե, իհարկե, մինչ այդ ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, և դա տեղի չունենա ավելի շուտ): Այն պարզ պատճառով, որ եթե ԲՀԿ-ն շարունակի մնալ՝ որպես այլընտրանք ՀՀԿ-ին, ապա Ռոբերտ Քոչարյանն էլ հանդես է գալու՝ որպես Սերժ Սարգսյանի այլընտրանք:
Պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի` չառաջադրվելու մասին որոշման նախօրեին ԲՀԿ-ական շրջանակներից տեղեկություններ տարածվեցին, որ իրենց առաջնորդը հորդորել է պատրաստվել 2017-2018 թվականների ընտրություններին:
Բնականաբար, այս ամենը հասկանում և հաշվարկում է նաև իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հետևաբար՝ առնվազն չի բացառվում, որ իշխանությունը ոչ թե երախտագիտություն հայտնի ԲՀԿ-ին այս ընտրություններում թեկնածու չառաջադրելու և «որևէ թեկնածուի չսատարելու» համար, այլ առավելագույնս թուլացնի Գագիկ Ծառուկյանին ու նրա կուսակցությանը: Կթուլանա՞ ԲՀԿ-ն, թե՞ ոչ` մեծ մասամբ կախված է իշխանության կամքից: Մասնավորապես ԲՀԿ-ի նյութական և մարդկային բազայի մեծ մասն ապահովող գործարարները կարող են շատ արագ դուրս գալ կուսակցությունից, անգամ՝ մինչև նախագահական ընտրությունները: Նրանք կմնան ԲՀԿ-ում միայն իշխանությունից թողտվություն ու հանձնարարություն ստանալու դեպքում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համեմատաբար շարքային անդամներին, ապա նրանց` կուսակցությունում մնալ-չմնալու հարցը մեծապես պայմանավորված է լինելու Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող ֆինանսավորման ծավալներից: «Չեզոքություն պահպանելու համար» Ծառուկյանը ստիպված պետք է լինի ավելացնել, զգալիորեն ավելացնել ֆինանսավորման ծավալները, այլապես հիմնականում նյութական բարեկեցության ակնկալիքով ԲՀԿ-ում հանգրվանած հազարավորները կշտապեն գտնել ավելի անվտանգ ու եկամտաբեր «գաղափարախոսություն»:
Իշխանությունը, բնականաբար, այս հանգամանքը և հասկանում, և հաշվի է առնում և, անհրաժեշտության դեպքում, Ծառուկյանին կարգելի ոչ միայն «կուսակցաշինությանն ուղղվող» գումարի ծավալն ավելացնել, այլև ընդհանրապես ֆինանսավորել կուսակցականներին: Այս իմաստով ավելի շատ մտահոգվելու խնդիր կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը` ընդհուպ կանգնելով նոր քաղաքական ուժ ստեղծելու անհրաժեշտության առջև:
Այս համատեքստում բավական հետաքրքիր է նաև ԲՀԿ-ին ու Ծառուկյանին սպասարկող լրատվամիջոցների հետագա ճակատագիրը: Նոր իրավիճակում ԲՀԿ նախագահը ստիպված է լինելու ավելացնել ոչ միայն կուսակցության շարքերին, այլ նաև «համակիր» մամուլին ուղղվող ֆինանսավորման ծավալները: Իշխանությունը դա ևս կարող է թույլ չտալ, ավելին, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ լրատվամիջոցները ստիպված լինեն փոխել տերերին: