Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատ հարցեր է առաջացնում. Վարդուհի Էլբակյան

«Քանի դեռ  Մարտի 1-ի հարցը բաց է, հասարակության մեջ այդ փաստը լուրջ ընդվզումների առիթ կարող է լինել: Ժողովուրդը տեղեկացված լինելու իրավունք ուներ, և պետք է ամեն ինչ արվեր:

Ես ընդունում եմ, որ եղան հանձնաժողովներ, որոնք ցանկություն ունեին ինչ-որ բան անել, բայց դրանք բոլորն անարդյունք էին»,- անդրադառնալով ՀԱԿ նախաձեռնած Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հետաձգմանը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Վերջինս  ոչ միայն հայտնի «Յոթի գործի» փաստաբաններից էր, այլ 2008 թվականից անընդհատ զբաղվել է ընդդիմության ներկայացուցիչների գործերով, բացասաբար է վերաբերվում վերը նշված հանձնաժողովի ստեղծման հետաձգմանը:

«Կարծում եմ, որ հանձնաժողովի ստեղծումը հետաձգելը նպատակահարմար չէր: Մարտի 1-ը 2008 թվականից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար առաջին գերխնդիր էր: Դա բացահայտելով`շատ հարցերի պատասխան կտրվեր, իսկ հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատ հարցեր է առաջացնում»,- ասաց  փաստաբանը:

Ըստ նրա, 2008 թվականից հետո բավարար ժամանակ կար հանցագործությունը բացահայտելու համար, իսկ լրացուցիչ ևս մեկ տարով հետաձգելը նշանակում է՝ հասարակության մեջ նոր հարցերի տեղիք տալ:

Իսկ որքանո՞վ կարելի է նորմալ համարել Հայ ազգային կոնգրեսի այս զիջումը: Վարդուհի Էլբակյանն ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ-ի մարտավարությունը և այդ քայլերին էլ գնահատական տալիս է՝ իբրև իրավաբան, իբրև հայ մարդ: «Կոնգրեսի քայլերը չեմ կարող ոչ  մեկնաբանել,  ոչ բացատրություններ տալ, համենայնդեպս, վերջին ժամանակահատվածում չեմ էլ հասկանում նրանց գործելաոճը»,- նշեց նա:

Այն հանգամանքը, որ ստեղծվելիք հանձաժողովում պետք է միմյանց հետ աշխատեն այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում տարբեր մոտեցումներ են ունեցել նույն խնդրի վերաբերյալ, ըստ փաստաբանի, էական դեր չի խաղա:

«Եթե այդ տրամաբանությամբ վերցնենք, կարելի է ոչինչ չանել, թողնել այնպես, ինչպես որ կար: Տարաձայնություններ նախկինում էլ են եղել: Կոնգրեսը շատ լուրջ տարաձայնություններ ուներ ՀՀԿ-ի հետ, բայց, երբ ստեղծվեց հանձնաժողովը, եղավ Տիգրան Առաքելյանի դեպքը, և բանակցությունները դադարեցին: Բայց եղան զիջումներ, և ինչ-որ պրոցես սկսվեց, ինչ-որ քննարկումներ սկսվեցին: Չենք խոսում այն մասին, թե դա արդյունք տվե՞ց, թե՞ ոչ, այսինքն` եթե ցանկություն լինի, կարող են միասին աշխատել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանն, ով  «Յոթի գործում» ներկայացնում էր  Գրիգոր Ոսկերչյանի շահերը, մեզ հետ զրույցում  ասաց, որ ԱԺ-ում տեղի ունեցած նիստի մանրամասներին տեղյակ չէ, միայն գիտի, որ հարցի քննարկումը հետաձգվել է:

«Ես կարծում եմ, որ ոչ թե մեկ տարի հետո, այլ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի ստեղծման հարցը կարող են բարձրացնել, ես, համենայնդեպս, այդպես գիտեմ, այսինքն` դա կարող է լինել ավելի շուտ, քան մեկտարյա ժամկետը»,- նշեց նա: Հարցին, թե ստացվում է,  որ որևէ արտառոց բան չկա՞ հետաձգման մեջ, Ս.Ոսկանյանը հակիրճ պատասխանեց` կարծում եմ, որ` ոչ:

«Յոթի գործով» փաստաբան  Մելանյա Առուստամյանը ևս ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց` նշելով, որ նախ՝ չի հետևում իրադարձություններին, և բացի այդ՝ ինքը եղել է Մարտի 1-ի քաղբանտարկյալների դատապաշտպանը, բայց տվյալ դեպքում՝ խոսքը սպանությունների բացահայտման մասին է, այնպես որ, իր մեկնաբանություններն այնքան էլ տեղին չեն լինի:

Տեսանյութեր

Լրահոս