ԲՀԿ-ում գլադիատորներ չկան (տեսանյութ)

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումը`չառաջադրվել նախագահական ընտրություններում, առաջացնում է մի քանի հարցեր, որոնց ԲՀԿ-ականները հրաժարվում են պատասխանել կամ պատասխանում են ոչ լիարժեք, փորձում են հերոսացնել և արդարացնել իրենց ղեկավարի պահվածքը: Հենց այդ պատճառով արժե քննարկել այդ հարցերից գոնե մի քանիսը: Առաջինը, թերևս, այն է, թե ինչո՞ւ Ծառուկյանը որոշեց չառաջադրվել, և ինչ հանգամանքների ազդեցության տակ նա կայացրեց այդ որոշումը. չավարտված պատերազմը, Մարտի-1-ի կրկնությունից խուսափելը, և այլն, հաշվի մեջ չեն, քանի որ այդ գործոնները եղել են նաև սրանից մի քանի տարի առաջ, և, եթե Ծառուկյանն այդ գործոնների ազդեցության տակ պետք է որոշում կայացներ, ապա դրա մասին կարող էր հայտարարել առնվազն մեկ տարի առաջ, ինչպես դա արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Գագիկ Ծառուկյանի չառաջադրման հետ կապված կա երկու բացատրություն. առաջինն այն է, որ Ծառուկյանը լավ չէր հաշվարկել իր մանևրելու հնարավորությունը, և համոզված էր, որ կկարողանա խուսափել իշխանության կողմից իր վրա գործադրվող ճնշումներից կամ կկարողանա դիմանալ այդ ճնշմանը: Բայց սա չափազանց միամիտ պնդում է, քանի որ Ծառուկյանը չէր կարող չիմանալ, թե իր ընդդիմախոսներին ճնշելու ինչ լծակներ ունի իշխանությունը, և որն է իր` դիմանալու սահմանը: Ավելի հավանական է այն տարբերակը, որ Ծառուկյանն ի սկզբանե իր վրա էր վերցրել հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու և իշխանության մյուս ընդդիմախոսներին ասպարեզից հեռացնելու ֆունկցիան: Ըստ այդ սցենարի, խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում խաղարկվում էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անհաշտ մրցակցության ներկայացում, որի հանգուցալուծումը պետք է լիներ Ծառուկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, որի ժամանակ նա պետք է փորձեր հաղթել իշխանության թեկնածու, նախագահ Սերժ Սարգսյանին: Նման սցենարի խաղարկման իմաստը կարող էր լինել այն, որ քաղաքական մյուս ուժերը պետք է դուրս մղվեին «տիտանների» պայքարից և հայտնվեին դիտորդի կարգավիճակում, ինչը և տեղի ունեցավ: Եթե այդպես է, ինչո՞ւ Ծառուկյանը չգնաց մինչև վերջ և չառաջադրեց իր թեկնածությունը՝ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին իր նկատմամբ տարած հաղթանակի համար շնորհավորելու նպատակով: Իշխանության նկատմամբ առկա դժգոհությունն իշխանությանը, թերևս, ստիպեց հաշվել, որ եթե անգամ իր կողմից վերահսկելի Ծառուկյանն առաջադրվի, ապա կառաջանա իշխանության թեկնածուի լեգիտիմության խնդիր. հասարակության մի զգալի մասը կհամարի, որ Ծառուկյանը ավելի շատ ձայն էր ստացել, քան Սերժ Սարգսյանը: Նույնիսկ, եթե Ծառուկյանը հրապարակայնորեն շնորհավորի Սերժ Սարգսյանին և նրա հաղթանակը համարի արդար մրցակցության արդյունք, միևնույն է, դրանով լեգիտիմության խնդիրը չի լուծվի: Հնարավոր է նաև, որ իշխանությունը որոշեց մինչև վերջ չխաղարկել Ծառուկյանի գործոնը, քանի որ նա կարող է պետք գալ այլ առիթների համար:

Մյուս հարցը, որ հնչում է Ծառուկյանի չառաջադրման հայտարարությունից հետո, այն է, թե ինչպե՞ս իրենց կդրսևորեն ԲՀԿ-ականները, հատկապես նրանք, ովքեր կողմ էին Ծառուկյանի առաջադրմանը: Առաջադրման կողմնակիցները համարում էին, որ Ծառուկյանը պետք է առաջադրվի ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանին հաղթելու համար, որը նրանք այնքան էլ իրատեսական չէին համարում, այլ իշխանության հետ նոր առևտուր սկսելու նպատակով, քանի որ այն առևտուրը, որ արվել էր 2008թ. նախագահական ընտրություններից հետո, ԲՀԿ-ին այլևս չէր բավարարում: ԲՀԿ-ն ակնկալում էր այս անգամ գործադիր իշխանության կազմում ավելի մեծ մասնաբաժին ստանալ և հասնել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը:

Արդյոք կլինե՞ն Ծառուկյանի որոշումից դժգոհողներ և այդ պատճառով կուսակցությունը լքող մարդիկ: Մեզ հետ զրույցում ԲՀԿ անդամներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, այդ հարցին այսպես պատասխանեց. «Ուզում եմ հիշեցնել, որ համաշխարհային պատմությանը հայտնի է ընդամենը մեկ ստրուկների ապստամբություն` Սպարտակինը, այն էլ նկատի ունենանք, որ Սպարտակը սովորական ստրուկ չէր, այլ մարտական փորձ և վարժանքներ անցած ռազմիկ, ով իր կյանքի մեծ մասն ազատ էր եղել»։

Մյուս հարցն այն է, թե արդյոք ընտրություններից հետո Ծառուկյանի խիստ հավասարակշիռ պահվածքը կգնահատվի՞ իշխանության կողմից: ԲՀԿ միջին նշանակության գործիչները պնդում են, որ նախագահական ընտրություններից հետո, երբ կձևավորվի կառավարությունը, իրենց չեն անտեսի, և խոսում են հինգ նախարարական պորտֆելների մասին: «ԲՀԿ-ն կոմերցիոն պրոյեկտ էր և այդպես էլ չդարձավ քաղաքական: Եթե հարցին նայում ենք կոմերցիայի տեսակետից, ապա միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ բան ԲՀԿ-ն ստան»,- ասում է ստրուկների ապստամբության գիտակ մեր ԲՀԿ-ական զրուցակիցը:

Միակ մարդը, ով իսկապես կարող է հեռանալ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից, Վարդան Օսկանյանն է: Հույս ունենանք, որ գոնե նա չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ իր ներկայացրած կուսակցության ղեկավարը համաձայնության գնաց իրեն փողերի լվացման և այլ խարդախությունների մեջ մեղադրող իշխանության հետ: Եթե, իհարկե, այդ համաձայնության արդյունքում Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվի:

 

Տեսանյութեր

Լրահոս