Ռուսաստանը կարող է ռեզերվացիաներ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար
Հայաստանից դեպի Ռուսաստան միգրացիան կարող է ահագնանալ և հասնել անկանխատեսելի ծավալների: Նման կանխատեսման համար հիմք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՌԴ «Քաղաքացիության մասին» օրենքում: Եթե այդ փոփոխությունն իրականանա, ապա ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Ջաբարովը, Իլյաս Ումախանովը և Վյաչեսլավ Ֆետիսովն առաջարկում են հեշտացնել և պարզեցնել «հայրենակիցների» կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Ըստ ՌԴ գործող օրենսդրության՝ «հայրենակից» են համարվում ոչ միայն ՌԽՍՖՀ նախկին բնակիչները, ովքեր ԽՍՀՄ լուծարման պահին եղել են արտասահմանում և տարբեր պատճառներով չեն ստացել ՌԴ քաղաքացիություն, այլև «այն անձինք, ովքեր հանդիսացել են ԽՍՀՄ քաղաքացիներ, բնակվել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող հանրապետություններում, ստացել են այդ հանրապետությունների քաղաքացիություն կամ չեն ստացել քաղաքացիություն»:
Սակայն առաջարկվող փոփոխությամբ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է նախատեսվում ոչ միայն «հայրենակիցների» համար: Այդ շրջանակն ավելի է ընդլայնված: Նախագծի հեղինակներն առաջարկում են, որ քաղաքացիություն կարողանան ստանալ 18 տարին լրացած այն անձինք, ովքեր կկարողանան ապացուցել, որ իրենք կամ իրենց նախնիները`ուղիղ գծով, հանդիսացել են ոչ միայն ԽՍՀՄ քաղաքացիներ, այլ նույնիսկ բնակվել են Ռուսական պետությունում: Սա նշանակում է, որ ՌԴ պատգամավորները քաղաքացիություն ստանալու իրավունք են ցանկանում տալ նաև Ռուսական կայսրության հպատակներին` լեհերին և ֆիններին:
Պարզ է, որ լեհերը, ֆինները, լատիշները, էստոնացիները և բոլոր այն երկրների քաղաքացիները, ովքեր գտնվում են տնտեսական և քաղաքակրթական ավելի բարձր մակարդակում, քան Ռուսաստանը, դժվար թե գայթակղվեն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությամբ: Բայց Հայաստանի դեպքում նման օրենքի ընդունումը կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ, քանի որ աշխատանքային միգրանտները շատ դեպքերում ստիպված են լինում վերադառնալ Հայաստան` միգրացիոն օրենքների խիստ լինելու պատճառով:
Ընդամենն օրեր առաջ Ռուսաստանի միգրացիոն գործակալությունը հայտարարեց, որ մինչև հունվարի կեսը դադարեցրել է «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագրի գործունեությունը Հայաստանում: Սա արվել էր, իբրև թե, Հայաստանից միգրացիան դեպի Ռուսաստան թուլացնելու նպատակով, հանուն Հայաստանի ազգային շահերի: Թվում է, թե դրա պատճառը Հայաստանի իշխանությունների արտահայտած կոշտ դիրքորոշումն էր. մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն «անընդունելի» էր անվանել այդ ծրագրի իրականացումը: Բայց, եթե նման օրենք ընդունվի, ապա «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագրի իմաստն ընդհանրապես կվերանա: Եթե մինչև հիմա Հայաստանում գործող այդ ծրագրի ներկայացուցիչները համապատասխան փաստաթղթեր էին ընդունում դիմորդներից, ուսումնասիրում նրանց տվյալները, մի հսկայական մասին մերժում քաղաքացիություն տրամադրելու հարցում, ապա այս օրենքի ընդունման դեպքում քաղաքացիություն ստանալու հարցը կարող է լուծվել ավտոմատ ռեժիմով: Մարդն ընդամենը պետք է կարողանա ապացուցել, որ ինքը կամ իր ծնողները եղել են ԽՍՀՄ քաղաքացիներ: Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կամ ինքն է եղել ԽՍՀՄ քաղաքացի, կամ իր ծնողները: Հայաստանում ուղղակի այլ երկրների քաղաքացիներ չէին էլ կարող բնակվել: Չնչին բացառություն են կազմում միայն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Հայաստան են եկել 1992թ. հետո:
Այս օրենքի նախագծի քննարկումը Պետդումայի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովում հետաձգվել է, քանի որ որոշ պատգամավորներ մտավախություն են հայտնել, որ նման փոփոխության արդյունքում ամբողջ Միջին Ասիան կարող է հայտնվել Ռուսաստանում, և հնարավոր չի լինի կարգավորել ներգաղթի ալիքը: Ռուսաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը դեմ է նման օրենսդրության ընդունմանը՝ համարելով, որ ներգաղթյալները մեծացնում են հանցավորության մակարդակը և խլում են իրենց աշխատատեղերը:
Նույնիսկ իշխանությունը ներկայացնող «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորները, ընդունելով, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են, նշել են, թե փոփոխությունները պետք է այնպես իրականացվեն, որ հնարավոր լինի կարգավորել ներգաղթը: Մասնավորապես, Պետդումայի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլիգինն առաջարկել է սահմանափակել այն տարածքները, որտեղ կարող են բնակվել Ռուսաստանի նոր քաղաքացիները: Այսպիսով, Ռուսաստանը կունենա երկրորդ կարգի քաղաքացիներ, որոնց հնարավորություն կտրվի ապրել միայն հատուկ սահմանված տարածքներում` ռեզերվացիաներում: Բայց ՀՀ շատ քաղաքացիներ կգերադասեն ռեզերվացիան՝ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունից:
Պլիգինը հայտարարել է, որ իրենց հանձնաժողովը կվերախմբագրի այս նախաձեռնությունը, և այն առաջիկայում կդրվի Պետդումայի քննարկմանը: