Ինչո՞ւ պարոն Մինասյանը չի անդրադարձել Հ1-ի սադրիչ լուսաբանումներին

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած բուհերի Հայոց պատմության դասագիրքը բուռն քննարկումների տեղիք տվեց 2008 թվականի մարտի դեպքերի, մեղմ ասած, աղավաղված ներկայացման պատճառով:

Դասագրքի շուրջ ստեղծված աղմուկի և այլ հարցերի վերաբերյալ է մեր զրույցը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ: Նրա տեսակետը հետաքրքիր է ոչ միայն՝ որպես ակտիվ հասարակական-քաղաքական գործչի կարծիք, այլ նաև այն առումով, որ 2008թ. մարտի 1-2-ին տիկին Բախշյանը եղել է իրադարձությունների կենտրոնում, հասարակության կողքին, իսկ այսօր աշխատում է Կրթության համակարգում, իսկ նշված դասագիրքը հաստատվել է Կրթության նախարար, Ա. Բաշխյանի ղեկավար Արմեն Աշոտյանի կողմից:

–  Դասագիրքը շատ իրավացի աղմուկ առաջացրեց հասարակության մեջ, որովհետև մեր աչքի առաջ տեսանք, թե ինչպես է խեղաթյուրվում պատմությունը:  Արդեն հայտնի է, որ խոսքը Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ այդ դասագրքում տեղ գտած որակումներն են մեր ժողովրդի վերաբերյալ:

Կարծում եմ` պատմությունը` որպես գիտություն, պատմաբանը` որպես պատմության կերտող, երբեք պետք է չփորձի իր տարբեր գնահատականներով կողմ կամ դեմ խոսել ժամանակի, իրականության վերաբերյալ, և ամենակարևորը` գնահատականներ տալ: Ինքը պետք է նկարագրի պատմությունը, և ես` որպես ականատես այդ դեպքերի, բոլորովին համաձայն չեմ այդ նկարագրությանն ու դեպքերին, որովհետև այն, ինչ ես տեսել եմ, ժողովրդի ընդվզումն է տեղի ունեցածի, ընտրությունների կեղծիքների արդյունքում առաջացած ժողովրդական ըմբոստության  դեմ:

Կարդացեք նաև

Կարծում եմ` կգա մի օր, երբ հենց պարոն Մինասյանը` որպես օրինակ, իր ուսանողներին կպատմի, թե ինչպես է ժողովուրդն ընդզվում, երբ  երկրում տեղի են ունենում տարբեր տեսակի անարդարություններ` այնպես, ինչպես հիմա ինքը 88-ի Ազատության հրապարակի հարյուր-հազարավոր Խորհրդային Միության մեր քաղաքացիների բողոքը՝ շատ ոգևորությամբ, հուսամ,  ներկայացնում է` որպես ժողովրդի ըմբոստության ալիք:

Հետևաբար, միանշանակ ասում եմ, որ այդ դասագրքերի համահեղինակների խումբը կարող է վերանայել և փոխել այդ գնահատականները` այնպես, ինչպես դա արել են 2011թ. ավագ դպրոցի հայոց պատմության դասագրքում: 2011թ. ավագ դպրոցի հայոց պատմության դասագրքի պատրաստմանը մասնակցած այդ պատմաբանների խումբը,  մասնավորապես՝ պարոն Մինասյանը,  գրել է հետևյալը.

«Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ  շարունակվող հանրահավաքներ սկսեց: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2 հանգեցրեց ողբերգական դեպքերի, տեղի ունեցան բախումներ Ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ»: Այսինքն` պատմությունն այսպես է ներկայացվել, որը շատ ավելի ընդունելի է, քան այն դասագիրքը, որ հրատարակել են ուսանողների համար:

Պատմաբանները պետք է ոչինչ չգրեն որևէ քաղաքական իշխանության դեմ կամ կողմ: Նրանք պետք է գրեն այն, ինչ պատմությունն է պահանջում, որովհետև դա գիտություն է, և ես չէ, որ պետք է ասեմ, և ես չէ, որ պետք է հորդորեմ: Այնպես որ, դասագրքում տրված ձևակերպումները միանգամայն չեն արտահայտում օբյեկտիվ պատմությունը: Եթե պարոն Մինասյանը կարծում է, որ վերցրել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նյութերից , ապա այնտեղ կան նաև Մարտի 1-ի դեպքերի  եզրակացությունները: Այդ դեպքում թող այդ եզրակացությունները ևս գրեր, որտեղ մի շատ կարևոր կետ կա, որ ողբերգությունը հրահրվեց նաև Հ1-ի սադրիչ լուսաբանումներով:

– Դասագիրքն արդեն հաստատվել է, ինչի մասին ՀՀ կրթության և գիտության նախարարն էլ բավական մեղմ արտահայտվեց, մյուս կողմից էլ` Էդիկ Մինասյանը նշեց, որ դասագրքի նյութերի աղբյուրը  բացառապես եղել է ԱԺ փաստաթղթային արխիվը: Այս պարագայում ի՞նչ պետք է անել:

– Դա իշխանության տեսակետն էր: Թող նա օգտվեր փաստահավաք խմբից, «Human rights watch»-ի գրքից, որտեղ ամբողջ պատմությունը րոպե առ րոպե գրվել է: Դասագրքում պատմությունը միակողմանի է ներկայացվել: Ինձ թվում է` այդ ճնշումներից հետո պետք է, այսպես ասած, լրջանան և մտածեն դասագիրքը վերափոխելու մասին:

– Դա ենթադրո՞ւմ է, որ դասագիրքն իշխանությունների պատվերն էր:

– Եթե ազատություն չկա մարդու մտածելակերպի մեջ, պարտադիր չէ, որ իրեն ասեն՝ այսպես գրի: Որովհետև, ինչպես ես կարդացի, 2011թ. հրատակարած դասագրքում շատ զուսպ է գրված: Կա գիտնականների մի տարիք, որը չի կարող ինքնուրույն, ազատ, անկաշկանդ մտածել: Ինքը մտածում է իշխանության տեսակետից:

– Այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

– Պետք է ուժ գտնեն իրենց մեջ և ասեն, որ պետք է վերանայել: Հաջորդ հրատարակումը թող նորմալ լինի:

– Իսկ իշխանություններին ձեռնտու կլինի՞ Մարտի 1-ի համակողմանի ներկայացումը:

– Ինձ չի հետաքրքրում, թե իշխանություններին ձեռնտուէ կամ ձեռնտու չէ: Ինձ հետաքրքրում է այն, որ մեր երիտասարդներն ունենան ճիշտ ինֆորմացիա տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Չեմ կարծում, թե իշխանությունը հատուկ զանգ է տվել և ասել, թե՝ այսպես գրեք: Նրանք այդպես գրել են, իսկ իշխանություններին էլ ձեռնտու է եղել դա, և լռել են, բայց այդ մարդիկ այդպես են մտածում: Այդ դասագրքից հետո նրանք գրել էին հայոց պատմության դասագիրք ավագ դպրոցի համար, որտեղ  այդ նույն երևույթը նկարագրել էին շատ լուրջ` պատմության համար առանց գնահատականների: Դա նշանակում է, որ իրենք իրենց հարցեր են տվել, և երկրորդ դասագիրքն արդեն բոլորովին այլ տեսքով են գրել:

Տեսանյութեր

Լրահոս