Փորձագետ. Ինչո՞ւ ԵՄ-ն ավելի մեծ դժվարությամբ դուրս կգա ճգնաժամից, քան ԱՄՆ-ը
Ֆինանսական ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ կասկածելի պարտքը կազգայնացվի կամ երբ կկայունանա դրա գնահատականը (և այն կանցնի այն ներդրողներին, որոնք կհամակերպվեն բարձր ռիսկի հետ)։ Վերջին տարբերակն իրականություն դարձավ ԱՄՆ-ում։ Սակայն Եվրոպայում այդ սցենարը կարող է իրականացվել միայն մասնակիորեն։ Project Syndicated-ում այսպիսի տեսակետ է հայտնել Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դանիել Գրոսը։
Ֆինանսական ճգնաժամ առաջանում է, երբ ֆինանսական ակտիվների մեծ մասը դառնում է «թունավոր» կամ ռիսկային, և ներդրողները ցանկանում են դրանցից օր առաջ ազատվել՝ ցանկացած գնով։
Այս տարվա սկզբին Հունաստանի փաստացի դեֆոլթը թուլացրեց ներդրողների վստահությունը։ Եվրոյի գոտու ծայրամասային երկրների պարտատոմսերը դարձան «թունավոր»։ Հաշվի առնելով հունական դեֆոլթի աննախադեպ բնույթը՝ պարտքի շուկայական գնահատականը վերջին ամիսներին հաճախակի փոխվել է։ Բացի այդ, շատ բանկեր իրենց մոտ պահում պահում են այնքան շատ պետական պարտք, որ նրանց անխուսափելի սնանկություն է սպասվում լիարժեք դեֆոլթի դեպքում։ Այդ ամենը հանգեցնում է բանկային համակարգում աննախադեպ անկայունության։
Ֆինանսական ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ կասկածելի պարտքը կազգայնացվի կամ երբ կկայունանա դրա գնահատականը (և այն կանցնի այն ներդրողներին, որոնք կհամակերպվեն բարձր ռիսկի հետ)։
Վերջին տարբերակն իրականություն դարձավ ԱՄՆ-ում։ Ամերիկյան կառավարությունը ձեռք բերեց «թունավոր» ակտիվների մի մասը։ Ժամանակի ընթացքում դրանց գնահատումը ավելի հեշտ դարձավ, քանի որ երկարաձգված հիպոթեկային վարկերի՝ վերջին տարիների վիճակագրությունը ներդողներին թույլ է տալիս գնահատել ռիսկայնության մակարդակը։
Սակայն այդ սցենարը միայն մասնակի կարող է իրականանալ եվրոյի գոտում, որտեղ դեռևս բարդ է ազգայնացնել պարտքը և վերադառնալ ռիսկի նորմալ գնահատականին։ Բանն այն է, որ ազգայնացման գործընթացին խանգարում է ԵՄ համաձայնագրի հոդվածներից մեկը։ Բացի այդ, Եվրոպական կայունացման մեխանիզմի վարկունակությունը չի գերազանցում 700 միլիարդ եվրոն, որը ֆինանսական օգնության կարիք ունեցող երկրների պետական պարտքի միայն մի փոքր մասն է։
Եվրոյի գոտու պետական պարտքը կարող է գնել միայն Եվրոպական կենտրոնական բանկը, սակայն ԵՄ օրենսդրությունը Կենտրոնական բանկին արգելում է որևէ կերպ ֆինանսավորել դեֆիցիտը։ Կան նաև այլ խանգարող հանգամանքներ։ Եվրախորհուրդը արդեն հայտարարել է, Հունաստանի փաստացի դեֆոլթը մնում է որպես ունիկալ և բացառիկ դեպք։ Սակայն պետպարտքի գնահատման հարցում ստատուս-քվոյին վերադառնալու խոստումը անհամատեղելի է նշված սահմանափակումների հետ։ Ավելին, ռիսկը մեծացել է, քանի որ ծայրամասային երկրների բանկերը սկսել են ավելի ակտիվ գնել իրենց երկրների պետական պարտատոմսերը։
Նշված տարբերությունները վկայում են այն մասին, որ եվրոյի գոտում վերադարձը նորմալ շուկայական պայմաններին ավելի դանդաղ կլինի։ Այդուհանդերձ, ճգնաժամը պետք է թուլանա, քանի որ ոչ մեծ ռիսկ ունեցող կազմակերպություններն արդեն ազատվել են ծայրամասային երկրների պարտատոմսերից։ Բացի այդ, Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարեց, որ թույլ չի տա եվրոյի գոտու ապաինտեգրացում։ Այդ խոստումը ներդրողներին որոշ չափով ապահովագրում է ամենամեծ ռիսկից։