Հայաստանյան շուկան ողողված է կեղծ ապրանքներով
«Տելեմարկետի» որոշ ապրանքներ դրանց թվում չե՞ն
Ինչպես օրերս հաղորդեց «Rosbalt»-ը, ԱՄՆ-ում և Եվրոպայում սպառողները օն-լայն տարբերակով ավելի հաճախ են ենթարկվում կեղծ ապրանքներ գնելու ռիսկին, քան խանութներից սովորական գնումներ կատարելու պարագայում:
Ըստ Սպառողների միության նոր զեկույցի, նման ապրանքներ վաճառող կայքերը դրանք գնորդներին առաջարկում են սովորական մանրածախ գնից 25-30-% նվազ գներով: Մասնավորապես պարզվել է, որ օն-լայն խանութների 37 կայքեր վաճառում են «Louis Vuitton», «Coach և Herms» ապրանքանիշերի կեղծված պայուսակներ: Սա ընդամենը մի քանի օրինակ է կեղծված ապրանքների ահռելի ցանկից:
Մեր օրերում վաճառողներն առավել հաճախ են խաբում գնորդներին, ինչի հետևանքով իրական ապրանքանիշերը կորցնում են իրենց բարի անունը, և հայտնի ֆիրմաները կորուստներ կրում: Համապատասխան հետազոտությունը կատարած ընկերության տվյալների համաձայն` այժմ ինտերնետ-խանութները յուրաքանչյուր 5-րդը գնորդի վաճառում են կեղծ ապրանք:
Բնականաբար, հարց է առաջանում, եթե ԱՄՆ-ում և Եվրոպայում, ուր սպառողների օրինական շահերն ու իրավունքներն առավել պաշտպանված են, քան Հայաստանում, այս վիճակն է, ապա ի՞նչ է իրացվում մեր երկրի սպառողներին, թե ինտերնետով կամ հեռախոսով, թե սովորական խանութներից գնումներ կատարելու պարագայում: Որևէ մեկը չի կարող թվերով ու փաստերով, վիճակագրական տվյալներով տալ այս հարցի պատասխանը, քանի որ Հայաստանում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող կամ այդ պաշտպանությունը ստանձնած հասարակական կազմակերպությունները չափազանց թույլ են ու գրեթե ձևական բնույթ ունեն:
Պետական կազմակերպությունները նույնպես իրենց դերում չեն, և թեև կատարած որոշ աշխատանքին, վերը նշվածի ուղղությամբ, ինչպես հկ-ները, համապատասխան ուսումնասիրություն չեն իրականացրել: Այնուամենայնիվ, սպառողների դիմում-բողոքների հետքերով գնալով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը արձանագրել է «Տելեմարկետ» ընկերության վաճառած ապրանքների անորակության բազմաթիվ փաստեր: Դրանք կեղծվա՞ծ են եղել, թե՞ միայն անորակ` դժվար է ասել, քանի որ համապատասխան հետազոտություն, որքան տեղյակ ենք, չի կատարվել: Բացահայտվել է ընդամենը հետևյալը…
2011 թ. հունվարին տեսչությունում ստացված դիմում-բողոքի համաձայն` Երևանում «Տելեմարկետ» ընկերությունից գնված 80.000 դրամ արժեքով փչովի ներքնակներն անորակ են, 2 ամիս օգտագործելուց հետո շարքից դուրս են եկել: Տեսչության միջամտությամբ գումարն ընկերության կողմից վերադարձվել է դիմումատուին, ինչով «Տելեմարկետն», ըստ էության, ընդունել է իր վաճառած փչովի ներքնակների անորակության փաստը:
Ընդամենը երկու շաբաթ անց` 2011 թ. հունվարի 24-ին, տեսչությունում մուտքագրվել է ճիշտ նույնաբովանդակ մեկ այլ դիմում-բողոք` դարձյալ 80 000 դրամ արժեքով փչովի ներքնակների վերաբերյալ, որոնք ընդամենը 2 ամիս օգտագործվելուց հետո շարքից դուրս են եկել: Այս անգամ, սակայն, ընկերության մասնագետների կողմից ներքնակները վերանորոգվել են:
Տեսչությունը «Տելեմարկետի» վաճառած ապրանքի անորակության վերաբերյալ մեկ այլ դիմում-բոքոք ստացել է անցյալ տարվա մարտին: Բողոքը վերաբերվել է 20 000 դրամ արժեքով չորս հատ բանջարեղեն կտրատող սարքերի անորակությանը, քանի որ դրանք չեն կատարել գործողություններ, որոնք գովազդվել են: Ընկերության կողմից գումարը դարձյալ վերադարձվել է դիմումատուին: Իսկ այս տարվա ընթացքում, այն էլ դեռ մինչև հոկտեմբերի 1-ը, տեսչությունը հիշյալ ընկերության վաճառած ապրանքների անորակության վերաբերյալ ստացել է արդեն 7 դիմում-բողոք:
2012 թ. մայիսի 22-ին ստացված դիմում-բողոքի համաձայն` «Տելեմարկետ» ընկերությունից գնված և մթերքների պահպանման համար նախատեսված պլաստմասե տարաներն անորակ են, չեն համապատասխանում գովազդում ներկայացված հատկանիշներին: Ընկերության կողմից գումարը վերադարձվել է դիմումատուին: Ս. թ. հունիսից-սեպտեմբեր ամիսների ընթացքում տեսչությունը 5 դիմում-բողոք է ստացել «Տելեմարկետ» ընկերության կողմից 20-21 հազար դրամով վաճառված Դերմա-Սետա էպիլյատորի որակի վերաբերյալ, քանի որ այդ սարքի իրական հատկանիշները չեն համապատասխանել գովազդում ներկայացված հատկանիշներին:
Վերոնշյալ բոլոր դեպքերում էլ էպիլյատորի դիմաց վճարված գումարը ընկերության կողմից վերադարձվել է դիմումատուներին, իսկ ևս մեկ նույնաբովանդակ դիմում-բողոքից հետո, որ տեսչությունը ստացել է 2012 թ. սեպտեմբերի 25-ին, ընկերության մասնագետների կողմից սարքը վերանորոգվել է: Թե քանի օր, ամիս կամ տարի այն լիարժեք կծառայի տիրոջը, դժվար է ասել, բայց նշված էպիլյատորի անորակության վերաբերյալ դիմում-բողոքների նման մեծ քանակը, բնականաբար, տեղիք է տալիս կասկածների, որ դրանք արտադրողի կողմից կեղծված ապրանքներ են, այսինքն` իրական…
Արթուր Հովհաննիսյան
«Փաստինֆո»