Ֆլորան անփոխարինելի էր երգարվեստում (լուսանկարներ)
«Ասում են, թե անփոխարինելի մարդիկ չկան, բայց, թերևս, Ֆլորան անփոխարինելի էր, որովհետև նա իր երգարվեստում զբաղեցրեց այն տեղը, որը միգուցե նախապատրաստված էր իր համար և, ցավոք սրտի, այդ տեղը ֆիզիկապես շուտ լքեց: Կարծում եմ, որ Ֆլորան իր երգարվեստով, իր ձայնով, իր կատարումներով այդ տեղը հավերժ է պահպանելու, և միշտ մնալու է այդ տեղում: Մեր սերունդը և հաջորդ սերունդներն անդրադառնալու են Ֆլորայի երգարվեստին, նրա երգացանկին, նրա ընտրած ուղուն, որը վերջին տարիներին միտված էր Ցեղասպանության ճանաչման մեծ գործին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
Խոսելով Ֆլորա Մարտիրոսյան ընկերոջ մասին` Հրանտ Թոխատյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր համարվում էին իրեն հոգեհարազատ մարդիկ՝ Ֆլորան ամբողջ հոգով տրվում էր նրանց և կարողանում էր շատ լավ ընկեր, մտերիմ դառնալ, շատ հարցերում օգտակար լինել, իր ձեռքը մեկնել. «Նա շատ ուշադիր էր իր ընկերների նկատմամբ, անգամ շատ ծանր աշխատանքային պայմաններում միշտ կհիշեր, կզանգեր, կհարցներ որպիսությունը, և այլն: Ֆլորան շատ աշխատասեր էր»:
Մեր այն հարցին, թե Ցեղասպանության ճանաչման դժվարին գործում ովքե՞ր կլինեն Ֆլորա Մարտիրոսյանի սկսած ուղու շարունակողները, դերասանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ գործում Ֆլորան միայնակ էր: Սկիզբը դրեց Ֆլորան, և, կարծում եմ, որ նրա ընկերները, աշակերտները կշարունակեն իր գործը: Պլանները բավականին մեծ էին, նա շատ գործ արդեն իսկ արել էր, կարծում եմ, որ Մայքլ Սթոունն էլ մեծ հաճույքով կշարունակի Ֆլորայի սկսած գործը»: