Հայաստանի ժողովրդավարացման ամենացավոտ չորս խնդիրները՝ ըստ ՀԱԿ-ի

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Ազատության հրապարակից մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի երթի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով նշեց, թե 2008 թվականից սկսած` դեկտեմբերի 10-ը դարձել է մարդու իրավունքների ազատությանն և սահմանադրական իրավունքի վերականգնմանն ուղղված յուրահատուկ հաշվետվություն:

Իր ելույթում Լ. Զուրաբյանն առանձնացրեց մարդու իրավունքների և Հայաստանի ժողովրդավարացման ամենացավոտ 4 խնդիրները: Առաջին խնդիրը, ՀԱԿ համակարգողի խոսքով, Հայաստանի «իշխող ռեժիմի կողմից արդեն 1 տարի 4 ամիս ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելն է»:

«Ինչպես հայտնի է, 2011 թվականին, ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները ազատեցին բոլոր քաղբանտարկյալներին և բանակցություններ սկսեցին ՀԱԿ-ի հետ՝ երկրում ազատ, արդար ընտրություններով, լեգիտիմ իշխանության ձևավորման օրակարգով, որոնք, սակայն վիժեցնելու նպատակով ոստիկանության ուժերով կազմակերպվեց սադրանք՝ ՀԱԿ ակտիվսիտների դեմ: Սրա արդյունքում էլ Տիգրան Առաքելյանը դատապարտված է 6 տարվա բանտարկության, իսկ ևս երեք ակտիվիստներ նույնպես կազատազրկվեն, եթե Սերժ Սարգսյանը հրամայի իր կամակատար Վճռաբեկ դատարանին ուժի մեջ թողնել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների, իսկ իրականում՝ Սերժ Սարգսյանի ապօրինի դատավճիռները: Այսօրվա երթի մասնակիցների անունից պահանջում ենք ազատություն՝ իրենց երազած Հայաստանի համար պայքարող մեր երիտասարդների համար»,- շեշտեց ՀԱԿ համակարգողը:

Երկրորդ խնդիրը Լ. Զուրաբյանի մատնանշմամբ՝ հայ ժողովդրդին սեփական իշխանություն ընտրելու իրավունքից զրկելն է, որի արդյունքում էլ ձևավորվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ԱԺ-ն, որը, ՀԱԿ համակարգողի խոսքով, չի արտահայտում ժողովրդի իրական կամքը: Նա վստահեցրեց, որ «իշխանությունները նույնքան լայնածավալ ընտրակեղծիքների են պատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններում»:

Երրորդ խնդիրը, Լևոն Զուրաբյանի խոսքով, Սերժ Սարգսյանի ռեժիմի վերահսկողության ներքո գործող հեռուստատեսությունն է, որը խախտում է ազատ խոսքի և ազատորեն տեղեկություն ստանալու ժողովրդի իրավունքը: Չորրորդ կետով, նա ամփոփեց քաղաքացիների կյանքի իրավունքի մերժման միտումը, որի ապացույցը նա համարեց «իշխանությունների կողմից կոծկված մարտի 1-ը»:

Այս չորս կարևորագույն իրողություններով ամփոփված նամակը ՀԱԿ կողմից ներկայացվեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և գլխավոր քարտուղարին:

Տեսանյութերն այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս