Լևո´ն, դե արի´ էլի (տեսանյութեր)
Ինչպես հայտնի է՝ այսօր կայացավ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթը: Երթը սկսվեց Ազատության հրապարակից, որտեղից ցուցարարները ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլ կոնգրեսականների գլխարությամբ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ քայլուղիով և, իհարկե ոստիկանների ուղեկցությամբ, շարժվեցին դեպի «Էրեբունի պլազա» հյուրանոցի մասնաշենքում գտնվող Եվրոպայի խորհրդի ներկայացուցչություն, որտեղ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը 4 կետանոց նամակ հանձնեց Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) հայաստանյան գրասենյակին:
Նամակը նվիրված էր Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին, մասնավորապես կար անդրադարձ դատապարտված ՀԱԿ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործին: Նշենք, որ մի փոքր ուշացումով երթին միացավ նաև Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, սպասվում էր, որ երթին կարող է միանալ նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի ելույթը կարծես այն տպավորությունն էր, որ բոլորը, հատկապես ՀԱԿ-ի ներկայացուցիչները, սպասում են Տեր-Պետրոսյանին: Սպասման այդ մթնոլորտում Արամ Մանուկյանը նույնիսկ պոռթկաց` կես կատակ, կես լուրջ ասելով. «Լևո´ն, դե արի´ էլի»:
Եթե հաշվի առնենք, որ Լևոն Զուրաբյանն արդեն Ազատության հրապարակում էր, ամենայն հավանականությամբ` Արամ Մանուկյանը նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Սակայն վերջինս այդպես էլ չեկավ, և Ա. Մանուկյանի ու Լ.Զուրաբյանի ելույթից հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի Եվրոպայի խորհրդի ներկայացուցչություն` հանձնելու նամակը:
168.am-ի հարցին` ինչո՞ւ չի եկել Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ «սովորաբար Լ.Տեր-Պետրոսյանը նման երթերի չի մասնակցում»: Իսկ ի պատասխան դիտարկմանը, որ նախորդ տարի մասնակցել էր Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին, Զուրաբյանն ասաց, որ նախորդ տարի բացառություն է եղել:
Մենք նաև հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է այժմ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջությունը, ինչին ի պատասխան Լ.Զուրաբյանն ասաց. «Շատ լավ է, փայլուն»:
Տեսանյութերը 168.am-ի