Կադաստրի պետական համակարգն աշխատում է ընդհանուր եվրոպական ստանդարտներով և չափանիշներով

Այս տարի լրացավ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հիմնադրման 15 տարին։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ընթացքում, ի՞նչ զարգացում է ունեցել համակարգը, և ի՞նչ վիճակում է այն այսօր։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի հետ։

– Որքանո՞վ կայացած կարելի է համարել կադաստրի համակարգը անկախության շրջանում։ Ի՞նչ փոփոխություններ կան, հատկապես վերջին տարիներին՝ Ձեր պաշտոնավարման շրջանում։

– Կադաստրի համակարգը Հայաստանում կազմավորվեց 1997թ.։ Մեր հասարակության համար կադաստրի ձևավորումը առաջնային նշանակություն էր ստացել, որովհետև նախկին Խորհրդային Միության Գույքային վարչությունը (Ինվենտբյուրոն) իր բովանդակությամբ արդեն չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Վաղուց հասունացել էր զանգվածաբար սեփականաշնորհվող և շուկայական հարաբերությունների մեջ ներգրավվող անշարժ գույքի հաշվառման խնդիրը։

Պետության կողմից մեծ աշխատանք կատարվեց հանրապետությունով մեկ, արդյունքում 5-6 տարիների ընթացքում հաջողվեց զրոյից ձևավորել կադաստրի գործող համակարգը Հայաստանում, հնարավորություն տալով վերջապես հիմք դնել անշարժ գույքի ոլորտում քաղաքացիաիրավական հարաբերություններին, պետականորեն հաշվառել ու գրանցել այդ գույքը, բերել այն հարկման դաշտ։ Այդուհանդերձ, արդեն նոր դարում և հազարամյակում ուսումնասիրությունները (այդ թվում՝ արտասահմանյան փորձագետների կողմից անցկացված) ցույց տվեցին, որ մեզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կադաստրի պետական կառույցներում հետ էր մնում միջազգային չափանիշներից։

Կարդացեք նաև

Անհրաժեշտություն էր առաջացել համակարգային փոփոխություններ կատարել՝ գործառույթների որակի և արդյունավետության, համակարգի գործունեության թափանցիկության ապահովման, վերջապես՝ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Այլապես կարող էինք անհույս հետ ընկնել։ Մեր կողմից մշակված և ներկայացված համակարգային բարեփոխումների ծրագիր-հայեցակարգը կառավարության հավանությանն արժանացավ 2011թ. նոյեմբերին։ Մեկ տարվա ընթացքում ՀՀ ազգային ժողովի և կառավարության քննարկմանը ներկայացվեցին և Արդարադատության նախարարությունում գրանցվեցին մոտ 100 նորմատիվային ակտեր, այդ թվում և` ընդունվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նոր շարադրանքը։

Արդյունքում, 2012թ. հունվարի 1-ից համակարգը սկսեց գործել բոլորովին նոր աշխատակարգով։ Մինչ այդ, գույքի հետ առնչվող բոլոր գործառնություններն իրականացվում էին նախկին շրջանների տարածքներում գործող 50 գրասենյակների կողմից (9-ը՝ Երևանում)։

Այսօր, բարեփոխումների արդյունքում, դրանց փոխարինում են ընդամենը 10 տարածքային ստորաբաժանումներ, և մեկը՝ Երևանում։ Նպատակն այն էր, որ օպտիմալացմանը զուգահեռ, սպասարկումը շատ ավելի հարմար և մատչելի դառնա քաղաքացիների համար։ Օրինակ, հունվարի 1-ից արդեն քաղաքացին կարող է գույքի գրանցման համար դիմել և փաստաթղթերը ստանալ ցանկացած տարածքային գրասենյակում՝ այն այլևս պարտադիր կապված չէ գույքի տեղակայման վայրի հետ։

Ասենք, Սյունիքի բնակիչը կարող է իրենց մարզում դիմում ներկայացնել, Երևանում գրանցումը ստանալ, իսկ գրանցման վերաբերյալ փաստաթուղթը, վկայականը վերցնել մեկ այլ գրասենյակից։ Այս աշխատակարգով վերացվեց նաև քաղաքացիների շփումը անմիջապես գրանցող մասնագետի, պաշտոնյայի հետ, բացառելով գործարքում կոռուպցիայի հնարավորությունը։ Իսկ էլեկտրոնային ստորագրություն ունեցողները կարող են դիմումները կադաստրի մարմին ներկայացնել ընդհանրապես առանց անձամբ այցելելու, առցանց՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով։

Աշխատանքների որակական նոր մակարդակի ապահովման հիմքը տեղեկատվական ողջ բազայի թվայնացումն էր, որի հիմնական մասն իրականացվեց երկու տարվա ընթացքում՝ 2010-2011թթ.։ Այսօր արդեն ունենք կադաստրի ընդհանուր կենտրոնացված էլեկտրոնային բազա, որ պարունակում է 34,2 մլն փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններ՝ 61,1 մլն էջ ծավալով, բոլորը տեսաներածված և թվայնացված։ Այս ամենը պահվում է 2 առանձին վայրում՝ արխիվի վնասումը կամ ոչնչացումն բացառելու նպատակով։ Եթե նախկինում փաստաթղթերը միայն թղթային տարբերակով էին, այսօր դիմումը ստանալու պահից դրանք էլեկտրոնացվում են։ 2013-ից արդեն համակարգի ընթացիկ գործառույթներն ամբողջովին, 100%-ով իրականացվելու են՝ հիմնվելով էլեկտրոնային արխիվի տվյալների վրա, թղթային արխիվին դիմելով միայն բացառիկ դեպքերում։

Քաղաքացիների սպասարկումը դյուրացնելու, բյուրոկրատական շփումները, քաշքշուկները, ինչպես նաև գանձվող վճարումներն առավելագույնս կրճատելու նպատակով վերացվել է նաև` նոտարական վավերացման անհրաժեշտությունը։ Այսօր առուվաճառքը ձևակերպելիս և այլ գործարքներ կատարելիս քաղաքացուն բավական է ընդամենը կադաստրի մարմնում լրացնել կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևը։ Գործարքներում պակասել է մեկ միջանկյալ օղակ՝ նոտարը։ Սկսել ենք նաև քարտեզագրման աշխատանքների ավտոմատացման և ընդհանուր էլեկտրոնային բազայի ձևավորման հետ կապված ծրագրերի գործարկումը։

Այն նախատեսվում է ավարտել 2013-2014թթ.։ Այսպիսով, ինչպիսի՞ն է վիճակն այսօր։ Երբ ես նշանակվեցի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ, մինչև 2012 թ.-ն իմ ընդհանուր աշխատաժամանակի մոտ կեսն անցնում էր հեռախոսազանգերին պատասխանելու վրա՝ գույքը գրանցել, բաժանել, ընդունել, գործը հունի մեջ գցել, և այլն, և այլն։ Այսօր դա իսպառ վերացել է։ Դաշտն այնքան բաց և մատչելի է դարձել, որ ոչ մեկի մոտ այլևս խնդիր չի առաջանում։ Դիմում են գրասենյակ, առանց գրանցող մասնագետի հետ հանդիպելու, երկու կամ երեք օրից ստանում են պատասխանները։ Էապես պակասել են ահազանգերն ու բողոքները։ Ավելին՝ 3 տարի առաջ Կադաստրի պետական համակարգում դիմումների 35-40%-ը մերժվում էր։ Տեսեք՝ ինչ հետաքրքիր տեղաշարժ է արձանագրվել այստեղ. 2010-ին մերժումների քանակը կազմեց 10%, 2011-ին՝ 7,9%, այս տարի արդեն՝ 5,5% է։ Այդքան քաղաքացիներ այլևս կրկնակի-եռակի անգամ չեն դիմում, ժամանակ կորցնում։ Համակարգը ճշգրիտ և հստակ է աշխատում, չհիմնավորված մերժումներ այսօր չեն լինում։ Եվս մեկ բնութագրող հանգամանք՝ նախկինում քաղաքացիների կողմից մոտ 1000-ից ավելի դատական գործեր կար հարուցված կադաստրի մարմինների դեմ։

Այս տարվա առաջին 6-7 ամիսների ընթացքում եղել է ընդամենը 30 հայց։ Այսինքն՝ դատական բողոքարկումներն էլ են մոտ 15-20 անգամ կրճատվել։ Էականորեն բարելավվել են նաև աշխատանքային պայմանները։ Օրինակ, վերջին 10 տարիներին մեր բոլոր տարածքային ստորաբաժանումներում նույնիսկ տարրական վերանորոգումներ չէին կատարվել։ Այսօր կարողացել ենք հասնել նրան, որ ողջ համակարգում առաջնակարգ աշխատանքային միջավայր է ապահովված, հագեցված անհրաժեշտ սարքավորումներով, քաղաքացիների ընդունման, սպասարկման ժամանակակից պայմաններով։

– Համեմատելի՞ է մեր կադաստրի համակարգը մյուս երկրների հետ։

– Իհարկե։ Ամբողջ կադաստրի պետական համակարգն այսօր աշխատում է ընդհանուր եվրոպական ստանդարտներով և չափանիշներով։ Վերջին 2-3 տարիների ընթացքում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման նոր համակարգի, ամբողջական տեղեկատվական բազայի ստեղծման և մյուս իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր մեր կառույցն, ըստ էության, հավասարվում է եվրոպական լավագույն կառույցներին։ Համաշխարհային բանկի «Doing business» վերջին տարիների զեկույցներում, 183 երկրների շարքում անցկացված հետազոտությունների համաձայն` ՀՀ-ը անշարժ գույքի գործարքների իրավական ձևակերպման մատչելիության ցուցիչով եղել է առաջին հնգյակում։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի կողմից կադաստրի վարման հայաստանյան մոդելը համարվել է օրինակելի ՝ անցումային շրջանում գտնվող երկրների համար։ Անցյալ ամիս Վրաստանի մայրաքաղաքում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարության GITI 2012 համաժողովում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն երկու առաջին կարգի մրցանակ շահեց, այդ թվում մեկը՝ «Լավագույն տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում։

– Անշարժ գույքի հաշվառման և կառավարման համակարգն ավանդաբար կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտ է համարվել։ Ի՞նչ է արվում դա բացառելու ուղղությամբ։

– Սա շատ կարևոր է։ Այսօր պետական քաղաքականության մեջ հստակ դրսևորվում են հակակոռուպցիոն պայքարի աճը, կոռումպացվածության զսպման միջոցառումները։ Իմ նշանակման հենց առաջին օրից, առաջին իսկ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հստակ խնդիր է դրվել՝ ամեն ինչ անել համակարգում կոռուպցիոն ռիսկերն էապես կրճատելու, դրանց հիմքերը վերացնելու ուղղությամբ։ Որակով ծառայություն մատուցել, ստեղծել այնպիսի համակարգ, այնպիսի աշխատանքային միջավայր ու պայմաններ, կատարել օրենսդրական, նորմատիվային դաշտի այնպիսի փոփոխություններ, որոնք կապահովեն առավելագույն թափանցիկություն և նվազագույնի կհասցնեն, կբացառեն կոռուպցիոն դրսևորումները համակարգում։

Եթե ուշադրություն դարձնեք թվարկածս բարեփոխումների ծրագրին, դժվար չէ նկատել, որ նրանց ենթատեքստում հստակ գծագրվում են հենց հակակոռուպցիոն նպատակները։ Այսօր մեր ցանկացած ստորաբաժանում մտնելիս դժվար չէ համոզվել դրանում։ Իսպառ վերացվել է քաղաքացիների շփումը անմիջապես գրանցող և գործարքը կատարող մասնագետների հետ։ Քաղաքացու համար ընդլայնվել են ընտրության հնարավորությունները, ընձեռվել այլընտրանքի տարբերակներ։

Օրինակ, գույքի չափագրման և տեղազննման աշխատանքները նախկինում կատարվում էին միասնական, պետական մարմնի աշխատակիցների կողմից, որը կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում։ Համակարգային բարեփոխումների ծրագրով, 2012թ. հունվարի 1-ից հետո մեր կողմից նաև չափագրողի (հաշվառողի), գեոդեզիստի, քարտեզագրողի աշխատանքները հանձնվեցին մասնավորին, ինչպես առաջադեմ աշխարհում է։ Այսինքն` քաղաքացին այդտեղ էլ պետական աշխատակցի, որևէ արտոնյալ չինովնիկի հետ չի շփվում, սեփական հայեցողությամբ, ըստ իր հարմարության, ընտրում է իր նախընտրած մասնավոր լիցենզավորված գրասենյակը, որտեղ իրականացվում է չափագրումը և ներկայացվում կադաստրի պետական ստորաբաժանումներ՝ գրանցումը կատարելու։

Այլընտրանքի առկայությունը նպաստում է տվյալ գործառույթների իրականացման համար նվազագույն շուկայական գների հաստատմանը, այս նպատակով զուգահեռաբար ապահովել ենք «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից նույն աշխատանքների առավել մատչելի, կայուն գներով իրականացումը։ Նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն էր ուղղված այս տարվանից մեր համակարգում աշխատավարձերի բարձրացումը մոտ կրկնակի անգամ` դրանով նաև թույլ տալով խստացնել աշխատանքային կարգապահությունը և սպասարկման որակի ուղղությամբ ներկայացվող պահանջները։

Կոռուպցիայի կտրուկ կրճատումը մեր ժամանակի պետական քաղաքականության հիմնական բնութագրականներից է դարձել, որ պահանջում է լուրջ ջանքեր, կամք և հետևողականություն: Շատ պատասխանատու հայտարարություն է, բայց ես ուրախ եմ, որ այսօր կարող եմ վստահորեն արձանագրել՝ կոռուպցիայի վերացման ուղղությամբ մեր առջև դրված նպատակներին մեր համակարգում կարողացել ենք հասնել մեծապես։ Եթե չասեմ՝ այսօր մեզ մոտ կոռուպցիան ընդհանրապես բացառված է, համենայն դեպս, դրա հնարավորությունը լիարժեք մինիմումի է հասցված։

– ՀՀ-ում գյուղատնտեսական հողերի շարքից դուրս գալու մասին շատ են խոսակցությունները։ Հողերի կարգայնության փոփոխություններն այս կոնտեքստում որքանո՞վ են հաստատում այդ փաստերը։ Ո՞րն է ընդհանուր միտումը՝ հողերի կադաստրային արժեքի իջեցումնե՞րն են գերազանցում, թե՞ բարձրացումները։

– Հողերի նպատակային նշանակության, հողերի կատեգորիաների հարցերով զբաղվում է կառավարությունը։ Շահագրգիռ գերատեսչությունների և մասնագետների ընդգրկմամբ, 2011-ին ձևավորվել է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա կառավարությունը կայացնում է որոշումները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ։ Հողատեսքերի կարգայնության փոփոխության հարցում ընդունված է յուրահատուկ տրամաբանական կարգ, ըստ այդմ՝ ավելի բարձր արժեքից դեպի ցածրը փոխանցման գործընթացն իրականացվում է կառավարության կողմից (հիշյալ հանձնաժողովի միջոցով), իսկ թանկացումը (հողատեսքի կարգի բարձրացումը) կատարվում է համայնքի կողմից՝ համայնքի ղեկավարի որոշմամբ։

Հողատեսքերի նշանակության և կարգայնության փոփոխությունները բազմազան պատկեր են ներկայացնում։ Հանրագումարում գերակշռում են ցածրարժեք հողատեսքերի ավելի բարձրարժեքի փոխադրումները։ Ինչ վերաբերում է հողի կադաստրային արժեքների հիմնավորման, հետևաբար և` հողի հարկի նշանակման խնդիրներին, դրանք ձևավորվում են հողի պիտանելիությունից ելնելով։

Դժբախտաբար, հողի մոնիտորինգի մասով վերջին 10-15 տարիների ընթացքում պատշաճ ընդգրկման և խորության, լուրջ աշխատանքներ չեն կատարվել։ Մեկ ամիս առաջ ՀՀ նախագահի կողմից հանձնարարվեց ներկայացնել մեր մոտեցումներն այս հարցում։ Կատարված հաշվարկների համաձայն, հողերի ժամանակակից մեթոդներով և տեխնոլոգիաներով մոնիտորինգի անցկացումը ՀՀ-ում կպահանջի շուրջ 2-3 տարիների հագեցած աշխատանք և լուրջ ներդրումներ (մոտ 1 մլրդ 200 մլն դրամի կարգի)։ Այդ աշխատանքների անցկացումից հետո հնարավոր կլինի սպառիչ բնութագրել հողերի պիտանիության աստիճանը, ստանալ ավելի արդարացված հողի կադաստրային արժեք, ըստ այդմ՝ հարկեր, պայմաններ ստեղծել հողի քաղաքակիրթ շուկայի ձևավորման համար։

– Կադաստրի կոմիտեն իրականացնում է նաև անշարժ գույքի գների մշտադիտարկումը՝ մոնիտորինգը։ Ինչպիսի՞ն են անշարժ գույքի գների միտումները մեզ մոտ, և եթե հնարավոր է՝ Ձեր կանխատեսումները։

– Այս դիտարկումների արդյունքները մենք ներկայացնում ենք յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի և տարվա կտրվածքով։ 2012թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի գները Երևանում մի փոքր նվազել են, մոտ 2%-ի չափով։ Անհատական բնակելի շենքերի մասով 2011-ի համեմատ նվազումն ավելի պակաս է՝ 1 տոկոս։ Մարզերում, ընդհակառակը, անշարժ գույքի գները մոտ 3%-ով ավելացել են։ Անցած 2-3 տարիների ընթացքում այս ոլորտում գների որոշ նվազում տեղի ունեցավ, իսկ վերջին կես տարին՝ 2011թ. նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, արդեն որոշակի կայունացում է արձանագրում։ Սա համահունչ է երկրում տեղի ունեցող ընդհանուր տնտեսական գործընթացներին։ Կատարված դիտարկումների արդյունքում կարելի է եզրակացնել, որ 2013 թվականին հանրապետությունում անշարժ գույքի շուկան քանակական առումով կունենա աճի միտում, իսկ գնային մասով էական փոփոխություններ չեն լինի։

Տեսանյութեր

Լրահոս