Երբ իշխանությունը չի պատկանում ժողովրդին, մնացածը տեխնիկայի հարց է՝ բացասական իմաստով. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)
Եթե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նշանակում է՝ դրանց առկայությունը իշխանություններին ձեռնտու է: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀԱԿ երթի ժամանակ այսօր՝ պատասխանելով 168.am-ի հարցին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սովորաբար մարդու իրավունքները պաշտպանվում են օրենքի գերակայությամբ, որոնց կարևորագույն ատրիբուտներից մեկը մարդկանց հավասարությունն է օրենքի առջև: «Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն օրենքի առաջ: Պարզ օրինակ՝ վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին կրակոցներով է հանդես եկել: Եվ, ինչպես տեսնում ենք, որևէ արձագանք չկա: Դուք տեղեկություն ունե՞ք նրա ձերբակալության մասին: Ես էլ չունեմ»,- պարզաբանեց ՀԱԿ պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, հարցի լուծումները պետք է գտնել Սահմանադրական մեխանիզմի մեջ: «Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է, իսկ երկրորդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց երբ իշխանությունը չի պատկանում ժողովրդին, մնացածը տեխնիկայի հարց է՝ բացասական իմաստով: Սահմանադրությունը մեխանիզմ է, որը կամ ամբողջությամբ է աշխատում, կամ ընդհանրապես չի աշխատում: Երբ նրա դետալներից մեկը չի գործում, անիմաստ է մտածել, թե նրա գործունեության ընթացքում կունենանք այն, ինչին սպասում ենք»,- հավելեց նա:
Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա գնահատում եվրոկառույցների աշխատանքը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրինականությունը Հայաստանում պետք է առաջին հերթին ընդունվի հայ ժողովրդի կողմից:
«Կարող են լինել եվրոպացի չինովնիկներ, որոնք տպավորություն ստանան, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ ոչ ոք առանձնապես մտահոգված չէ: Բնականաբար, ինչպես չի կարելի պահանջել որևէ մեկից լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, այնպես էլ որևէ եվրոպացուց չի կարելի պահանջել լինել ավելի շատ Հայաստանի քաղաքացի, քան Հայաստանի քաղաքացին է»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այնուամենայնիվ, այն կարծիքին չէ, թե Եվրոպան պետք է մեզ համար ժողովրդավարություն կառուցի:
Ըստ Փաշինյանի՝ այլ հարց է, եթե Հայաստանը որոշակի մակարդակում կատարի իր բաժին անելիքը, այդ դեպքում՝ գուցե պահանջատիրության իրավունք ձեռք բերենք նաև եվրոպացիների հանդեպ. «Հետևելով քաղաքական վերջին զագացումներին՝ դրանց ֆոնի վրա կարող եմ ասել, որ այս պահին, համենայնդեպս, վիճակն այնպիսին չէ, որ կարող ենք բարձր ձայն ունենալ: 2008 թվականին գուցե այդպես էր կամ մոտ էր, բայց հիմա, ցավոք, այդպես չէ»: