Ծառուկյանը չեզոքացնում է նաև Օսկանյանին

Երբ խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդամագրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դարձավ այդ ուժի համամասնական ցուցակի երկրորդ համարը, շատերը դա գնահատեցին՜ որպես ապաքաղաքական ԲՀԿ-ն քաղաքական դարձնելու փորձ: Այդ գնահատականն արդարացված էր, քանի որ իսկապես Օսկանյանի անդամակցությամբ ԲՀԿ-ն որոշակի քաղաքական երանգ ստացավ:

Նախկին արտգործնախարարը սկսեց դիրքորոշումներ արտահայտել կարևորագույն գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ հաճախ դրանք դարձնելով լայն քննարկման առարկա: Իհարկե, Օսկանյանի հայտարարությունների ու տեսակետների մեծ մասը ԲՀԿ-ն որակում էր որպես անձնական կարծիք, այդուհանդերձ, նրա գործունեության արդյունքում ԲՀԿ-ն ակամա ներքաշվեց քաղաքական հարթություն, անգամ դարձավ քաղաքական օրակարգ ձևավորող:

Մեծ մասամբ Վարդան Օսկանյանի գործունեության արդյունքն էր, որ ԲՀԿ-ն հանդես եկավ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարմանն անցում կատարելու նախաձեռնությամբ: Եվ բացառված չէ, որ նաև ԲՀԿ-ն «քաղաքականացնելու» համար Վարդան Օսկանյանն արժանացավ «Սիվիլիթասի գործին»` զրկվելով պատգամավորական անձեռնմխելիությունից:
Կարճ ժամանակ առաջ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի:

«Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ և մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, և ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով:

Կարդացեք նաև

Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարել էր  Վարդան Օսկանյանը:
Փաստորեն, Վարդան Օսկանյանի տրամաբանությամբ և ԲՀԿ-ի երեկվա հայտարարությամբ արձանագրվեց, որ կուսակցությունը «չի կանգնել իր թեկնածության վրա»` անկախ այն հանգամանքից, որ ինքը պատրաստ էր իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը:

Անցած մի քանի ամիսների ակտիվ գործունեությունից, այդ թվում՝ վերը նշված հայտարարությունից հետո այսօր Վարդան Օսկանյանը կանգնել է ջրբաժանի առաջ. նա կա՛մ պետք է դուրս գա քաղաքականությունից, կա՛մ պետք է ինքնառաջադրվի` չակնկալելով սեփական քաղաքական ուժի սատարումը:

Դա, իհարկե, հեշտ որոշում չի լինի Օսկանյանի համար, քանի որ որպես անհատ՝ նա կարող է ծիծաղելիորեն քիչ թվով ձայներ ստանալ: Մոտավորապես այնքան քիչ, որքան մարդ էր մասնակցում նրան անձեռնմխելիությունից զրկելու դեմ կայացած բողոքի ակցիային: Դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Սիվիլիթասի» և Օսկանյանի համակիրների բողոքի ակցիան էր: Վարդան Օսկանյանը կարող էր Սերժ Սարգսյանին մրցակից թեկնածու լինել՝ միայն ԲՀԿ-ի թեկնածուի կարգավիճակում:

Սակայն անգամ վերը նշված հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ Օսկանյանը քաղաքականության մեջ մնալու համար պետք է առաջադրի իր թեկնածությունը: Այլապես, լավագույն դեպքում, նրան մնում է վերադառնալ «Սիվիլիթաս» և շարունակել նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Հանթսմանի աջակցությամբ կամ առանց դրա:

Տեսանյութեր

Լրահոս