Ազատություն «քաղգործարարներին»
Երեկ ողջ հանրապետության քննարկման թեման Գագիկ Ծառուկյանի որոշումն էր՝ չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։ Ծառուկյանի՝ չառաջադրման որոշման համար տարբեր պատճառներ են նշվում։
Դրանցից ամենատարածվածն այն է, որ ԲՀԿ առաջնորդի՝ Եվրոպայում գտնվելու օրերին իշխանությունները «մշակել» են նրա շրջապատի գործարարներին՝ զգուշացնելով, որ առաջադրման պարագայում պետական մեքենան (Ոստիկանություն, Հարկային մարմիններ, և այլն) դուրս կգա նրանց դեմ։
Դե, մնացածն արդեն կարելի է գուշակել՝ Գ. Ծառուկյանը վերադարձել է, նրան բողոքել են, որ իրենց շանտաժ են անում։ Եվ իրեն հավատարիմ մարդկանց «փուռը չտալու» համար` Ծառուկյանը որոշել է չառաջադրվել։
Դժվար է ասել՝ իրականում հենց այդպե՞ս է ամեն ինչ եղել, թե՞ ոչ։ Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, տվյալ պարագայում դա այնքան էլ կարևոր չէ։ Առավել կարևոր է այն, որ Հայաստանում դա համարվում է շատ հավանական տարբերակ։ Որևէ մեկը չի բացառում, որ նման բան կարող է լինել, և ոչ մեկը չի ասում` ինչպե՞ս կարող է նման բան լինել. մեր երկրում գործարարը պաշտպանված է օրենքով, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները։ Որովհետև օրենքը մեր երկրում ընտրողաբար է պաշտպանում քաղաքացիներին, և առաջին հերթին՝ գործարարներին։
Իսկ այս հիվանդագին իրավիճակի խորքային պատճառների մասին բազմիցս է խոսվել` բիզնեսի և քաղաքականության սերտաճումը։ Ընդ որում, այդ սերտաճման անթույլատրելիության մասին բոլորն են խոսում՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ միջազգային կառույցներն ու փորձագետները, թե՛ հենց նույն իշխանությունները։ Իսկ վերջին շաբաթների իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են այդ ճշմարտությունը։ Ավելին, հայաստանյան իրականության օրինակով կարելի է վստահորեն ցույց տալ, որ բիզնեսի սերտաճումն առաջին հերթին վտանգավոր է հենց այն քաղաքական ուժի համար, որին սերտաճել է այդ բիզնեսը։
Օրինակ, եթե Գ. Ծառուկյանի հիմնական ռեսուրսը լինեին ոչ թե փողատերերը, այլ քաղաքական դեմքերը, ապա այս ուժն ավելի քիչ խոցելի կլիներ։ Որովհետև, ինչպես նախկինում ևս բազմիցս նշել ենք, որքան էլ զարմանալի լինի՝ Հայաստանում ամենաանպաշտպան և խոցելի խավը հենց գործարարներն են։ Հատկապես՝ խոշոր գործարարները։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան միլիոնատերերն իրենց հարստությունը դիզելու ընթացքում թույլ են տվել օրենքի բազում խախտումներ։
Ընդ որում, լուրջ խախտումներ, որոնք պատժվում են ոչ միայն Քաղաքացիական, այլ նաև Քրեական օրենսգրքով։ Նրանցից շատերը շարունակում են այդ խախտումները թույլ տալ նաև այսօր։ Ինչո՞ւ չեն պատժվում։ Որովհետև չպատժելն ավելի ձեռնտու է։ Չեն պատժել ու չեն պատժում, սակայն ձեռքի տակ ունեն հատորներով կոմպրոմատներ։ Իսկ դա հզոր զենք է, որը կարելի է ցանկացած պահի օգտագործել։ Այս ամենը հիշեցնում է հին արաբական մի պատմություն։ Մի հարկահավաք արքունական գանձարանից խոշոր գումար է յուրացնում և թաքնվում է։
Լարվածությունից նրա առողջական վիճակը վատանում է, և նա որոշում է արյուն բաց թողնել (հին ժամանակներում դա եղել է տարածված բուժման միջոց)։ Կանչում է իր հավատարիմ բժշկին և արյուն բաց թողնելուց հետո վճարում 10 դինար՝ ընդունված մեկի փոխարեն։ Բժիշկը գոհ գնում է տուն և այդ մասին պատմում իր որդուն։ Որդին որոշում է առիթից օգտվել. նշտարը վերցնում է, գնում հարկահավաքի մոտ և ասում՝ լսել եմ՝ արյուն ես ուզում բաց թողնել։ Վախենալով, որ սա կարող է մատնել իրեն, հարկահավաքը սրան էլ է թույլ տալիս արյուն վերցնել, և վճարում է 10 դինար։
Սա այդ մասին պատմում է փեսային, փեսան էլ նույն կերպ վաստակում է 10 դինար։ Նրա գնալուց հետո հարկավահավաքը ողջ գիշեր մտածում է և առավոտյան գնում թագավորի մոտ։ Պատմում է նրան ողջ եղելությունը և ասում. «Ես քեզնից գողություն եմ արել, բայց ավելի լավ է` դու միանգամից թռցնել տաս գլուխս, քան այդ մարդիկ կամաց-կամաց ինձ արնաքամ անենգ»։
Հայաստանյան գործարարները շատ նման են վերը նշված հարկահավաքին։ Նրանք գերի են ընկել՝ իրենց իսկ գործած սխալների պատճառով։ Եվ այժմ կախվածության մեջ են. ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկացած փորձ նրանց համար կարող է բանտի ուղեգիր դառնալ։ Ընդ որում, ամենևին կապ չունի՝ նրանք այսօր ազնի՞վ են աշխատում, թե՞ ոչ։ Նախկինում կատարված օրինախախտումների վաղեմության ժամկետը դեռ չի լրացել։ Այնպես որ, քաղաքականության մեջ նրանք մխրճվում են ոչ թե սեփական կամքով, այլ սեփականությունն ու ազատությունը պահպանելու ցանկության պատճառով։ Կարելի է ասել, որ Հայաստանում ոչ թե օրենքն է պաշտպանում գործարարներին, այլ գործարարներին պաշտպանում են օրենքից՝ այն մարդիկ, ովքեր օրենքից բարձր են դասում իրենց։
Ընդ որում, սխալ կլինի ասել, թե միայն գործարարներն են մեղավոր այս հարցում՝ թող չխախտեին օրենքը, եթե խախտել են, թող պատասխան տան։
Կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանակ օրենքի խախտումներն անխուսափելի են։ Բիզնեսով (կապ չունի` մե՞ծ, թե՞ փոքր) զբաղվող ոչ մեկի կենսագրությունն անբիծ չէ։ Հիշեք 90-ականները՝ «դախլաների» ժամանակաշրջանը. մեկը հարկերն է թաքցրել, մյուսն` աշխատողների թիվը կամ աշխատավարձը, երրորդը՝ որոշ ժամանակ հարկային դաշտում չի գրանցվել, չորրորդը՝ վաճառել է առանց ակցիզի ծխախոտ, և այլն։ Բոլորն էլ օրենքը խախտել են, պարզապես չափերն են տարբեր։ Եթե այսօր ետ գնան և բոլոր տնտեսվարող սուբյեկտների անցյալը քչփորեն՝ պատժելու հաստատ մտադրությամբ, ապա Հայաստանի տնտեսությունը կփլուզվի, գործարարների 90%-ը դաշտը կլքի։ Այնպես որ, պատժելն ավելի շատ վնաս կտա, քան օգուտ (եթե, իհարկե, նրանք լուրջ հանցագործություններ չեն կատարել)։
Իսկ ո՞րն է ելքը՝ տնտեսական դաշտն առողջացնելու և, միևնույն ժամանակ` տնտեսությունը կոլապսի չենթարկելու համար։ Կան բազմաթիվ դեղատոմսեր։ Դրանցից մեկն, օրինակ, «զրոյական կետից» սկսելն է։ Այսինքն, պետությունը հայտարարում է, որ, ասենք, 2012թ. դեկտեմբերի 31-ը համարվում է զրոյացման օր։ Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտների բոլոր օրինախախտումները, որոնք կատարվել են մինչև այդ ամսաթիվը, ներվում են, և իրավապահ մարմիններն իրավունք չունեն նրանց թույլ տված նախկին խախտումների համար պատասխանատվության ենթարկել (բացառությամբ, իհարկե, ծանր հանցագործության դեպքերի)։ Իսկ 2013թ. հունվարի 1-ից հաստատվում են խաղի նոր կանոններ, որոնք ցանկացած խախտման դեպքում ենթադրում են անխուսափելի և համարժեք պատիժ։ Պարզ ասած՝ պետությունն իրականացնում է լայնամասշտաբ համաներում՝ դաշտն առողջացնելու համար։
Սա պարզապես տարբերակ է, որը կարող է մշակվել և արդյունք տալ։
Սակայն նման բան իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և ցանկություն։ Իսկ նման բան անելու ցանկություն մեր իշխանությունները դժվար թե ունենան, քանի որ դա նշանակում է` հրաժարվել գործարար խավի վրա ազդեցության լծակներից և նրանց ազատություն տալ։ Իսկ դա վտանգավոր է, և, ինչպես ցույց են տալիս վերջին շաբաթների իրադարձությունները, մեր իշխանություններն ամենևին չեն թերագնահատում այդ վտանգը։ Նման դեպքերում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների թիվը կարող է մի քանի անգամ աճել։
Իշխանությունների այսպիսի գործելաոճը պակաս վտանգավոր չէ հենց նույն իշխանությունների համար։ Իշխանությունն իր հերթին` հիմնված է խոշոր գործարարների վրա, որոնք շատ ավելի խոցելի են։ Այսինքն՝ քաղաքական և տնտեսական դաշտի հիմքերը «խախուտ» պահելով՝ իշխանությունը նաև մեծ ռիսկի է գնում, քանի որ իր հիմքերն ավելի «խախուտ» են դառնում։
«168 ԺԱՄ»